«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2007-11-15 | #211, 2007-11-16 | #212, 2007-11-17


ՀՅԴ-ՌԱԿ ՄԻՋԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Նախորդ շաբաթ Երեւանում գումարված ՀՅԴ-ՌԱԿ միջկուսակցական համաժողովի նյութերից, հատկապես եզրափակիչ հայտարարությունից (տես` «Երկիր» շաբաթաթերթ, 9 նոյ. 2007) ստանում ենք այն տպավորությունը, որ համազգային մի շարք կարեւոր հարցերում ավանդական, կամ ինչպես իրենք են կոչում` համահայկական մեր զույգ կուսակցությունները դեռեւս գտնվում են անցյալ դարի 60-ական թվականների մտածողության մակարդակում: Եվ կամ, առնվազն, նրանք անկեղծ չեն ժամանակակից իսկական մարտահրավերները դիմագրավելու հարցում, եւ, հետեւաբար, բավարարվել են սեփական շարքերին եւ այլոց տպավորելու համար արված դեկլարատիվ բնույթի հաստատումներով:

«Ցեղասպանության ամբողջական ճանաչումը անպայմանորեն ենթադրում է նաեւ համապատասխան լիարժեք հատուցում` հայ ժողովրդի մարդկային հսկայական կորստի, հայ ժողովրդից հափշտակված եւ ավերված մշակութային հարստությունների եւ հայության կալվածային, ինչքի, ստացվածքների եւ այլ հարստությունների կորստի դիմաց», հայտարարում են նրանք իրավացիորեն եւ ապա շարունակում. «Սակայն հայ ժողովրդի պահանջատիրությունը պայմանավորող գլխավոր ազդակը անուրանալի կերպով հայապատկան հողատարածքների վերադարձն է իրենց իրավատիրոջը, այսինքն` հայ ժողովրդին»: Ու որպեսզի հստակ լինի, թե ինչ եւ որքան հողատարածքի մասին է խոսքը, որպես «իրավական հստակ հիմք» մեջ են բերում Սեւրի դաշնագիրը եւ վիլսոնյան սահմանները «իբրեւ վավերական մեկնակետ»:

Մի կողմ թողնելով պատմական իրողությունը, որ բնավ չվավերացված վիլսոնյան սահմաններին ու երբեք կյանքի չկոչված Սեւրի դաշնագրին հաջորդել են Ալեքսանդրապոլի, Կարսի եւ Լոզանի պայմանագրերը, հայտարարությունն ստորագրողները նման շեշտադրությամբ փաստորեն հարվածում են հենց այն գործին, որին այժմ լծված են Հայոց պետությունն ու լոբբիստական տարբեր խմբերը, այդ թվում` ստորագիր կուսակցությունները տարբեր երկրներում` Ցեղասպանության ճանաչում տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Փաստ է, որ թուրքական դիվանագիտական ջանքերը ներկայիս ուղղված են ոչ միայն Ցեղասպանության ժխտմանը, այլեւ հայության վերոհիշյալ արդարացի պահանջները որպես ծավալապաշտության ապացույց ներկայացնելուն: Նույնը` թուրքական ներքին ճակատի վրա, որտեղ թուրք իշխանությունները հայերի «ծավալապաշտական նկրտումներով» են ձգտում լռեցնել ճանաչմանը կողմնակից թուրք փոքրաթիվ խմբերին, մեջընդխառն խեղաթյուրելով նաեւ ղարաբաղյան հարցի էությունը, այն նույնպես որպես «հայկական նվաճողականություն» ներկայացնելով: Զույգ կուսակցությունների ծրագրերում հստակորեն արձանագրված են մեր բոլոր պահանջները, հետեւաբար, այս պահին կարիք չկար նման մարտավարական սայթաքման:

Երկրորդ կարեւոր խնդիրը մենաշնորհային նկրտումներն են, որոնք ստորագիր կողմերը շարադրել են հետեւյալ կերպ. «Արտերկրում համահայկական կուսակցությունները պետք է գլխավորեն եւ համադրեն Ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության առնչությամբ կատարվող աշխատանքները» (ընդգծումն իմն է-Հ. Ա.): Ինձ թվում է, որ սույն համաժողովի եւ դրան նախորդած միջկուսակցական փարիզյան հանդիպման գլխավոր նպատակը հենց այս է` «միացյալ» ուժերով չեզոքացնել կամ անօրինական հռչակել Հայ դատի հետապնդման այլ կազմակերպությունների գործունեությունը արտասահմանում, այդ թվում հատկապես Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ մյուս կազմակերպությունների լոբբիստական եւ հարակից աշխատանքները: Եվ եթե նկատի ունենանք, որ Հայ դատի իր գրասենյակների գործունեությամբ ՀՅԴաշնակցությունը կարեւոր դերակատարություն ունի արտերկրում Ցեղասպանության ճանաչման ասպարեզում, ինչը դժբախտաբար չենք կարող հաստատել ՌԱԿ-ի պարագայում, ապա նրա խնդիրն է մենատիրություն հաստատել նաեւ այդ ասպարեզում եւ, նույնհետայն, որպես այդպիսին, որպես սփյուռքում միակը, իր կամքը թելադրել բոլորի, այդ թվում եւ Հայաստանի իշխանություններին, ո՛րեւէ իշխանության:

(Զարմանալիորեն, այս հարցում նախապես առավել արմատական էր ՌԱԿ-ի ներկա վարչության կեցվածքը, որի 01.05.07 թվակիր հայտարարությունը կամ «Կոչ հայ ժողովրդինը» ուներ նաեւ այսպիսի տողեր` «հայկական դատի պահանջատիրության իրաւունքը բացառապես արեւմտահայութեան պատկանող, գերազանցապէս քաղաքական հարց է, ուրեմն այդ ուղղութեամբ բոլոր նախաձեռնութիւնները պէտք է որ ըլլան միայն սփիւռքի հայկական կուսակցութիւններուն կողմէ եւ անոնց միջոցաւ»: Ոչ ավել, ոչ պակաս: Անկեղծորեն, մեր քաղաքական գրականութեան մեջ վաղուց չէի հանդիպել նման արտառոց մտքի: Կարծես այլ դարում եւ այլ ժամանակներում է ապրում ՌԱԿ-ի այս վարչությունը: ՌԱԿ հին ծրագիր-կանոնադրություններում անգամ չէիք հանդիպի նման մտքի: Անցնող 40 տարիների ընթացքում, Հայ դատի հետապնդման ճանապարհին, եւ հայ ժողովրդի կյանքում կարծես տեղի չի ունեցել որեւէ նորություն, տեղաշարժ, կարծես Հայաստանը դեռեւս մնում է Խ. Միության կազմում: Բարեբախտաբար, ՀՅԴ-ՌԱԿ միջկուսակցական համաժողովի հայտարարությունը այդպիսի ծայրահեղությունից մնացել է հեռու եւ «արեւմտահայությունը» չի սեփականաշնորհել Հայ դատը):

Դեկլարատիվ է հնչում հայտարարության այն հատվածը, որը վերաբերում է Հայաստանի «սահմանամերձ շրջանները» անձեռնմխելի եւ «Արցախում բնակությունը առավել եւս «հրապուրիչ» դարձնելուն: Հրաշալի ցանկություններ: Սակայն բացահայտ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակություններին ավանդական կուսակցություններն ու նրանց շարքայինները նվազագույն չափով են մասնակցել ցարդ: Վերոհիշյալ հայտարարությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՅԴ-ն ու ՌԱԿ-ը որոշել են այսուհետեւ փոխել իրենց մասնակցության չափը. կերեւա առաջիկա օրերին, հերթական հեռուստամարաթոնի ժամանակ:

Համեմատաբար լավ է ներկայացված Ջավախքի հիմնահարցը, սակայն խիստ տարակուսելի է «Վրաստանի կազմում ինքնավարության ձեռքբերման օրինական պահանջներին» նպաստելու հատվածը: Եթե հրաշիւք իմն, ասենք վաղը, Ջավախքը ինքնավար դառնա, հայաթափությունն այդ երկրամասում չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ ջավախահայությունը կայուն աշխատանքի պայմաններ չունենա, հետեւաբար ազգային ու քաղաքական հարցերի լուծման հիմքը նյութական ներդրումներն են: Թող որ այս պահին, երբ անլուծելի են մնում Աբխազիայի եւ Օսեթիայի հակամարտությունները, Թբիլիսին որպես թշնամական ակտ է ընդունելու նման հայտարարությունը:

ՀՅԴ-ՌԱԿ հայտարարության որոշումների բաժնում հատուկ հիշատակվում է նաեւ Լիբանանի հայության ներկա մտահոգիչ վիճակը եւ ստորագիր կողմերը հանձն են առնում «հատկապես համագործակցել Լիբանանի հայության անվտանգության եւ քաղաքական ինքնուրույնության պահպանման համար»: Հրաշալի միտք եւ անհրաժեշտ գործ: 1970-ականների կեսերին այդ երկրում ավանդական կուսակցությունների ղեկավարները ընդունեցին իմաստուն որոշում` «դրական չեզոքության» բանաձեւը: Այժմ, նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը հետեւած նոր տագնապից հետո, մեր կուսակցությունները գտնվում են բեւեռայնորեն հակադիր դիրքերում` ՀՅԴ-ը սիրիամետ, իսկ ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ը` Սաադ Հարիրիի հակասիրիական ուժերի կողքին: Անտագոնիստական այս դիրքորոշումը հակասությունների այդ երկրում ոչ միայն պատճառ է դառնում քաղաքական տարբեր խմբավորումների թշնամանքին, այլեւ սեփական շարքայինների դժգոհության: Այսուհանդերձ, կողմերն այնքան են խորացել իրենց կեցվածքի մեջ, խորհրդարանում գոնե ՌԱԿ-ի երեսփոխանն այնքան է անկախ դարձել իր կուսակցությունից, որ դժվար թե մեր ավանդական կուսակցություններին հաջողվի համախոհություն ստեղծել իրենց, հետեւաբար լիբանանահայության ներսում: Իսկ եթե այս համաժողովից բխելու է համախոհական աշխատանք` մեզ մնում է միայն սրտանց ողջունել:

Իսկ վերջում կուզենայի եւս մի անդրադարձ կատարել հայտարարության այն հատվածի վերաբերյալ, որը վերաբերում է սփյուռքը «միաձույլ եւ կենտրոնաձիգ» պահելու հանձնառությանը: «Սփյուռքը պետք է պահվի կազմակերպված եւ առավելագույն չափով հեռու հատվածականությունից եւ բաժանման առաջնորդող այլ ազդակներից», հայտարարում են զույգ կուսակցությունները, բացառիկ օրինակ տալով, թե ինչպես փարիսեցիությունն ու պիղատոսությունը կարող են այսպես ձեռք-ձեռքի հանդես գալ: Արդեն 50 տարուց ի վեր, իսկ Մ. Նահանգներում` 30-ական թթ.-ից սկսյալ «հատվածականության» եւ «բաժանման առաջնորդող» գլխավոր «ազդակներից» է եղել եւ դեռ մնում է Հայ եկեղեցու տագնապը, ավելի շուտ` Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Մայր աթոռ Սբ. Էջմիածնին հակադրելու միջոցով սփյուռքահայ գաղթօջախներում Դաշնակցության համար քաղաքական, նյութական եւ մարդկային կռվաններ ստեղծելը: Հենց այդ հանգամանքն է եղել ՀՅԴ-ՌԱԿ հարաբերությունների լարման ամենագլխավոր պատճառներից մեկը: Իսկ հիմա, ըստ հայտարարության, երկու կուսակցությունները որոշել են... Ոչինչ էլ չեն որոշել, եկեղեցական տագնապի մասին ոչինչ չեն արձանագրել նրանք, նույնիսկ փորձ չեն արել դիմագրավելու այդ մարտահրավերը: Մինչդեռ Հայ եկեղեցին սփյուռքում հայությունը միավորող գլխավոր ազդակն է հայ մշակույթի հետ:

Այդուհանդերձ, նման հանդիպումներն ու համաժողովները, թեկուզ ՌԱԿ-ի պարագայում ոչ լիարժեք ներկայացուցչականությամբ, օգտակար են եղել միշտ` սկսած 1923 թ.-ից եւ հետագայում Մեծ եղեռնի 50-ամյակի, 60-ամյակի, լիբանանահայության ինքնապաշտպանության եւ այլ առիթներով: Պարզապես պետք է քաղաքական տարակարծություններին ու համահայկական խնդիրներին մոտենալ շիտակ, անկեղծ, պետականություն ունեցող ժողովրդի հասունությամբ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4