«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2007-11-09 | #207, 2007-11-10 | #208, 2007-11-13


ԿԱՐԴՈՒՄ ԷՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆԸ

«Երկար, շատ երկար բացակայությունից հետո ես նորից իմ երիտասարդ տարիների քաղաք Գյումրիում եմ, որտեղ մեծացել եմ, որտեղ գտել եմ ինքս ինձ»: Իր կատարմամբ պոեզիայի երեկոն Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմում այս խոսքերով սկսեց ասմունքի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը, ում խոսքի մաքուր գրական հնչման մեջ էլ տակավին կարելի է որսալ շիրակյան ծագման չջնջված արձագանքներ: Չնայած հնարավոր որոշ մտավախությանը, թե քաղաքական անդուլ հարայհրոցների, ճնշող առտնին հոգսերի եւ հեռուստաէկրանային թռի-վռի «արվեստի» տիրապետության մեր օրերում արդյոք շա՞տ մարդ կգա քնարական բանաստեղծություններ լսելու, Վլադիմիր Աբաջյան անունը թերեւս բավական էր, որ դահլիճը լի լիներ հանդիսատեսով` ինչպես ավագ ու հատկապես միջին տարիքի, այնպես էլ, նույն չափով, երիտասարդ հանդիսատեսով:

Իսկ Աբաջյան-արվեստագետը հավատարիմ էր մնացել իր միշտ նախընտրած բանաստեղծներին ու «ասելիքով գործերին»` սկսած Թումանյանից, Իսահակյանից, Տերյանից ու Չարենցից մինչեւ Շիրազ, Պարույր Սեւակ, Համո Սահյան, Վահագն Դավթյան ու Սիլվա Կապուտիկյան: Արտիստը քնարական հույզին ինչ-որ տեղ խորթացած հանդիսատեսի ականջներին բանաստեղծական խորունկ խոսքի բալասանն էր կաթեցնում` քիչ առ քիչ կենդանացնելով ու ջերմացնելով դահլիճը... Ու մտածում էիր` այդ բալասանը երբեմն որքա~ն օգտակար կարող էր լինել նաեւ մեր քաղաքական ու կառավարող այրերի ունկերին:

«Ինձ ոգեւորողը մեր բանաստեղծների իմաստուն խոսքերն են ու իմ ժողովրդի սերը», վերջում ասաց Վարպետը, երբ արդեն դահլիճն իրեն ծափահարում ու լսում էր հոտնկայս:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4