Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի նոյեմբերի 2-ի նիստում սկանդալ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի անդամ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նրա գնահատմամբՙ միջադեպը մտահոգիչ է եւ ոտնահարում է ՇԽ անդամի իրավունքները, խայտառակ նախադեպ է ՀՄՀ-Հայաստան ծրագրի մեկամյա պատմության մեջ: Շահառուների խորհրդի եւ կառավարման խորհուրդ ՇԽ անդամներին որպես պատվիրակներ ուղարկելու ընտրությանը մասնակցել է այդ իրավունքը չունեցող մեկըՙ Անդրանիկ Հովհաննիսյանը, որը բացի Բնապահպան տնտեսագետների եւ երիտասարդական ՀԿ նախագահ լինելուց, նաեւ քաղաքացիական ծառայող էՙ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետն է, այսինքնՙ հաստիքային աշխատակիցը: Ներկայացվածը ընտրակարգի խախտում է, ինչն էլ հիմք ընդունելովՙ Լեւոն Բարսեղյանը ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի նիստի նախագահող Աշոտ Ոսկանյանին առաջարկել է «...անվավեր ճանաչել հոկտեմբերի 12-ի փակ-գաղտնի քվեարկության արդյունքներն ու մոտակա օրերին անցկացնել ՇԽ-ից կառավարման խորհուրդ որպես պատվիրակ ուղարկվող 5 անդամների ընտրությունների վերաքվեարկություն»: Ու չնայած Լեւոն Բարսեղյանը նախապես հրաժարվել է ԿԽ անցնելու հեռանկարից, այնուամենայնիվ նախագահող Աշոտ Ոսկանյանն առաջարկը քվեարկության չի դնելու:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ