Շինարարների համաժողով Ստեփանակերտում
Շինարարության ընդհանուր գնահատականն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ ԼՂՀ շրջաններում հեռու է բավարար կոչվելուց: Թերություններն ակնհայտ են թե՛ նախագծային փուլում, թե՛ օգտագործվող շինանյութերի որակի ու շինարարության ժամկետների պահպանման եւ թե՛ դրանց վրա վերահսկողության առումներով:
Այսպիսի մտահոգություն է հայտնել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Ալեքսանդր Մամունցն օրերս Ստեփանակերտում կայացած շինարարների համաժողովի ժամանակ: Նախարարը դժգոհություն է հայտնել նաեւ շինտեղամասերում հին շինանյութեր օգտագործելու առնչությամբ: Եթե վերոհիշյալ թերություններն ակնառու են, ապա դրանում մեղավոր են վերահսկողություն իրականացնողն ու շահագործվող օբյեկտն այդ վիճակում ընդունողը: Իսկ դրանում արդեն հանցակազմ է պարունակվում, նշել է նա:
Համաժողովին ներկա ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւս վճռականորեն է արտահայտվել նման երեւույթների դեմ, շեշտելով, որ կառավարությունն այսուհետեւ անհանդուրժողական է լինելու անորակ շինարարության փաստերի նկատմամբ: Ի դեպ, վերջերս վարչապետը Արցախի հանրային հեռուստատեսությամբ վրդովմունք է արտահայտել Ստեփանակերտի արդեն շահագործման հանձնված, բայց լիարժեք օտագործման համար անպիտան աղբանոցի վատ շինարարության առնչությամբ: Նրա խոսքով` աղբանոցը, որի վրա ծախսվել է 35 միլիոն դրամ, կարելի էր սարքել նույնիսկ շաբաթօրյակի միջոցով, մինչդեռ այդտեղ փաստացի ոչինչ չի արվել: Նույն կերպ նա բացասական է արտահայտվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում փախստականների համար կառուցված բնակարանների անորակ շինարարության առթիվ, հավաստիացնելով, որ ստիպելու է շինարարությունն իրականացրած կազմակերպությանը` իրենց միջոցներով շտկել շինարարական թերությունները:
Համաժողովին մասնակցող ոլորտի իրավասուները համաձայն լինելով մեղադրանքներին, միաժամանակ նշեցին մի շարք օբյեկտիվ պատճառներ: Մասնավորապես, նրանց կարծիքով, նախագծային աշխատանքների իրական գները համեմատաբար ցածր են հայաստանյան չափանիշներից: Բացի այդ, բնակավայրերը չունեն հատակագծեր ու համապատասխան սխեմաներ: Իսկ շինարարական կազմակերպություններից մեկի ղեկավարն էլ սխալ համարեց թենդերներում շինարարական աշխատանքների նախնական գումարի հայտնի լինելը, որովհետեւ մրցույթի արդյունքում այդ գումարը նվազում է` մեծապես ազդելով որակի վրա: Բանախոսն իր միտքը հիմնավորեց հետեւյալ կերպ` գնագոյացման տեղեկանքները կազմվում են ամիսներ առաջ, իսկ շինանյութերի գները շուկայում փոխվում են ամեն շաբաթ, եւ այդ պարագայում անհնար է որակյալ շինարարություն պահանջել:
Առկա է նաեւ որակյալ մասնագետների հիմնախնդիրը. կան կազմակերպություններ, որտեղ ոչ միայն բարձրակարգ շինարարներ, այլեւ նույնիսկ մասնագետ ճարտարապետներ չկան: Առաջարկ եղավ խստացնել շինկազմակերպություններին լիցենզիա տրամադրելու կարգը, որովհետեւ ոչ հազվադեպ` դրանով զբաղվում են միանգամայն այլ բնագավառի տեր մարդիկ, ըստ երեւույթին գայթակղվելով ոլորտի եկամտային հնարավորություններով:
Նշված խնդիրներն, անշուշտ, նոր չեն բնագավառում, եւ դրանք հնարավորինս արագ լուծելու համար կառավարությունն սկսել է մշակել ծրագիր 2008-2010 թվականների համար: Նախատեսվում է քաղաքաշինության նախարարությանը կից ստեղծել կառույց, որը կզբաղվի գնագոյացման հարցերով: Կարգելվի անորակ ու հին շինանյութերի օգտագործումը, որի խիստ վերահսկողություն է իրականացվելու: Նշելով այս մասին, ԼՂՀ վարչապետը տեղեկացրեց, որ պետական միջոցներով իրականացվող շինարարության ծանրությունը մայրաքաղաքից կտեղափոխվի շրջաններ, որտեղ դրա կարիքն ավելի է զգացվում, իսկ Ստեփանակերտում կառաջնահերթվի բնակարանային շինարարությունը: Վերջին տարիներին ԼՂՀ մայրաքաղաքում կառուցվել է շուրջ 250 բնակարան, մինչդեռ անհրաժեշտ է այդ ցուցանիշը հասցնել 2000-ի: Տվյալ նպատակով նախատեսվում է ոլորտում ներգրավել նաեւ բանկային ու մասնավոր կապիտալը:
Արա Հարությունյանը համաժողովի մասնակիցներին վստահեցրել է, որ պետությունը շինկազմակերպություններին եւ անհատներին տրամադրելու է վարկեր, եւ այս առումով ֆինանսների խնդիր չի լինի, կլինի միայն ծրագիրն իրականացնելու խնդիր: Ծրագրում ներգրավվածները ֆինանսական աջակցություն անպայման կստանան, բայց նրանց նկատմամբ ավելի բարձր է լինելու պահանջկոտությունը` թերացողներին պատժելու հաստատ նպատակադրությամբ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ