«Գրանդ հոլդինգի» նոր նախաձեռնությունը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Գրանդ հոլդինգի» հերթական բիզնես գաղափարը, որը երեկ կյանքի կոչվեց, թղթի արտադրության կազմակերպումն էր: Արտադրության բացման արարողությանը հրավիրված էին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նոր արտադրության ստեղծման նպատակով 3 մլն դոլարի ներդրում է կատարվել եւ ձեռք բերվել թղթի արտադրության Չինաստանում արտադրված հոսքագիծ: Այն հնարավորություն ունի աշխատելու երկրորդային հումքով, այսինքնՙ թղթի թափոնով, եւ ցելյուլոզայով: Արտադրությունը ավտոմատացված է, զերծ վնասակար թափոններից եւ համապատասխանում է բնապահպանական չափանիշներին: Արտադրության տարածքը 7100 քմ է: Ձեռնարկությունում կգործեն 200 աշխատատեղեր:
Վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, որ նոր արտադրության գործարկումը միշտ էլ լավ իրադարձություն է, բայց այս ձեռնարկությունն ունի յուրահատկություն: Այն աշխատում է երկրորդային հումքով եւ նաեւ բնապահպանական նշանակություն ունի: Մասնավորապես, վարչապետը հայտնեց, որ ինքը Երեւանի քաղաքապետի եւ թաղապետների հետ խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել է աղբահանման ցավոտ հարցը: Ըստ Սերժ Սարգսյանի, գործարանը հնարավորություն կտա թուղթը վերածելու արտադրանքի, նպաստելով Երեւանի մաքրությանը: «Գրանդ հոլդինգի» ներկայացուցիչներից տեղեկացանք նաեւ, որ նախատեսվում է թղթի թափոնների ընդունման կետեր բացել Երեւանի բոլոր համայնքներում եւ Հայաստանի մարզերում: Կսահմանվեն թղթի թափոնի ընդունման գներ, մարդիկ շահագրգռված կլինեն շրջապատն աղտոտելու փոխարեն հավելյալ գումար ստանալ: Մեզ նաեւ հայտնեցին, որ ներկայումս ընկերությունը բանակցում է չինական կողմի հետ անձեռոցիկի եւ զուգարանի թղթի արտադրության հոսքագիծ ձեռք բերելու համար:
Բացի թղթի արտադրության ձեռնարկության բացումից, երեկ «Գրանդ հոլդինգում» միաժամանակ նշում էին նաեւ «Ար» եւ «Հայրենիք» հեռուստաընկերությունների շենքի նորոգման եւ նորագույն սարքավորումներով հագեցման ավարտը: Այդ առնչությամբ ընկերության հիմնադիր Կարեն Վարդանյանն ասաց, որ վերոնշյալ հեռուստաընկերությունները ներկայումս հագեցած են լավագույն սարքավորումներով եւ 1 տարվա ընթացքում նրանց սեփական հաղորդումների քանակն ավելացել է 50 տոկոսով: «Հայրենիքի» վերաբերյալ էլ տեղեկացվեց, որ շարունակելու է մնալ մանկական բարեգործական հեռուստաալիք:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ