Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կազմում են 30 մլն դոլար, սակայն երկու երկրներն էլ արագ զարգացող պետություններ են եւ համագործակցության ողջ ներուժն օգտագործված չէ: Այս մասին Երեւանում տեղի ունեցածՙ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բուլղարիայի վարչապետը: Նա նաեւ նշեց, որ Բուլղարիան վերջին տարիներին միջին տարեկան 6 տոկոս տնտեսական աճ է արձանագրում, իսկ արտասահմանյան ներդրումներն այդ երկրում կազմել են 4,1 մլրդ դոլար:
Բուլղարիայի վարչապետը հայտնեց, որ իրՙ Հայաստան այցելության հիմնական նպատակը երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելն է: Նա նաեւ կարեւորեց շուրջ 11 հազար բուլղարահայերի ներդրումը երկրի զարգացման գործում: «Հայերը Բուլղարիա եկան դժվար եւ ողբերգական տարիներին եւ հաջողությամբ ինտեգրվեցին բուլղարական հասարակությանը», նշեց Սերգեյ Ստանիշեւը:
Սերժ Սարգսյանը նույնպես մատնանշեց երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներիՙ առկա ներուժի համեմատ փոքր լինելը: Նա հայտնեց, որ Հայաստանը Բուլղարիայից հիմնականում նավթամթերք է ներմուծում, սակայն կան նաեւ այլ ապրանքներ, որոնք պահանջարկ կունենան Հայաստանում: Միաժամանակ, ըստ Հայաստանի վարչապետի, մեր երկրում արտադրվող ապրանքատեսակներն էլ կարող են պահանջարկ ունենալ Բուլղարիայում: Տեղեկացվեց, որ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար եկող տարի Բուլղարիայում նախատեսվում է հայ-բուլղարական գործարար համաժողով կազմակերպել:
Երկու երկրների հարաբերությունների զարգացման նոր խթան կարող է հաղորդել այն հանգամանքը, որ 2008-ի հունվարի 1-ից Բուլղարիան դառնալու է Եվրոմիության անդամ երկիր: Բուլղարիան նախատեսում է յուրաքանչյուր տարի իր համախառն ներքին արդյունքի 0,17 տոկոսը հատկացնել ԵՄ չանդամակցող երկրներին եւ այդ ծրագրի շրջանակներում, ինչպես հավաստիացրեց այդ երկրի վարչապետը, պատրաստ է գումարներ տրամադրել նաեւ Հայաստանինՙ համապատասխան ծրագրերի առկայության պարագայում:
Վարչապետները կարեւորեցին նաեւ մշակութային համագործակցության խորացումը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ