«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2007-11-16 | #212, 2007-11-17 | #213, 2007-11-20


ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նոյեմբերի 21-ից կսկսվեն Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրումները, մինչ այդ անցած շաբաթ խորհրդարանականները փորձում էին բարեփոխել ընտրական օրենսգիրքը. մի շարք վիճահարույց դրույթներ, այնուամենայնիվ, փոխզիջումային տարբերակով ընդունվեցին, բայց մի կարեւոր դրույթ, որը թույլ էր տալու դաշինքներին կամ քաղաքացիական նախաձեռնություններին` թեկնածու առաջադրել, այդպես էլ չտեղավորվեց ԸՕ-ի տիրույթում: Այնպես որ, դաշինքներ կազմող նախագահացուները պետք է տասը չափեն, մեկ կտրեն, մտածելու համար, թե հատկապես ո՞ր քաղաքական ուժն է առաջադրում նրան եւ ի՞նչ կշիռ ունի այդ քաղաքական ուժը քաղաքականության մեջ: Իսկ առաջարկվող այն դրույթը, որով նախատեսվում է քվեարկելուց հետո դրոշմել ընտրողի անձնագրի «հատուկ նշումներ» բաժնում (Դաշնակցության առաջարկն էր), նախ ընդունելի համարվեց, հետո տորպեդահարվեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի եւ հանրապետական Արմեն Աշոտյանի կողմից` անվանվելով մարդու իրավունքների ոտնահարում, դեռ Գալուստ Սահակյանն էլ երկրորդ ընթերցմամբ քննարկելու նախորդ օրը գրավոր առաջարկ էր արել հանելու այդ դրույթը: Սակայն ամեն ինչ «հեփի էնդինգ»-ով վերջացավ. փոփոխությունները նախաձեռնող խմբի անունից ներկայացնող Սամվել Նիկոյանը, անձամբ կողմ չլինելով` ընդունելի համարեց այդ դրույթը, քանի որ ՀՅԴ-ի առաջարկին միացել էին նաեւ ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», Գ. Սահակյանն էլ հետ կանգնեց իր առաջարկից. փոխադարձ ժեստերի արդյունքում ընդունվեց մի դրույթ, որն աննախադեպ է առաջարկող ուժերի տեսակետից` կրկնակի քվեարկությունները բացառելու առումով: Սակայն ընտրական գործընթացներին մոտ կանգնած մարդկանց կարծիքով` այդպիսի կնիքներ պատրաստելը եւ դրանցից օգտվելը մեծ դժվարություն չի ներկայացնելու, եթե այդպիսի ցանկություն դրսեւորվի: Օրինակ, եթե թեկնածուն գիտե, որ իրենից կախված բավական մեծ խումբ մարդիկ իրեն չեն ընտրելու, թեեւ ասում են` «կընտրենք», կարող է այդ մարդկանց անձնագրերում նախօրոք կնիք խփել, որից հետո այդ մարդիկ հազիվ թե գնան ընտրելու, իսկ ինքը նրանց դիմաց ստորագրել տալով եւ քվեաթերթիկներ լցնելով քվեատուփը, կապահովի ուրիշ թեկնածուի օգտին պոտենցիալ քվեարկողների` իր օգտին ձայները: Այսպիսի 5-6 նկարագրություն ընտրագործընթացներից տեղյակ մարդիկ արեցին: Այսպես, թե այնպես` այդ դրույթն իրողություն է, եւ դրա գործունակությունը մենք կկարողանանք ստուգել միայն փետրվարի 19-ին:

Ավելացնենք, որ նախընտրական հիմնադրամի գումարի չափը երկար տուրեւառումներից հետո մնաց նույն 70 մլն դրամը, ընտրագրավի չափն էլ բարձրացվեց` 5 մլն դրամի փոխարեն դառնալով 8 մլն դրամ:

Այս` ընտրակեղծիքների դեմ պայքարի մտայնությամբ առաջարկվող փոփոխությունները կատարվում էին անցած ուրբաթ, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, իսկ արդեն նույն օրվա երեկոյան Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում բացահայտում էր մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների, իր խոսքովՙ «հանճարեղ ընտրակեղծիքները». տպագրվել է կես մլն հավելյալ քվեաթերթիկ եւ տասնյակ հազարավոր մարդկանց տրամադրվել են կեղծ անձնագրեր կամ համապատասխան կնիքներով վավերացված կեղծ տեղեկանքներ: Եվ դրա դեմն առնելու համար հանրահավաքի անունից առաջարկեց դիմել միջազգային կազմակերպություններին, որպեսզի վերջիններս ճնշում գործադրեն հայոց Ազգային ժողովի վրա, վերջինս էլ ԸՕ-ում կատարի այնպիսի փոփոխություններ, որոնցով քվեաթերթիկները արտասահմանում կտպվեն, ընտրողն էլ ստորագրության կողքին կդրոշմի թանաքոտված ցուցամատը: Ճիշտն ասած` եթե այս ասողը պատահական մարդ լիներ, կարելի էր աչքաթող անել, սակայն քանի որ ասում է Հայաստան պետության ներքին բոլոր, այդ թվում` ընտրական գործընթացների գաղտնիքներին տիրապետող մեկը, ով նաեւ այդպիսի ծառայություններից օգտվել է 1996 թվականին, այլապես ընտրությունների արդյունքում նրա հաշվին կգրանցվեր, հավատացած եմ, երեք անգամ պակաս ձայն, ստիպված ենք մտածել, որ նա կամ ճիշտ է, այդ դեպքում իշխանության կողմից` հասարակության լայն զանգվածին բավարարող բացատրություն պետք է հնչի, կամ էլ զրպարտում է, եւ ԿԸՀ-ն, որպես զրպարտության սուբյեկտ, պետք է դատի տա Տեր-Պետրոսյանին:

Մյուս կողմից էլ ցավալի է, որ որպես արդար ընտրության երաշխավոր Տեր-Պետրոսյանը տեսնում է միայն դրսի ուժերին ու այդպես, դրսի ուժերին հայացքը հառելով է ուզում կրկնադառնալ սեփական երկրի նախագահ. այսպիսով` տղա բերելը հայրենի ընդդիմության բոլոր թեւերի համար շարունակում է մնալ օրակարգում:

Ընդհանրապես` Տեր-Պետրոսյանի այս ելույթը լի էր հակասություններով: Խնդիր չդնելով վերլուծել ելույթը, նշենք մեկ-երկուսը: Այսպես` եթե Սերժ Սարգսյանը իր կառավարության նախարարներից է եղել, իսկ իր կառավարությունը, էլի իր խոսքերով, շատ լավ աշխատել է, պատերազմում էլ հաղթել, այն ժամանակի մեջ էլ, ուրեմն, իր` բարձր բարոյականությամբ կառավարության մաս է կազմել, այս կառավարության մեջ միանգամից բարոյականությունը կորցրե՞լ է, ինչ է:

Կամ` եթե Տեր-Պետրոսյանը իշխանության չի ձգտում, «իր եւ իրեն սատարող քաղաքական ուժերի նպատակը ոչ թե բարձր աթոռների բազմելն է, այլ ներկա հանցավոր վարչախմբի վերարտադրության խափանումը», ապա սա առավել քան մութ նպատակ է. եթե չես ասում` ո՞ւմ ես բերում իշխանության, ասում ես` կողքիններդ չեն բազմելու, սրանց էլ հեռացնելու ես` ի՞նչ է սա, եթե ոչ արկածախնդրություն, պետությունն ու ժողովրդին անիշխանության ու քաոսի մատնելու նկրտում, ինչպես որ բոլոր հեղափոխությունների հետեւանքում է լինում. համակարգ ջարդելը (կազմաքանդելը` ինչպես Տեր-Պետրոսյանն է սիրում ասել) ու դրա փոխարեն ոչինչ չառաջարկելը նշանակում է երկիրը մատնել քաոսի, ուր ով ասես ինչ ասպատակություն ասես կարող է անել, նշանակում է նպատակ ունենալ մի նոր սերնդի մատնելու անտերության եւ արտագաղթի, ինչպես որ մի սերունդ առաջ եղավ: Իսկ եթե պարոն Տեր-Պետրոսյանը կեղծում է եւ իր կողմնակիցներով ուզում է իշխանության գալ, այդ մասին բարձրաձայնելն ավելի ազնիվ կլինի: Ձեռի հետ էլ թող ասի` ո՞ւմ է նորից նախարար կարգելու, եթե հանկարծ ու իշխանության գա, իր թված, իր հետ հրաժարական տվածների՞ն, թե՞, այնուամենայնիվ, նոր մարդիկ էլ կան: Մի Նիկոլ Փաշինյանո՞վ է իշխանության գալու: Նախկին ռայկոմի քարտուղարով ու մի հնչակյանո՞վ է ավգյան ախոռներ մաքրելու: Տիգրան Թորոսյանն էլ կարծում է, թե ավգյան ախոռները 1997-ին են մաքրվել:

Բոլոր դեպքերում` Տեր-Պետրոսյանի ելույթները քանի գնում, նոր հարցականներ են ծնում` փոխանակ պատասխանելու իր առաջին ելույթի հարցականներին: Ու քանի որ հանրահավաքային ելույթները մարդկանց տեսակետները հայտնելու նորմալ ամբիոն չեմ համարում, Տեր-Պետրոսյանն առաջադրվելուց եւ իր հասանելիք եթերը ստանալուց հետո գուցե իսկապես կարողանա՞ պարզել իր նպատակները: Թե չէ մի պրիմիտիվ (Տեր-Պետրոսյանի սիրած ածականներից է) բան կա, որ ամբիոնից մի ձենի բղավում ես, հետո հուշում կողմնակիցներիդ օվացիայի պահը, եւ այդ աղմուկի մեջ հնարավոր չէ որեւէ խելամիտ նպատակ ուրվագծել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Հենց սկզբից էլ պարզ էր, եւ հիմա էլ տեսանելի է, որ Տեր-Պետրոսյանի թվարկած քաղաքական ուժերի ղեկավարներից ոչ մեկը չի արձագանքելու միասին ընտրությունների գնալու նրա առաջարկին. շատ մեծ է սեփական անձը նախագահի թեկնածու տեսնելու գայթակղությունը եւ շատ կասկածելի են Տեր-Պետրոսյանի առաջարկած նպատակները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4