«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2007-11-16 | #212, 2007-11-17 | #213, 2007-11-20


ԿԵՆՏՐՈՆԻ ՈՐՈՇ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ

Կառուցապատման խոշոր նախագծեր «Մարս» գործարանին եւ Տիչինայի փողոցին հարող տարածքներում

Մայրաքաղաքում մի շարք նոր նախագծերի մասին հայտնեց երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի երկու խոշոր տարածքներումՙ «Մարս» գործարարի մոտ եւ Տիչինայի փողոցին հարող հատվածներում կիրականացվեն քաղաքաշինական նոր ծրագրեր: «Մարս» գործարանի մոտ գտնվող 250 հա տարածքում կկառուցվեն հասարակական նշանակության շենքեր, կանաչապատ մեծ տարածքներով: Այստեղ նախատեսվում է ստեղծել նաեւ տեխնոպարկեր: Գլխավոր ճարտարապետի հավաստմամբ, վերոնշյալ տարածքների կառուցապատման նպատակը Կենտրոնի որոշ գործառույթներ քաղաքի այլ հատվածներ տեղափոխելն է:

Սամվել Դանիելյանը կարեւորեց Կենտրոնից հետո եւս 4 համայնքներիՙ Աջափնյակի, Արաբկիրի, Դավիթաշենի եւ Նորք-Մարաշի գոտեւորման նախագծերի մշակումը: Բացի այդ, հստակեցվել են Երեւանի հարակից գոտու սահմանները: Երեւանում արտադրական տարածքների օգտագործման վերաբերյալ ուսումնասիրություններ են անցկացվում:

Ինչպես հայտնեց գլխավոր ճարտարապետը, արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ճշտվելու են արտադրական տարածքների հետագա օգտագործման հեռանկարները եւ այն տարածքները, որոնք օգտագործման ենթակա չեն, պետք է կառուցապատման համար նախատեսվեն:

Նոր կանաչ տարածքների ստեղծման մասին Սամվել Դանիելյանը հայտնեց, որ գույքագրվել է շուրջ 1400 հա կանաչապատ տարածք, որից 700 հա-ի վրա առանց մեծ ներդրումների կարելի է սկսել կանաչապատումը, իսկ մնացած 700 հա-ի վրա այդ աշխատանքները սկսելու համար որոշակի ներդրումներ են անհրաժեշտ: Մեկ այլ ուսումնասիրություն էլ անցկացվել է ճշտելու համար կանաչապատ տարածքներում հողիՙ ծանր մետաղով աղտոտվածության վիճակը: Հետագայում պետք է ճշտվեն այն ծառերի եւ թփերի տեսակները, որոնք առավել լավ են մաքրում օդն ու հողն աղտոտումից: Տեղեկացվեց նաեւ, որ ավարտվել է Երեւանի կենդանաբանական այգու նորոգման նախագծի մշակումը եւ եկող տարվանից կսկսի իրականացվել:

Ինչ վերաբերում է կառուցապատման ծրագրերին, ապա Հյուսիսային պողոտայի շարք մտնելուց հետո դրանք շարունակվում են Գլխավոր պողոտայում: Իրացման եւ շինարարական աշխատանքներ են ընթանում նաեւ իրացման գոտիներ հայտարարված այլ տարածքներում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4