ԱԺ-ում բյուջեի քննարկումն ավարտվեց
Երեկ ժամը 17-ից մի փոքր անց ավարտվեցին 2008 թվականի բյուջեի քննարկումները, այդ պահից 4 օր ժամանակ հատկացնելով կառավարությանըՙ ամփոփելու խորհրդարանականների 312 առաջարկները եւ նրանցից ամենաիրատեսականները ներառելով բյուջեում: Ժամկետի վերջում Ազգային ժողովի հաստատմանը կներկայացվի բյուջեի վերջնական տարբերակը:
Իսկ մենք բյուջեի քննարկման ամփոփիչ ակորդներից ներկայացնենք միայն մի քանի բնորոշումներ, որոնք դրանց հեղինակների համոզմամբ, բնորոշ են նոր բյուջեին:
Վարչապետ Սերժ Սարգսյանը բյուջեն ներկայացնելիս դեռ այն հավակնոտ էր անվանել: ԱԺ խմբակցություններից յուրաքանչյուրն իր բաժին ավանդը ներդրեց բյուջեին անուններ կպցնելու գործում: «Ժառանգության» Ստյոպա Սաֆարյանը հավակնոտ չէ` զարգացման էլ չհամարեց նոր բյուջեն, այլ միայն գոյատեւման, բնականաբար` մի շարք հիմնավորումներով: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը թեեւ կոնկրետ անուն չդրեց, բայց շեշտեց սոցիալական ուղղվածությունն այնուամենայնիվ: ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանը նկատի ունենալով, որ նոր բյուջեով 3-րդ ծնված երեխայի համար միանվագ 300 հազար դրամ է տրվելու` ափսոսաց. եթե իրենց արած առաջարկով մի քանի տարի առաջ այդպես արվեր, որքա՜ն երեխաներ ծնված կլինեին մինչեւ այսօր: «Բարգավաճ Հայաստանի» «բյուջեիստ» Վարդան Բոստանջյանը «գրոհային բյուջե» որակումը տվեց` 3240 դոլարին համարժեք դրամ պետք է լինի մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը, գրոհային չէ, ի՞նչ է: Գլխամասային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի ձեւակերպումը` «Երկրորդ փուլի բարեփոխումների առաջին բյուջե», շատ դուր եկավ նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, որ երկրորդեց այդ ձեւակերպում-անվանումը, ավելացնելով «բացառիկ» ածականը: Սակայն բոլոր ելույթներից հետո ամփոփիչ խոսքով ելույթ ունեցած ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը համաձայն էր վարչապետի` «հավակնոտ բյուջե» որակմանը. «Տվեք մի այլ անուն` 10 տոկոս տնտեսական աճի, 27, 6 տոկոս ծախսային աճի, 64,7 տոկոս էլ միայն սոցիալական ծախսերի պարագայում` հավակնոտ չէ, ի՞նչ է: 564 հազար թոշակառուների թոշակը 13 հազար դրամից դառնում է 21,8 հազար դրամ, հավակնոտ չէ, ի՞նչ է, ամեն տարի 3-4 տոկոս աղքատություն ենք կրճատում»:
Մի խոսքով, նոր բյուջեն հորով-մորով արեցինք` երկար քննարկումներից հետո, մի 4 օրից էլ, ավելի շուտ, այսօր հանած` երեք օրից խորհրդարանականներն այդ բյուջեն կհաստատեն:
Միջանկյալ
Բյուջեի քննարկումից հետո եւ ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների փաթեթին անցնելու պահին «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, դատապարտելով Սոցիալ-դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանին ծեծի ենթարկելու փաստը եւ դատապարտելով բռնությունը, տեղեկացրեց, որ որպես քաղաքական բողոքի նշան լքում են Ազգային ժողովի դահլիճը: Այդ պահին արդեն ընտրական փաթեթի քննարկումն սկսվել էր, եւ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը մի փոքր ուշ «Ժառանգության իր գործընկերների վարմունքը, մեղմ ասած, չխրախուսեց. «Չեմ կարծում, որ ընտրական օրենսգրքի բոյկոտումը ճիշտ տարբերակ է», ասաց նա` նկատելով, որ ինքը եւս դատապարտում է տեղի ունեցածը եւ «մարդու վերքերի վրա փիարի գործելակերպ» անվանելով «Ժառանգության» պահվածքը:
Ընտրական փաթեթը
Երեկ, քառօրյա նիստերի ավարտից մի 40 րոպե առաջ միայն սկսեցին քննարկել այն փաթեթը, որը ներառում է կոալիցիոն գործընկեր-խմբակցությունների միացյալ նախաձեռնող խմբի ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները` հարակից փաթեթով: Ի դեպ այդ փաթեթի մեջ է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը` նախընտրական քարոզչությանը վերաբերող դրույթներով: Ասենք, որ ԸՕ-ի փոփոխություններն ու լրացումները առաջին ընթերցում անցել են արդեն, սակայն արված նոր առաջարկներից մի քանիսը երեկ նախ առաջին ընթերցում պետք է անցնեին: Նախաձեռնող խմբի անունից հանդես եկած Սամվել Նիկոյանը ներկայացրեց գործընկեր-խմբակցությունների կողմից արված-ընդունելի եւ առաջին ընթերցման ներկայացվող առաջարկները: Նախաձեռնող խումբն ընդունելի է համարում ՕԵԿ-ի առաջարկը քվեատուփերն այնպես տեղադրելու վերաբերյալ, որ ընտրողը դեմքով դեպի հանձնաժողովը եւ թիկունքով դեպի պատը քվեարկի, ՀՅԴ-ի առաջարկը` անձնագրերում քվեարկելուց հետք դրոշմակնիքներ կիրառելու վերաբերյալ, Հովհաննես Մարգարյանի առաջարկը` Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ ընտրությունների 7-րդ օրից դարձնելով 7-օրյա ժամկետում:
Առաջարկների մնացած խումբն արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ