Հայաստանի Հանրապետություն այցելության հրավերների հաշվառման եւ հաստատման կարգը երեկ ներկայացրեց ոստիկանության անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանը: Նա ընդարձակ անդրադարձ կատարեց օտարերկրացիների իրավական կարգավիճակը հստակեցնող նախկին եւ գործող օրենքների դրույթներինՙ պարզաբանելու համար կառավարության ընդունած կարգի անհրաժեշտությունը: Մասնավորապես, համաձայն նոր օրենքի, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու զբոսաշրջային մուտքի արտոնագրի ժամկետը երկարացվել էՙ 21 օրվա փոխարեն հասնելով 120 օրվա: Նոր օրենքով նաեւ վերացել է օտարերկրացիներին տրվող կացության ժամանակավոր կարգավիճակը, որը տրվում էր 1 տարով, փոխարենը մտցվել է կացության մշտական կարգավիճակՙ 5 տարով: Կացության հատուկ կարգավիճակը, որը տրվում է 10 տարի ժամկետով եւ հիմնականում սփյուռքահայերին, նույնպես պահպանվել է:
Ինչ վերաբերում է հրավերներին, ապա եթե Հայաստանի քաղաքացին ցանկանում է իր ծանոթին, ընկերոջը կամ բարեկամին հրավիրել մեր երկիր, ապա պետք է գրավոր դիմի անձնագրային վարչություն: Վերջինս այդ հրավերի մասին տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայությանըՙ նրա հավանությունը ստանալու համար: Այնուհետեւ գրավոր տեղեկացվում է դիմողըՙ դիմումը հաստատելու կամ մերժելու մասին:
Ալվինա Զաքարյանն ասաց, որ սա արվում է այն դեպքերի համար, երբ մեր երկրի քաղաքացին ցանկանում է նման ձեւով հրավեր ուղարկել: Սակայն կան Հայաստան այցելելու այլ ձեւեր եւս, որոնք հրավերների անհրաժեշտություն չունեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ