Մի նախարար էր ժամանել Գյումրի
2003 թվականի վերջերից սկսած, երբ կառավարությունն այլեւս դադարեցրեց Գյումրիում երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար բնակարանների կառուցումը, բազմիցս ստիպված ենք եղել «Ազգի» էջերում քննադատել փոփոխվող տարբեր նախարարների, այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների` աղետի գոտու բնակարանաշինության խնդրի իբր լուծվածության վերաբերյալ սուտուսխալ, անպատասխանատու հայտարարությունների, 4000-ից ավելի անօթեւան ընտանիքների խնդրի գոյության ժխտման եւ ուրացման համար: Սակայն, ինչպես երեւում է, «վերեւներում» արմատացած այդ արատավոր մտայնությունն առիթից առիթ դեռ պիտի շարունակվի առավել տգեղ դրսեւորումներով, եւ մայրաքաղաքային պաշտոնյաները պիտի մրցեն` այս հարցով ով ավելի արտառոց բան կասի...
Անցած ուրբաթ օրը, ինչպես տեղեկացրել է «Ազգը», Գյումրի էր ժամանել հանրապետության քաղաքաշինության նոր նախարար Վարդան Վարդանյանը` նաեւ բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ-ներ) հանձնելու այս տարվա շահառու ընտանիքներին: Ցավոք, տեղեկացված չլինելով եւ անձամբ բախտ չունենալով ներկա լինելու եւ լսելու պրն նախարարին, երեկոյան լուրերի ժամին կապույտ էկրանից լսեցինք նրա պատասխանները տեղի հեռուստալրագրողների մի երկու հարցերին: Երանի չլսեինք: Նախ, եթե մինչեւ այժմ գործին առնչվող տարբեր մակարդակի պաշտոնյաները եւս հիմնականում ընդունում էին, որ երկրաշարժից անօթեւան ընտանիքներին տրվող բնակարանային վկայագրերի արժեքները պակաս են Գյումրիում բնակարանների իրական շուկայական գներից, որ ԲԳՎ-ն ըստ էության (ընդամենը) բնակարանի գնմանն աջակցելու ծրագիր է, ապա պրն Վարդանյանը հանկարծ պարզել եւ հայտարարում է, թե որոշ դեպքերում բնակարան գնելուց հետո վկայագրի արժեքից դեռ մի բան էլ գումար է մնում... Այս պնդումը թողնենք նախարարի խղճին, բայց սա դեռ մի կողմ:
Իրեն տրված բնական հարցին` անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրը ե՞րբ կարող է լուծված լինել, պրն նախարարը նախ հարկ համարեց լրագրողին դիտողություն անել, թե... ի՞նչ եք կարծում` ի՞նչ: «Անլուրջ հարց եք տալիս»... Այ քեզ բա~ն: Համաձայնենք, սա արդեն պետական մտածողության նոր որակ է. երկրաշարժից համարյա 20 տարի անօթեւան 4200 ընտանիքների բնակարանային ապահովման հարցն, ուրեմն, կառավարության այսօրվա անդամի համար այլեւս չեղած, անլուրջ հարց է: Եվ արդեն կարելի է գալ ու հանգիստ այդպես հայտարարել հենց Գյումրիում: Եղա՞վ:
Եվ վերջապես, մինչ կարող էինք մտածել, թե նշված դեպքում մարդը գուցե այլ բան էր ուզում ասել, «պակասը» լրացնելու եկավ նախարարի արտահայտած մեկ այլ միտքը, որը երեւի ամենացնցող «նորությունն» էր: Եթե ճիշտ լսեցինք, նա ասում էր մոտավորապես հետեւյալը, թե ինչ մնում է անօթեւանների համար բնակարանների կառուցմանը, դա արդեն մարզպետարանի ու քաղաքապետարանի խնդիրն է, եւ նրանք դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեն... Սա արդեն չափազանց է: Երկրաշարժից անօթեւան մինչեւ վերջին ընտանիքին բնակարանով ապահովելը պետության (իմա` կառավարության) անշրջանցելի, սուրբ պարտականությունն է: Մի՞թե կարելի է այս տարրական նորմը չիմանալ եւ...լինել նախարար: Քաղաքաշինության նախարար:
Բոլոր դեպքերում հարգելով իր անձը, կցանկանայինք հորդորել պրն Վարդանյանին` նախ ի պաշտոնե լիարժեք տեղեկանալ Գյումրու խնդրին եւ միայն դրանից հետո այդ մասին դատողություններ անել: Իսկ տեղյակ, գործին առնչված մարդիկ հենց նախարարությունում էլ կան, եւ նրանք, գոնե, անտեղի ու զուր կրքեր բորբոքող նման հայտարարություններ չեն անում: Եթե բնակարանաշինության խնդիրն այսօր կառավարության օրակարգում դեռ չկա (ինչը ինքնին թերացում է), դա չի նշանակում, թե խնդիրն ընդհանրապես գոյություն չունի: Այսօր օրակարգում չկա` մի օր անպայման լինելու է:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ