«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2007-11-10 | #208, 2007-11-13 | #209, 2007-11-14


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԵՎ ԲԱՆԱՎԻՃԵՆՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ ՄԻՏՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ»

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեկ Ազգային Ժողովի լիագումար նիստում քննարկվում էր 2008 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: Այդ առնչությամբ ելույթ ունեցավ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա գնահատմամբՙ եկող տարվա բյուջեն բավական հավակնոտ է եւ իրագործումն էլ որպես երկրորդ սերնդի բարեփոխումների ելակետ, ենթադրում է ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերի էական աճ: Ամեն դեպքում, ըստ վարչապետի, 2008-ի ՀՀ պետբյուջեն ծառայելու է մի քանի ռազմավարական խնդիրների լուծմանըՙ սոցիալական, ժողովրդագրական եւ բարոյահոգեբանական մթնոլորտի խնդիրների լուծում, կրթական եւ մտավոր ներուժի ընդլայնում, առողջապահական, առողջարանային եւ կազմակերպված հանգստի ոլորտների զարգացում, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության արդիականացման խնդիրների լուծում, ֆինանսական միջնորդության զարգացում, անվտանգության ժամանակակից եւ արդյունավետ համակարգի ձեւավորում եւ հանրապետական ու տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում:

Ռազմավարական գերակայությունները ներկայացնելովՙ վարչապետն ընդգծեց. «Մեր երկրի զարգացման հիմնական նախադրյալը մեր ժողովրդի հոգեւոր միասնությունն է: Փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը չափազանց կարեւոր է կառավարության արդյունավետ գործունեության համար»: Միասնության հիմքն էլ սոցիալական բեւեռացման մեղմումն է համարվում, ինչի համար սոցիալական բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը եկող տարվա բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի 46 տոկոսն է: «Այսինքն` մեր բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն», բացատրեց վարչապետը:

Կենսաթոշակների բարձրացում առնվազն 60 տոկոսով եւ նոր կենսաթոշակային համակարգի ներդրման զուգորդում, ընտանիքների անապահովվածության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներում երրորդ եւ հաջորդ երեխան ծնվելու կապակցությամբ յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափի 50 տոկոսով (կկազմի 300 հազար դրամ) աճ է նախատեսվում եկող տարի: Ուսուցիչների աշխատավարձերն էլ կբարձրացվենՙ մեկ դրույքի համար 89.6 հազար դրամ կտրվի: Վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը կկազմի 136 հազար դրամ: Պայմանագրային հետազոտություններ իրականացնող գիտաշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը բարձրացվելու է 50 տոկոսով:

Բյուջեի հավակնոտության մի ապացույցն էլ Հայաստանը տարածաշրջանային առողջարանային կենտրոն դարձնելու նպատակն է, որի համար եկող տարի առողջապահության ոլորտի հատկացումները ծախսային մասով աճելու են 24.2 տոկոսովՙ կազմելով 54.6 մլրդ դրամ: Բուժանձնակազմի հաշվարկային միջին աշխատավարձը կբարձրանա 20 տոկոսով: Ըստ վարչապետի, հայ ժողովրդի պատմական եւ մշակութային ժառանգությունը, բնության հարստությունը եւ մեր ավանդական հյուրընկալությունը թույլ են տալիս Հայաստանը դարձնել նաեւ կազմակերպված հանգստի երկիր: 2008-ին մշակույթի, սպորտի եւ տուրիզմի զարգացման համար նախատեսված ծախսերը կկազմեն 14.9 մլրդ դրամ: 1,4 մլրդ դրամ 12 գրադարանների, 20 մշակութային այլ օբյեկտների հիմնանորոգման եւ 24 հուշարձանի վերականգնմանը կտրամադրվի: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց խորհրդարանականներին, որ շարունակելու են բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում: «Հարկային համակարգը պետք է լինի մրցունակ: Հարկային բեռը պետք է լինի խելամիտ, իսկ վարչարարության պահանջները` բոլոր հարկատուներին հասկանալի», կարճ բանաձեւեց վարչապետը: Ուշադրությունից դուրս չի մնալու նաեւ ենթակառուցվածքների արդիականացման խնդիրը, որի լուծման համար ծախսերի զգալի տեսակարար կշիռ կունենան միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվելիք ծրագրերը: Պետբյուջեից 16.4 մլրդ դրամ կտրամադրվի 51 ճանապարհների հիմնանորոգման եւ շինարարության ու 33 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը: Նույն ոլորտում 34.8 մլրդ դրամ կծախսվի միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների ֆինանսական աջակցության շնորհիվ:

Գյուղատնտեսական ոլորտի ծախսերի աճը կկազմի 10.2 տոկոսՙ բյուջեով նախատեսվում է սուբսիդավորել 80 հազար հեկտարի մշակումը: Բայց կշարունակի խնդիր մնալ ինովացիոն միջավայրի ձեւավորումը: Տարածաշրջանային նշանակություն պետք է փորձեն հաղորդել Հայաստանի ֆինանսական համակարգինՙ հույս է ներշնչում Ստոկհոլմի բորսայի հետ մեր երկրի համագործակցությունը: «Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության» ծրագրին պետական հատկացումները 450 մլն դրամ կկազմեն:

Եկող եւ հաջորդ մի քանի տարիներին, ինչպես փաստեց վարչապետը, անվտանգության ապահովման հիմնական խնդիրը պետական կառավարման մարմինների մասնակցությամբ ազգային անվտանգության համակարգի հետագա կատարելագործումն է լինելու: Եկող տարի պետբյուջեով պաշտպանության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման ծախսերը կկազմեն շուրջ 170 մլրդ դրամ:

Կառավարման համակարգում էլ կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, մրցակցային անհավասար պայմանները, բյուջետային միջոցների փոշիացումը նույնպես դիտարկվում են լուծում պահանջող խնդիրների շարքում, այն էլ բյուջետային հատկացումների շրջանակում: Կառավարման ապարատի պահպանման ծախսերը բյուջեում չեն ավելանա, բայց քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի աճ կարձանագրվիՙ նրանց միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 122 հազար դրամ:

Վարչապետ Սերժ Սարգսյանը նաեւ նկատեց, որ կյանքի բոլոր բնագավառների Երեւանում կենտրոնացվածությունը ակնհայտորեն խոչընդոտում է բոլոր հայաստանաբնակների բարեկեցության մակարդակի բարձրացմանը, հետեւաբար ապակենտրոնացման փորձ է արվելու: «Այս խնդրի լուծման աշխատանքներն իրականացնելու ենք երկու ուղղությամբ. առաջին` որոշ ֆունկցիաների դուրսբերում Երեւանից եւ հավասարաչափ բաշխում հանրապետության ամբողջ տարածքով եւ երկրորդ` ֆինանսական համահարթեցում եւ դոտացիաների տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին: 2008-ին համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը կավելանա 18.7 տոկոսով` կազմելով 21.3 մլրդ դրամ», տեղեկացրեց վարչապետը:

Վերջում Սերժ Սարգսյանը նշեց. «Պետք է այնպես անենք, որ նախընտրական արշավը չխոչընդոտի բյուջեի իրականացմանը եւ գործադիր իշխանության հստակ աշխատանքին: 2009-2012 թվականների տարեկան բյուջեները ներկայացնելիս կառավարությունը պարտավորվում է մշտապես ձեզ զեկուցել, թե որքանով են տարեկան բյուջեները մեզ մոտեցնում իմ մատնանշած ռազմավարական խնդիրների լուծմանը:

Կառավարության պատասխանը մեր ընդդիմախոսներին առաջիկա հինգ տարիներին լինելու է հետեւյալը. առավել նպատակաուղղված աշխատանք, համերաշխության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորում, ներողամտություն, փոխադարձ սեր եւ հարգանք: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք բավարար ներուժ նախանշած ուղուց չշեղվելու համար»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4