Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին խաղն անցկացրեց Լեյրիայումՙ 0-1 հաշվով զիջելով Պորտուգալիայի ֆուտբոլիստներին: Այս պարտությամբ մեր ֆուտբոլիստները պորտուգալացիներին եզրափակիչի ուղեգիր նվաճելու հիանալի հնարավորություն ընձեռեցին: Այժմ Պորտուգալիայի հավաքականին բավական է վաղը սեփական հարկի տակ ոչ-ոքի ավարտել հանդիպումը ֆինների հետ, որպեսզի իրավունք նվաճի հանդես գալու հաջորդ տարի Ավստրիայում եւ Շվեյցարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Վերջին շրջանում վերելքով հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականն իր երկրպագուներին արդեն սովորեցրել է հաջողություններին, ուստի նույնիսկ 0-1 հաշվով կրած պարտությունը նրանք ցավագին են տանում: Ընդհանուր առմամբ պորտուգալացիների հետ մրցավեճում մեր ընտրանին արժանապատիվ խաղ ցուցադրեց: Մեր ֆուտբոլիստները բավական հմտորեն էին գործումՙ կանխելով մրցակցի վտանգավոր գրոհները: Արդարությունը պահանջում է նշել, որ թեեւ տարածքային առավելությանը, պորտուգալացիներին չհաջողվեց առանձնապես լրջորեն սպառնալ մեր դարպասին: Ամենավտանգավոր պահը նրանք ստեղծեցին խաղասկզբում, երբ հսկողությունից դուրս մնացած Սիմաուի հարվածը դիպավ հորիզոնական ձողին: 31-րդ րոպեին էլ նույն Սիմաուի առաջխաղացումը սահանկումով չեզոքացրեց Ռոբերտ Արզումանյանը:
Մեր ֆուտբոլիստները վատ չէին գործում պաշտպանությունում ու դաշտի կենտրոնական հատվածում: Թերեւս մի փոքր «կաղում» էր պաշտպանության ձախ թեւը, որտեղ երբեմն Ալեքսանդր Թադեւոսյանը չէր հասցնում ժամանակին վնասազերծել մրցակցի ֆուտբոլիստին: Հենց այդ թեւից էլ հանդիպման 42-րդ րոպեին խփվեց միակ գոլը: Բոսինգվան աջ թեւից գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ եւ Ուգու Ալմեյդան գերազանցելով Ռոբերտ Արզումանյանին, գլխի հարվածով բացեց հաշիվը:
Իսկ ահա առջեւի գծում մեր հավաքականի խաղը չստացվեց: Այս անգամ բավական պասսիվ էին Լեւոն Փաչաջյանն ու Արտավազդ Քարամյանը, Սամվել Մելքոնյանի ջանքերն էլ արդյունք չտվեցին: Ճիշտ է, 34-րդ րոպեին Մելքոնյանը հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն դարպասապահ Ռիկարդուն խանգարեց նրան: Այդ դրվագում գուցե մրցավարը կարող էր 11 մ հարված նշանակել, բայց չհամարձակվեց: Ամեն դեպքում, մեր ֆուտբոլիստների գրոհներն իրենց մեջ այնքան էլ սրություն չէին պարունակում: Կարելի է հիշատակել նաեւ ողջ խաղի ընթացքում ակտիվորեն գրոհներին միացող Սարգիս Հովսեփյանի դիպուկ հարվածը, որից հետո Ռիկարդուն դժվարությամբ հետ մղեց գնդակը: Ոչնչով աչքի չընկավ փոխարինման մտած Էդգար Մանուչարյանը:
Հասնելով հաջողության, պորտուգալացիները հետագայում այնքան էլ չէին ձգտում սրել իրադրությունը, քանի որ 1-0 հաշիվը ձեռնտու էր նրանց: Իսկ մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց խուսափել պարտությունից: Նոյեմբերի 21-ին ընտրական մրցաշարի ավարտական խաղում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի ղազախներին, որոնց հաղթել էր 2-1 հաշվով: Հուսանք, որ մեր ֆուտբոլիստները հաղթանակով կավարտեն ընտրական մրցաշարը:
«A» խումբ
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Լեհաստան | 13 | 8 | 3 | 2 | 22-10 | 27 |
2. Պորտուգալիա | 13 | 7 | 5 | 1 | 24-10 | 26 |
3. Ֆինլանդիա | 13 | 6 | 5 | 2 | 13-7 | 23 |
4. Սերբիա | 12 | 5 | 5 | 2 | 19-9 | 20 |
5. Բելգիա | 13 | 4 | 3 | 6 | 13-16 | 15 |
6. Հայաստան | 11 | 2 | 3 | 6 | 4-12 | 9 |
7. Ղազախստան | 12 | 1 | 4 | 7 | 10-20 | 7 |
8. Ադրբեջան | 11 | 1 | 2 | 8 | 6-27 | 5 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ