Հասմիկ Պապյանը երկրորդ անգամ Նյու Յորքի Մետրոպոլիտենի ունկնդիրներին հիացրեց իր Նորմայով, արժանանալով հոտնկայս ծափերի ու մեծ ընդունելության: Մամուլի գնահատականները դեռ սակավ են (դրանց կանդրադառնանք առաջիկայում), բայց դրանցում վերաբերմունքը ջերմ է. նոյեմբերի 12-ին կայացած առաջնախաղից հետո «Նյու Յորք փոստի» քննադատը նկատում է. «հայազգի սոպրանոն, հետաքրքրական, դրամատիկ, հագեցած գույներով ձայն ունի: Նրա կերտած Նորման այնքան համոզիչ է, որքան հնարավոր էր դրուիդների քրմուհուն ներկայացնելու համար»:
Համաշխարհային մամուլի արձագանքներին հետեւելով ակնկալելի էր, որ 1999-ին Աիդայի դերերգով Մետրոպոլիտեն առաջին անգամ ոտք դրած, այնուհետ եւս երկու անգամ նույն դերերգով հիշյալ բեմ վերադարձած սոպրանոնՙ Նորմայիՙ աշխարհի տարբեր բեմերում հաղթանակով պսակած իր երթը հանգրվանային էր դարձնելու Մետրոպոլիտենում:
Երաժշտագետները համոզված են, որ 11 օպերաների հեղինակ 33 տարեկանում մահկանացուն կնքած Բելլինիի (1801-1835) ստեղծագործությունները մարդկային ձայնի գեղեցկության մասին են պատմում: Նորմայի դերերգը բարդագույնն էՙ վոկալ, երաժշտական եւ դրամատիկ իմաստով: Մի անգամ հիշում եմ, որ Վաշինգտոն օպերային թատրոնը «Նորմայի» բեմադրության մասին պատմող իր էջում այսպիսի համեմատություն էր արելՙ սոպրանոյի համար Նորմայի դերերգը նույնն է, ինչ դրամատիկ դերասանի համար Համլետի դերը:
Տեղեկացնենք, որ Մետրոպոլիտենում Մաուրիցիո Բենինիի ղեկավարած Պապյանի Նորման կարելի է ունկնդրել նաեւ նոյեմբերի 19-ին, 23-ին: Հաջորդ ներկայացումներըՙ նոյեմբերի 26-ին, 30-ին դեկտեմբերի 4-ին եւ 7-ին երգելու է ուկրաինուհի հանրահայտ սոպրանո Օլգա Գուլեգինան:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա