«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2007-11-15 | #211, 2007-11-16 | #212, 2007-11-17


ՀԱՅԵՐԸ ԿՐԿԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԻ ՆՎԱՃՄԱՆԸ

Այսօր կեսգիշերինՙ Պորտուգալիա-Հայաստան

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւան-Փարիզ-Լիսաբոն-Լեյրիա չվերթով մեկնեց Պորտուգալիա, որտեղ այսօր Եվրո-2008-ի ընտրական մրցաշարի հերթական խաղում ուժերը կչափի տեղի ընտրանու հետ: Խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկու երկրներում էլ եւ կարեւոր նշանակություն ունի: 30 հազարանոց մարզադաշտի բոլոր տոմսերը գրեթե սպառվել են: Ինչպես հայտնի է, պորտուգալացիները պայքարում են «A» խմբում եզրափակիչի ուղեգրի նվաճման համար: Անցկացրած 12 հանդիպումներում պորտուգալացիները վաստակել են 23 միավոր եւ ընթանում են 2-րդ տեղում: Առջեւում 24 միավորով լեհերն են, իսկ 20-ական միավորով պորտուգալացիներին հետապնդում են Սերբիայի եւ Ֆինլանդիայի հավաքականները: Ընդ որում, ֆիններին պորտուգալացիները հյուրընկալելու են նոյեմբերի 21-ին: Այնպես որ Պորտուգալիայի ընտրանին լավ հնարավորություն ունի կրկին հանդես գալու Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք, որ 2004-ին Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Լուիս Ֆելիպե Սկոլարիի սաները հասան մինչեւ եզրափակիչ, որտեղ զիջեցին հույներին (0-1):

Պորտուգալիայի հավաքականը ֆինների հետ ոչ-ոքի (1-1) արդյունքով մեկնարկեց ընտրական մրցաշարում: Հաջորդ խաղում հյուրընկալելով ադրբեջանցիներին, պորտուգալացիներն անդրանիկ հաղթանակը տոնեցին (3-0): Նույնպիսի հաշվով Պորտուգալիայում պարտություն կրեցին նաեւ ղազախները, իսկ մինչ այդ պորտուգալացիների համար անհաջող էր ավարտվել ուղեւորությունը Լեհաստան, որտեղ առաջին պարտությունն էին կրել (1-2): Բելգիայի հավաքականն էլ Պորտուգալիայում ջախջախիչ պարտություն կրեց (0-4): Այնուհետեւ պորտուգալացիները արտագնա խաղերում նախ ոչ-ոքի (1-1) ավարտեցին հանդիպումը սերբերի հետ (1-1), ապաՙ կրկին հաղթեցին բելգիացիներին (2-1):

Օգոստոսի 22-ին Պորտուգալիայի ընտրանին հյուրընկալվեց Երեւանում եւ միայն Քրիստիանու Ռոնալդուի վարպետության շնորհիվ ու մեր պաշտպանների անփույթ խաղի պատճառով կարողացավ մեկ միավոր վաստակել: Իսկ ահա լեհերի (2-2) ու սերբերի (1-1) հետ հանդիպումներում պորտուգալացիների բախտը չբերեց: Նրանք հաղթանակը ձեռքից բաց թողեցին վերջին րոպեին: Սերբերի հետ հանդիպման վերջում Լուիս Ֆելիպե Սկոլարին չկարողանալով տիրապետել իրենՙ հարվածեց մրցակից խաղացող Իվիցա Դրագուտինովիչին, որի համար ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից սկզբից որակազրկվեց 4 խաղով, այնուհետեւ պատիժը մեղմեցինՙ կրճատելով մեկ խաղով: Այնպես որ այսօրվա խաղում Սկոլարին զրկված կլինի իր սաների գործողությունները պահեստայինների նստարանից ղեկավարելու հնարավորությունից:

Ընտրական մրցախաղին նախապատրաստվելիս պորտուգալացիները կազմի հետ կապված որոշակի դժվարությունների են հանդիպել: Վնասվածքներ ունեն Դեկուն, Լուիշ Միգելը, Ռիկարդու Կարվալյուն եւ Պաուլո Ֆեռեյրան: Սկոլարին թիմ է հրավիրել հավաքականի նորեկներ, «Սպորտինգի» 28-ամյա աջ պաշտպան Աբելին եւ Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան, 24-ամյա բրազիլացի Պեպեին:

Հայաստանի հավաքականում վնասվածք ունեն Եղիշե Մելիքյանը, Ռոբերտ Զեբելյանը եւ Արա Հակոբյանը, որոնք Պորտուգալիա չեն մեկնել, իսկ Արտավազդ Քարամյանն անձնագրի հետ կապված խնդրի պատճառով թիմին կմիանա Պորտուգալիայում: Նշենք, որ առաջիկա երկու հանդիպումներին ազգային հավաքականը նախապատրաստվում է Վարդան Մինասյանի եւ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Ինչպես երեւում է, Թոմ Ջոնսի ծառայություններից ֆեդերացիան որոշել է հրաժարվել:

Այսօրվա հանդիպումը Հայաստանի հավաքականի համար եւս կարեւոր նշանակություն ունի 6-րդ հորիզոնականում ամրապնդվելու համար: Խաղը կայանալու է Լեյրիայում Երեւանի ժամանակով գիշերվա 1-ին եւ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է հանրային հեռուստատեսությամբ:

Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականները չորրորդ անգամ են ուժերը չափելու: Առաջին հանդիպումը կայացել է 1996-ի օգոստոսի 31-ին «Հրազդան» մարզադաշտում: Դա 1998-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի անդրանիկ հանդիպումն էր, որում մեր հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ ոչ-ոքի խաղաց ահեղ մրցակցի հետ: Հավաքականում նորամուտը նշած Ռոման Բերեզովսկին անառիկ պահեց դարպասը, թեեւ 86-րդ րոպեին պորտուգալացիները ստացել էին 11 մ հարվածի իրավունք: Բայց պորտուգալացի Օսեանուի հարվածը դիպավ ձողին: Բացի Բերեզովսկուց, այդ խաղին հավաքականի ներկա կազմից մասնակցել են նաեւ Սարգիս Հովսեփյանն ու Համլետ Մխիթարյանը: Ի դեպ, այդ խաղում կորցրած երկու միավորը հետագայում ճակատագրական եղավ պորտուգալացիների համար, որոնց չհաջողվեց եզրափակիչի ուղեգիր նվաճել:

Գրեթե մեկ տարի անցՙ 1997-ի օգոստոսի 20-ին Սետուբալի «Բոնֆիմ» մարզադաշտում պորտուգալացիները 3-1 հաշվով հաղթեցին մեր հավաքականին: 22-րդ րոպեին հաշիվը բացեց Օլիվեյրան, 8 րոպե անց Ֆիգուն 2-րդ գոլը խփեց: Ընդմիջումից անմիջապես հետո Էրիկ Ասադուրյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 54-րդ րոպեին Բարբոզան կրկին հաստատեց երկու գնդակի առավելությունը: Այդ խաղում մեր հավաքականի դարպասը պաշտպանում էր Հարություն Աբրահամյանը, իսկ ներկա կազմից հանդես եկավ միայն Սարգիս Հովսեփյանը:

Ի դեպ, այսօրվա խաղում մեր հավաքականի երկու ֆուտբոլիստներՙ Ռոման Բերեզովսկին ու Ռոմիկ Խաչատրյանը կարող են անցկացնել ազգային հավաքականում իրենց հոբելյանականՙ 50-րդ խաղերը: Իսկ անցկացրած խաղերի քանակով հավաքականի ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանի համար հանդիպումը կլինի 94-րդը:

Պորտուգալացիներն աչքի են ընկնում տեխնիկական բարձր վարպետությամբ, որի համար նրանց հաճախակի եվրոպական «բրազիլացիներ» են անվանում: Ինչ խոսք, հավաքականի խաղում բրազիլական ֆուտբոլին բնորոշ հատկանիշներ է փորձում ներարկել նաեւ բրազիլացի մասնագետ Լուիս Ֆելիպե Սկոլարին: Նա բրազիլական ֆուտբոլի համար ճգնաժամային պահի գլխավորեց երկրի ազգային հավաքականը եւ թիմին չեմպիոնական բարձունքին հասցրեց: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Սկոլարին հեռացավ Բրազիլիայից եւ գլխավորեց պորտուգալացիներին, որոնք էլ հաջող են հանդես գալիս: Հավաքականի երկրպագուները վստահ են, որ այս անգամ էլ իրենց սիրելիները հանդես կգան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Իսկ դրա համար պորտուգալացիներին այսօրվա խաղում հաղթանակ է անհրաժեշտ:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Լեհաստան1273220-1024
2. Պորտուգալիա1265123-1023
3. Սերբիա1255219-920
4. Ֆինլանդիա1255211-620
5. Բելգիա1243513-1415
6. Հայաստան102354-119
7. Ղազախստան1214710-207
8. Ադրբեջան101275-255

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4