Ղազախները ռեւանշի հասան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Ավարտական խաղում հայ ֆուտբոլիստները հյուրընկալել էին մրցաշարային աղյուսակի իրենց հարեւանինՙ Ղազախստանի ընտրանուն, որին գերազանցում էին երկու միավորով: Այդ խաղում փաստորեն որոշվելու էր 6-րդ տեղն զբաղեցնող հավաքականը: Ցավոք, վերջաբանը տխուր ստացվեց: Մեր ֆուտբոլիստները չկարողացան դրսեւորել իրենց լավագույն որակները, ցուցադրել վերջին շրջանում բնորոշ խաղը եւ պարտություն կրեցին:
Բնական էր սպասել, որ ավարտական խաղում մեր ֆուտբոլիստները ձգտելու էին հաղթանակով ավարտել ընտրական մրցաշարի ավարտական հանդիպումը: Ուստի առաջին իսկ վայրկյաններից նրանք բարձր տեմպ հաղորդեցին գրոհներին եւ պարզապես պաշարել էին մրցակցի դարպասը: Սակայն, ցավոք, մեր ֆուտբոլիստների մեկնարկային պոռթկումը շատ կարճ տեւեց: Հետ մղելով առաջին վտանգավոր գրոհները, հյուրերն աստիճանաբար հավասարեցրին խաղը: Նրանք խիստ հսկողության տակ էին առել մեր ֆուտբոլիստներին, որոնց դժվար էր ճեղքել ղազախների պաշտպանական պատնեշը: Հյուրերը բավական հմտորեն էին պաշտպանվում, բացի այդ էլ դրանում մրցակցին որոշ չափով օգնեցին նաեւ մեր ֆուտբոլիստները, որոնք առջեւի գծում գործում էին միօրինակ, գրոհներում առանձնակի սրություն չկար: Մեր ֆուտբոլիստները հիմնականում փորձում էին եզրերից գնդակը փոխանցել տուգանային հրապարակ, որտեղ որպես կանոն դրության տերը ղազախստանցի պաշտպաններն էին: Իսկ դարպասին կատարված հազվադեպ հարվածներն էլ նպատակին չէին հասնում:
Առաջին խաղակեսում նման խաղաոճով մեր հավաքականին այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Ճիշտ է, եղան դարպասը գրավելու փորձեր, սակայն Արտավազդ Քարամյանի, Արարատ Առաքելյանի, Կարեն Դոխոյանի հարվածները նպատակին չհասան: Ինչ վերաբերում է Ղազախստանի հավաքականին, ապա նրանք հիմնականում զբաղված էին պաշտպանական գործողություններով եւ հազվադեպ հակագրոհներն իրենցից առանձնակի վտանգ չէին ներկայացնում: Ուստի նրանց էլ չհաջողվեց լրջորեն անհանգստացնել Բերեզովսկուն:
Թվում էր, թե ընդմիջումից հետո դաշտի տերերը կակտիվացնեն հարձակողական գործողությունները, կգործեն ավելի բազմազան եւ նպատակասլաց, եւ ի վերջո կկարողանան կոտրել մրցակցի դիմադրությունը: Սակայն երկրորդ խաղակեսն էլ առաջինի շարունակությունը դարձավ: Երկրորդ խաղակեսի սկզբում հիշարժան էր Արթուր Ոսկանյանի հեռահար հարվածը, որը բարձր ստացվեց: Հյուրերը հավատարիմ իրենց ընտրած մարտաոճին, շարունակում էին հակագրոհները: Եվ ահա 65-րդ րոպեին նրանք հասան հաջողության: Մեր պաշտպանները մի պահ աչքաթող արեցին Սերգեյ Օստապենկոյինՙ կարծելով, թե նա «խաղից դուրս» վիճակում է: Սակայն մրցավարը ցույց տվեց, որ կարելի է շարունակել խաղը, եւ հյուրերի հարձակվողը ձախ թեւով անարգել ներխուժելով տուգանային հրապարակ, բացեց հաշիվը: Բաց թողած գոլն ավելի կաշկանդեց մեր ֆուտբոլիստներին, որոնք թեեւ մեծ ուժերով նետվեցին գրոհի, սակայն նրանց խաղում ավելի շատ հախուռն գործողություններն էին գերիշխում: Այդպես էլ մեր հավաքականի խաղում չնշմարվեցին կոմբինացիոն հստակ գործողությունները, դարպասին անսպասելի ու դիպուկ հարվածները:
Իհարկե, նման խաղով դժվար էր հաջողություն ակնկալել: Ընդհանրապես Իան Պորտերֆիլդի մահից հետո մեր հավաքականի խաղն անկում ապրեց: Հմուտ մասնագետի բացակայությունն իրեն զգացնել տվեց, եւ բացասաբար անդրադարձավ մեր ընտրանու ելույթների վրա: Ավարտվեց եւս մեկ ընտրական մրցաշար, որում Հայաստանի հավաքականի արդյունքները բավարար համարել չի կարելի: Հատկապես դժգոհության տեղիք տվեց մեր հարձակվողների խաղը: Անցկացրած 12 հանդիպումներում մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը գրավեցին ընդամենը 4 անգամ, ընդ որում, գոլերից երեքը խփեցին պաշտպանները (Ռոբերտ Արզումանյանՙ 2, Սարգիս Հովսեփյանՙ 1): Նման արդյունավետությամբ բարձր տեղ գրավել անհնար էր:
Եվ այսպես, վերջնագիծը հատեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Իսկ արդեն նոյեմբերի 25-ին հայտնի կդառնան Հայաստանի հավաքականի մրցակիցները ֆուտբոլի աշխարհի 2010-ի առաջնության ընտրական մրցաշարում: Ինչպես հայտնի է, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ ընտրական հաջորդ մրցաշարում հավաքականի առջեւ խնդիր է դրվելու պայքարելու եզրափակիչի ուղեգրի համար: Այնպես որ, մեր ֆուտբոլիստները պետք է ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ նախապատրաստվեն նոր մրցաշարին: Իհարկե, շատ բան պայմանավորված կլինի նաեւ նրանով, թե արտասահմանցի ինչպիսի մասնագետ կգլխավորի ազգային հավաքականը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ