Նոյեմբերի 13-ին Երեւանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում Լուսինե Սահակյանի «Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը 16-րդ դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում» մենագրության շնորհանդեսն էր: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի խորհրդի եւ թուրքագիտության ամբիոնի որոշումներով, «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղ հիմնադրամի» մեկենասությամբ հրատարակված այս մենագրությունը բաղկացած է «Օսմանյան աշխարհագիր մատյանները որպես տեղանվանագիտության եւ պատմական ժողովրդագրության կարեւոր սկզբնաղբյուր», «Թուրքական աղբյուրներում գրանցված հայկական տեղանունների ընթերցման եւ վերականգնման սկզբունքները» եւ «Բաբերդի, Սպերի, Դերջանի բնակավայրերն ու ժողովրդագրությունը 16-րդ դարում» վերնագրերը կրող երեք գլուխներից, ունի ներածություն, եզրակացություններ, տերմինների բառարան, օգտագործված աղբյուրների եւ գրականության ցանկ: Մենագրությանը կից հրատարակվել են հետազոտության աղբյուրների օգտագործմամբ պատրաստված Բաբերդ, Սպեր եւ Դերջան գավառների քարտեզներ, ինչպես նաեւ այս գավառներում 16-րդ դարի պատմական ժողովրդագրության պատկերը ներկայացնող վիճակագրական աղյուսակներ:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանը գրել է գիտական մի շարք աշխատություններՙ նվիրված Հայաստանի պատմական ժողովրդագրությանը, հայկական տեղանունների ուսումնասիրությանը եւ համշենահայերի պատմությանը: Շնորհանդեսին հակիրճ ներկայացնելով խնդրո առարկա մենագրության բովանդակությունը, որը Լուսինե Սահակյանի ավելի քան 10 տարվա աշխատանքի արդյունքն է, հեղինակն ասաց, որ գրքում առաջին անգամ փորձ է արվել թուրքական, հայկական եւ այլ աղբյուրների փաստական նյութի համադրմամբ վերականգնել Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների ժողովրդագրական պատկերը 16-րդ դարում, օսմանյան իշխանությունների վարած ժողովրդագրական քաղաքականության արդյունքում տեղի ունեցած շարժերը բացահայտելու նպատակով բերվել են վերոհիշյալ գավառներին առնչվող 19-րդ դարի երկրորդ կեսի եւ 20-րդ դարի սկզբի վիճակագրական տվյալները, միաժամանակ երեւան են հանվել ժամանակակից թուրք աղբյուրագետների օսմանյան դիվանագիտական փաստերն աղճատելու, կեղծելու, ինչպես նաեւ պատմական իրողությունները ժխտելու համակարգված մեթոդաբանությունը:
Լուսինե Սահակյանի մենագրությունը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մանվել Զուլալյանը, ընդգծելով աշխատության գիտական պատշաճ մակարդակն ու հեղինակի օսմանագիտությանը բերած նպաստը: Ակադեմիկոս Զուլալյանն, առանց անտեսելու հայ թուրքագիտության մեջ կատարված արժեքավոր ուսումնասիրությունները, ցավով նշեց, որ օսմանագիտությունը Հայաստանում դեռեւս զարգացած չէ, մինչդեռ մեծապես դրանով է պայմանավորված ոչ միայն թուրքագիտության զարգացումը, այլեւ հայ ժողովրդի պատմության տարբեր փուլերի մանրազնին ուսումնասիրությունը:
Մանվել Զուլալյանին լրացրեց ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Արամ Սիմոնյանը: Նա նույնպես ընդգծեց Հայաստանում ֆունդամենտալ թուրքագիտության զարգացման անհրաժեշտությունը, դա պայմանավորեց օսմանագիտության զարգացմամբ, շնորհավորելով հեղինակին գոհունակությամբ արձանագրեց, որ Լուսինե Սահակյանի աշխատությունը որպես օսմանագիտության նկատմամբ ուշադրության դրսեւորում կատարվել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում: Վերջում ռեկտոր Սիմոնյանը նշեց Հայաստանում օսմանագիտության զարգացումը խրախուսելու, ինչպես նաեւ այդ բնագավառում նոր մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը:
Հիրավի, խորհրդային շրջանում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տեսադաշտից հանգամանքների բերումով վրիպել էր ֆունդամենտալ թուրքագիտությունըՙ օսմանագիտությունը: Անկախության տարիներին իրավիճակն այդ առումով ավելի անմխիթար էր դարձել: Որքան էլ խիստ արդիական լինեն հայ-թուրքական հարաբերություններին կամ Անդրկովկասում Թուրքիայի վարած քաղաքականությանն առնչվող թեմաները, դրանց մշակման հիմքում ոչ այնքան գիտական ուսումնասիրություններն են, որքան իրավիճակային վերլուծությունները:
Համանման խնդիրների վրա կենտրոնանալու, առավել եւս դրանք ատենախոսության թեմաներ դարձնելու դեպքում ինստիտուտն ինքնաբերաբար կվերածվի վերլուծական կենտրոնի, որովհետեւ իրավիճակային վերլուծությունները որպես կանոն մնայուն չեն լինում, իսկ կենտրոններն, ի տարբերություն գիտական հիմնարկների, Հայաստանում ֆունդամենտալ թուրքագիտությունը զարգացնելու խնդիր չունեն: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Լուսինե Սահակյանի «Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը 16-րդ դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում» մենագրությունը թեմայի ընտրությամբ եւ գիտականությամբ պետք է ուղեցույց լինի գիտական հիմնարկների համար, որպեսզի նրանք կատարեն մնայուն թեմաների ուսումնասիրություններ, այլ ոչ թե իրավիճակային վերլուծություններ: Այլապես, անհնար է օսմանագիտության զարգացումը Հայաստանում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ