Այնթապի Զորավար Արամ եւ Հասմիկ Կարամանուկյանների անվան միջնակարգ դպրոցում հիշատակի ցերեկույթ էր` նվիրված մանկավարժ, խմբավար Գեւորգ Գանտահարյանի հիշատակին: Գանտահարյանի անունը կրող հանդիսությունների դահլիճը լի էր աշակերտներով եւ ուսուցիչներով: Հիշատակը հավերժացնելու առիթով դպրոց էր եկել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
«Ուրախ եմ այս դահլիճում տեսնելու հայի երջանիկ աչքեր: Սակայն ինձ անհանգստացնում են մշակույթին առնչվող անընդունելի երեւույթներ երգի ժանրում, որ սողոսկել են մեր կյանք: Մեծ մանկավարժ եւ խմբավար Գեւորգ Գանտահարյանի հիշատակը հավերժացնող այս օրը կփորձենք հաճելի դարձնել», իր ելույթում ասաց Ռոբերտ Ամիրխանյանը:
«Բացառիկ պահ մը ապրեցանք` ներկա գտնվելով այս միջոցառումին: Եկած եմ Բեյրութեն եւ խոսք եմ տված «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանին, անպայման ներկա գտնվելու նրա հոր` Գեւորգ Գանտահարյանի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: Հուսով եմ, սա նաեւ դաս պիտի ըլլա այստեղ հավաքված աշակերտներու համար` ճանաչելու Գեւորգ Գանտահարյանին», նշեց լիբանանահայ մտավորական, Թեքեյան մշակութային միության անդամ Արամ Սեփեթճյանը:
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը կատարեց իր լավագույն ստեղծագործությունները: Ապաշխարության շարականներ կատարեց Սեդա Ամիրկանայանը: Ի դեպ, ինչպես նշեց Ռոբերտ Ամիրխանյանը համերգի ժամանակ, Սեդայի իսկական ազգանունն է Սարգսյան, նրա նոր ազգանունը հենց ինքը կոմպոզիտորն է տվել` ավելացնելով իր ազգանվան սկզբնատառերը:
«Գանտահարյանը եղել է հայրենասեր, երաժշտագետ անձնավորություն եւ իր անունը վառ մնալու համար` կազմակերպել ենք Ռոբերտ Ամիրխանյանի համերգը», իր հերթին ավելացրեց «Այնթապ» հայրենակցական միության վարչական Սարգիս Կրպոյանը:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ