Այսօր հավանաբար Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի այն փաթեթը, որով փոփոխություններ են կատարվում ընտրական օրենսգրքում: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, մի շարք առաջարկներ էին ներկայացրել առաջին ընթերցման ժամանակ, իսկ կոնկրետ ՀՅԴ-ն խոստացել էր երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ մտածել, եթե իրենց առաջարկները չընդունվեն: Երեկ ՀՀԿ խմբակցության քարտուղար, օրինագիծը նախաձեռնող խմբի անդամ Սամվել Նիկոյանից տեղեկացանք, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ նախագծի ընդդիմախոսների առաջարկների 70 տոկոսը փոխհամաձայնության արդյունքում ընդունվել է, այդ իմաստով անցած անգամ օրինագծին դեմ քվեարկողներն անգամ նկատի պետք է ունենան` արդյոք փոփոխություններն ընդհանուր առմամբ բարեփոխ՞ել են օրենսգիրքը. «Եթե գտնում են, որ բարեփոխվել է, բայց ամբողջությամբ իրենց չի բավարարում, ինձ էլ 100 տոկոսով չի բավարարում, որովհետեւ որոշ առաջարկների համաձայնել եմ, բայց դրանք իմ մոտեցումներին դեմ են եղել: Մինչդեռ ես գտնում եմ, որ էական փոփոխություններ են եղել դեպի լավը. այսինքն` հարցն այն է, թե արդյոք ընդդիմախոսները պոզիտիվ մոտեցում ունե՞ն դեպի դրականը, թե՞ ամեն ինչ մերժելու ճանապարհով են գնում»:
Փոփոխությունների ամենից շատ քննադատվող դրույթը, այն էՙ դաշինքները չեն կարող նախագահի թեկնածու առաջադրել, այլ միայն մեկ քաղաքական ուժ, պահպանվել է, ինչպես նաեւ չի փոխվել առաջարկվող այն կետը, ըստ որի անճշտությունների հաշվարկումը ընտրատեղամասից տեղափոխվում է ընտրատարածքային հանձնաժողով, ինչն ըստ ընդդիմության, կեղծիքներ կատարելու մի ձեւ է: Փաթեթի ընդդիմախոսների տեսակետները կներկայացնենք երկրորդ ընթերցմամբ քննարկումից հետո, այժմ ներկայացնենք այն առաջարկները, որոնք, ըստ Ս. Նիկոյանի, արդեն կոնսենսուսով ընդունվել են, ընդ որում` մի քանի փոփոխություն դեռ առաջին ընթերցում պետք է անցնեն:
Այսպես` համարյա բոլորի կողմից բացասաբար ընդունված` ԿԸՀ նախագահի եւ տեղակալի աշխատավարձերը 20 տոկոսով, իսկ ընտրատարածքային հանձնաժողովների եւ աշխատակազմի 5 տոկոս խրախուսման մասին կետերը հանվում են: Քվեարկության վայրում չգտնվելու եւ այլ վայրում ընտրելու դեպքում ընտրողը պետք է ընդգրկվի լրացուցիչ ցուցակում, որը երկու օր առաջ պետք է փակցված լինի տեղամասում:
ՀՅԴ-ի կողմից առաջարկվող անձնագրերի կնքումը քվեարկելուց հետո եւս իրականություն է դառնալու` բացառելով կրկնական քվեարկությունները, հանձնաժողովներն այլեւս 9 անդամից բաղկացած չեն լինելու, այլ` հավասարակշիռ 8-ից: Նախագահի թեկնածուի նախընտրական գրավը 10 մլն դրամից իջեցվում է 8 մլն-ի: Ֆինանսական միջոցների վերահսկման խիստ կարգն ավելի կմեղմանա (խստացնող առաջարկ կար նախաձեռնող խմբի կողմից):
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ