«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2007-11-16 | #212, 2007-11-17 | #213, 2007-11-20


ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՙ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

Առողջապահական համակարգում ծրագրվող փոփոխությունները, օրենքները (ընտանեկան բժիշկ, բժշկի ազատ ընտրություն, բուժհիմնարկների լիցենզավորում եւ այլն) առայժմ դժվար կիրառելի են մեր իրականության եւ բարքերի ներկա պայմաններում: Չմանրամասնենք, թե բուժվելիս որքան բարդություններ են ծագում առողջապահական լուրջ խնդիր ունեցող պարզ քաղաքացու համար: Միայն ներկայացնենք էլփոստով «Ազգին» ուղարկված մեր քաղաքացիներից Անահիտ Քոչարյանի նամակը, որին կից լուսանկարները մեկնաբանության կարիք թեեւ չունեն, բայց պարզաբանման անհրաժեշտությունՙ այո:

«Ես թոշակառու եմ, եղել եմ մանկաբարձ-գինեկոլոգ 38 տարվա աշխատանքային ստաժով: Կարծում եմՙ հարկ չկա նշելու ազգաբնակչության առողջության եւ մասնավորապես վերարտադրողական առողջության կարեւորությունը պետության կայացման, նրա ամրապնդման գործընթացում: Իսկ ամեն մի ընտանիքի համար նորածնի աշխարհ գալը ցնծություն է:

Ապրում ենք Էրեբունի համայնքում: Հարսս հղի էր, այցելեցինք տեղամասային պոլիկլինիկա, որը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի կազմում է հայտնվել օպտիմալացման ծրագրերից հետո: Մեր տարածքային մանկաբարձ-գինեկոլոգը շատ բարեհամբույր իրականացրեց հսկողությունը հղիության ընթացքում: Թվում էր, թե ամեն ինչ լավ է լինելու եւ ավարտվելու էՙ թողնելով բարի հիշողություններ: Բայց հղիության վերջին շրջանում, հանձնելով «փոխանակման թերթիկը», պոլիկլինիկայի բժշկուհին, ի զարմանս մեզ, կիսախնդրանքով, կիսահրամայաբար պահանջեց ծննդաբերությունն անպայման անցկացնել «Սուրբ Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում: Մեր առարկություններին, թե ուրիշ ծննդատանը ծանոթ բժշկուհի ունենք ու այնտեղ ենք ուզում գնալ, հետեւեց աղերսագին խնդրանքը. «Եթե դուք չգնաք «Սուրբ Գրիգոր Նարեկացի» ԲԿ, ապա ես լուրջ խնդիրներ կունենամ իմ տնօրենի հետ: Նա հրամայել է ու խիստ հսկողություն է իրականացնում ամեն բժշկի ուղարկած հղիների քանակի վրա»: Մնացել էինք ապշած...Կա «Բժշկի եւ բժշկական հաստատության ազատ ընտրության իրավունք»: Տնօրենը փաստորեն ոչ միայն խոչընդոտում է այդ սկզբունքի կիրառմանը, այլեւ յուրօրինակ «պատիժներ» է սահմանում այդ «խոչընդոտումը» չիրականացնողների նկատմամբ: Սակայն ամենազավեշտականը դեռ առջեւում էր: Եկավ ծննդաբերության ժամը, մեր բախտից ծանոթ բժշկուհին ժամանակավորապես բացակայում էր քաղաքից: Մենք էլ որոշեցինք գնալ «Սուրբ Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն: Այն, ինչ տեսանք, իսկապես անհավատալի էր: Որպեսզի մեր ասածը չթողնի զառանցանքի տպավորություն, լուսանկարեցինք: Նախՙ շենքը վթարային վիճակում է, պատերին առաջացած ճեղքվածքները սարսափ էին առաջացնում ու տեսանելի էր, որ կառույցը «նստում է»: Այդպիսի շենքում գտնվելն իսկ վտանգավոր է, ուր մնաց դրանում բժշկական գործունեություն իրականացնելը: Առաջին հարկը, ուր կիսաբաց դռներից մեզ հաջողվեց ներս գնալ ու նայել, հետպատերազմյան իրականություն էր հիշեցնում, շինարարական աղբով լեցուն, կեղտի մեջ թաղված սենյակներ: Ցնցված էինք: Տարօրինակ է, թե ինչպես առողջապահության նախարարությունը, քաղաքապետարանը հանդուրժում են այս իրավիճակը, ինչպես են այդ շենքին բժշկական կենտրոնի կարգավիճակ շնորհել ու դեռ ստիպում են, ամեն մի թույլատրելի ու անթույլատրելի մեթոդ կիրառելով, որ շրջակայքի հիվանդներն ու բնակիչները սպասարկվեն հենց այդ կենտրոնում: Որքանով տեղեկացանք, շենքը պետք է այդ վիճակում ծառայի եւ գործունեության ընթացքում ենթարկվի վերանորոգման: Իսկ ամենազավեշտականը այնտեղ իմացանք, որ առողջապահության նախարարությունը հանձնարարական էր իջեցրել. «Երեւանի ողջ տարածքում իրականացնել ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների ստուգում», եւ հանձնաժողովը ուսումնասիրելով «Սբ. Գրիգոր Նարեկացի» ԲԿ-նՙ որեւէ արտառոց բան չէր նկատել:

Հարգելի «Ազգի» խմբագրություն, խնդրում եմ արձագանքեք մեր ահազանգին: Այսպիսի իրավիճակը ուղղակի խայտառակություն է, որում հօդս են ցնդում թե՛ բուժհիմնարկների լիցենզավորման օրենքի դրույթները, թե՛ սեյսմիկ ծառայության մշակած բոլոր ստանդարտները, թե՛ սանիտարահակահամաճարակային ծառայության նորմերը, թե՛ բնակչության բժշկական ծառայության օրենքի դրույթները, թե՛.... կարելի է դեռ շարունակել այս ցանկը: Եվս մեկ նկատառումՙ որքանո՞վ է շահավետ պետական միջոցներով այդպիսի մի կիսադատարկ բուժհիմնարկի գոյությունը»:

Նամակն ահազանգ էր եւ վտանգավոր, քանի որ առնչվում է վերարտադրողական առողջության խնդիրներին: Ուստի մեր անակնկալ այցը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» բուժկենտրոն անհրաժեշտություն էր: Նամակում առաջ քաշված հարցերի մասին զրուցեցինք կենտրոնի տնօրեն Լեւոն Գրիգորյանի հետ:

- Հնարավո՞ր հիվանդիՙ բժշկի ազատ ընտրության իրավունքի վրա բռնանալ:

- Յուրաքանչյուր հիվանդ իր բժշկին ընտրելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով: Մեզ մոտ նման դրվածք չկա: Ո՞վ կարող է ում պարտադրել, թե ինչ անի: Սկզբից էլ երեւում է, որ այդ նամակն անհեթեթություն է:

- Բժիշկ-հիվանդ ձեւավորված հարաբերությունները եւ մթնոլորտը մարդկայնորեն տալիս են այդ հնարավորությունը, ասենք, բարոյական պարտադրանք բժշկի կողմից:

- Բացարձակ հերյուրանք է: Նման բան չի կարող լինել: Եթե հիվանդն իր մոտ է եկել, եւ ինքը օգնություն է կազմակերպել, դրանից հետո նա ինչպե՞ս կարող է այդ հիվանդին որեւէ բան պարտադրել: Նա ո՛ր ծննդատուն, ո՛ր վիրաբուժարան ուզում է, այնտեղ էլ գնում է: Մեր առողջապահական համակարգն այնպես է ստեղծված, որ հիվանդի հետեւից է գումարը գնում, ինքը խնդիր չունի:

- Հնարավոր է` բժիշկը ունի:

- Ոչ, այդպես չէ: Այստեղ ես լուրջ բան չեմ տեսնում, կարող եմ ասելՙ չեմ հասկանում դրա իմաստը: Մեր կենտրոն ծննդաբերելու գալիս են Երեւանի տարբեր մասերից: Մինչեւ 2002-2003-ը հաճախում էին միայն Էրեբունու տարածքից, հիմա նաեւՙ Ավանից, Նորքի զանգվածից, Բանգլադեշից (Հարավ-արեւմտյան թաղամաս): Ամենաքիչը մեր պոլիկլինիկաների հիվանդներն են օգտվում այս ծառայությունից: Սպասարկման մեր տարածքը մեծ չէ: Նույն հաջողությամբ մեր կոնսուլտացիաների հղիներն այլ ծննդատներ են գնում: Եթե մի երեւույթ բժշկի հետ կապված չէ, ինչպե՞ս կարող է վերջինս պարտադրանք կիրառել: Կցանկանայի ծանոթանալ այդ նամակագրի հետ, իմանալու, թե ո՞ր բժշկի մոտ է այցելել, եթե ոչՙ դա կարելի է ընդունել որպես «անանիմնի» նամակ: Մինչեւ չզրուցեմՙ լուրջ չեմ վերաբերի դրան:

- Կենտրոնի շենքային պայմանների վթարային, բուժծառայությունների համար անբարենպաստ վիճակները պատճառն են դարձել նամակագրի նման վրդովմունքի:

- Շինարարությունը վա՞տ բան է:

- Չէ, բայց միաժամանակյա շինարարությունն եւ ծննդաբերությունըՙ վատ բան է:

- Կան համապատասխան ինստանցիաներ, սանէպիդ ծառայություններ, որոնք ամեն ամիս վերահսկում են աշխատանքը, սա հենց այնպես, բարձիթողի ծառայություն չէ, մի քանի գերատեսչություն հսկում են:

- Բավարա՞ր եք համարում կենտրոնի սանիտարահիգիենիկ վիճակը, շինարարությունը չի՞ խանգարում:

- Դա ինձնից չի կախված, ամեն ինչ հսկողության տակ է: Մի կողմը վերանորոգման ընթացքի մեջ է, ճաքած կամ քանդած ու գաջած պատեր կան, ունենք վերանորոգված տարածք եւ վերանորոգման ենթակա տարածք:

Հ.Գ. Բժիշկ-տնօրենություն, բժիշկ-հիվանդ ձեւավորված հարաբերությունները իրականում ստեղծում են պայմաններ, երբ բուժող բժիշկը հաճախ ստիպված է լինումՙ հիվանդին ոչ միայն բուժել, այլեւ որեւէ հիվանդանոց ուղարկելու քարոզչական աշխատանքներ տանել (համոզել, խնդրել, պարտադրելՙ վերջինիս պարագայում հրաժարվում է տրամադրել, ասենք, հիվանդի «փոխանակման թերթիկը»): Սա արվում է հաստատության ներքին (ստվերային) կանոնների համաձայն, հիվանդներ ապահովելու` բժշկին «հանձնարարած» որոշակի քանակային պարտադրանքով, որից կախված է թերեւս շատ բժիշկների լինել-չլինելու հարցը: Այսպիսի տեղեկություններ տալիս են ե՛ւ հիվանդներից շատերը, ե՛ւ բժիշկներից ոմանք, որոնց անունները հասկանալի պատճառներով չեն հրապարակվում:

Ինչ վերաբերում է շենքի վթարային վիճակներին, տնօրեն Լ. Գեւորգյանի հետ շրջեցինք կենտրոնի երեք բաժանմունքներում (մանկաբարձական, գինեկոլոգիական, վիրաբուժական): Մեր այցելած երկու հիվանդասենյակները մաքուր եւ կոկիկ էին, նաեւ վիրահատարանը, միջանցքները բավարար պայմաններում էինՙ առաջին տպավորությամբ: Մի փոքր հատված վերանորոգման ընթացքի մեջ էր, համապատասխանորեն մեկուսացված հիվանդասենյակներից:

Իսկ ո՞ւր մնացին մեր նամակագրի նկարագրած փլվածքներն ու վթարային վտանգները... Պարզվում է, որ սա իրականության մյուս երեսն էր, շենքի այն հատվածը (աջակողմյան), որը մեզ, չգիտես ինչու, ցույց չտրվեց: Եվ սա իրոք համապատասխանում է նամակում արված նկարագրությանը. այստեղ կատարյալ ավերակներ են, խոշոր ճեղքերով պատեր, բժշկական պարագաների հնոտիք, ջարդված, թափթփված ժանգոտած իրեր, քարուքանդ տարածքներ, որ փաստորեն ծննդաբերական բաժանմունքի ներքին հարկն է: Հասկանալի է, որ նման վիճակը կարգի բերելու համար ֆինանսական լուրջ դժվարություններ կան: Արձանագրենք, որ կենտրոնի լիարժեք գործելու իրավասություններում հիվանդին մատուցվող բժշկական ծառայությունները, թեկուզ հենց սանիտարահիգիենիկ պատճառներով, բավարար չեն կարող համարվել: Եվ հենց այստեղ են տագնապի պես հնչում մեր նամակագրի մտահոգությունները բուժհիմնարկների լիցենզավորման օրենքի, սեյսմիկ ծառայության ստանդարտների եւ դրանց կիրառման վերաբերյալ:

Տեղեկանք

«Սուրբ Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը ներառում է նախկին թիվ 1 ծննդատունը, Սարի թաղի, Նոր Արեշի եւ Նուբարաշենի պոլիկլինիկաները, ըստ էության սպասարկելով Էրեբունի համայնքի բնակչության մի ստվար մասին: (Իհարկե, այլընտրանքային ծառայություններից օգտվելու հնարավորությունը օրենքով սահմանված է, եւ պետք է օգտվել դրանից): Ինչպես կենտրոնի տնօրենն է ասում, հիվանդություններն ու հիվանդները պլանավորած չեն կարող լինել. տարեկան այս կենտրոնում բուժվում են շուրջ 1400-1600 հիվանդներ: Հիվանդների ֆինանսավորումը կատարվում է պետականորեն որոշակիորեն նորմավորված գումարներով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4