«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2007-11-14 | #210, 2007-11-15 | #211, 2007-11-16


ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԶԵԴ ԳՈՐԵՍՆ Է

Նոյեմբերի 20-ին հայտնի կդառնա պրոմոութերական այն կազմակերպությունը, որին կվստահվի IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, թեթեւագույն քաշային Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի մենամարտի կազմակերպումը: Վախթանգ Դարչինյանը ներկայում IBF-ի վարկանիշային ցուցակում 5-րդ տեղում է, իսկ նրա ապագա մրցակիցը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Այդ մենամարտը նախատեսվում է անցկացնել 2008-ի մարտի 1-ին Կալիֆոռնիայում: Այդ մենամարտի հաղթողն իրավունք կստանա առաջին թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ:

Ֆիլիպինցի Զեդ Գորեսը 25 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, որից 27-ում հաղթել է (15-ըՙ նոկաուտով), 2-ում պարտվել է (1-ըՙ նոկաուտով), մեկում էլ գրանցվել է ոչ-ոքի: Ինչ վերաբերում է Կիրիլովին, ապա նա չեմպիոնի տիտղոսը նվաճել է հոկտեմբերի 13-ինՙ Մոսկվայում հաղթելով ամերիկացի Խոսե Նավարոյին: Նա 28 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 32 մենամարտ, որից 29-ում հաղթել է (9-ըՙ նոկաուտով), 3-ում պարտվել է: Հիշեցնենք, որ Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում միայն մեկ պարտություն է կրելՙ զրկվելով թեթեւագույն քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսից: Մնացած 29 մենամարտերում հայ բռնցքամարտիկը հաղթել է (23-ըՙ նոկաուտով):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4