«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2007-11-21 | #215, 2007-11-22 | #216, 2007-11-23


ՏԱՍԸ ԱՆՈՒՆ ՏԵԽՆԻԿԱ ՀԲԸՄ-ԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ

Որով կթվայնացվի հայտնի եւ անհայտ ամբողջ ինֆորմացիան

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին 3 միլիոն 388 հազար դրամի տասը անուն տեխնիկա նվիրեց, որով այսուհետեւ թանգարան-ինստիտուտի աշխատակիցները կկարողանան թվայնացնել Հայոց ցեղասպանությանը վերաբերող ոչ միայն արդեն հայտնի նյութը, այլեւ դեռեւս անհայտ եւ չուսումնասիրված տեղեկատվությունը: Այս մասին երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղեկացրեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու հիշեցրեց, որ անկախության առաջին տարիներին` 1995-ին, Բարեգործականն օգնել է նաեւ թանգարան-ինստիտուտի կառուցման գործում:

Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը բավական նախագծեր ունի, որոնք կնպաստեն նաեւ Հայոց ցեղասպանության միջազգայնացմանը: Բայց այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ էր համակարգչային տեխնիկա, կրիչներ, սկաներներ եւ տպիչներ: Թանգարան-ինստիտուտի տնօրենի խոսքով, Հայոց ցեղասպանությանն առնչվող հսկայական նյութ կա, որը պետք է թվայնացնեն, տեղադրեն իրենց կայքում. «Վերապրողների ձեռագիր հուշերն օր առաջ թվայնացնելու, նրանց ձայնագրությունները կրիչների վրա տեղափոխելու, ողջ ինֆորմացիան պահեստավորելու համար տեխնիկա էր պետք»:

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը նշեց, որ իրենք ուրախությամբ են օգնել թանգարան-ինստիտուտին: «Այն բոլոր փաստացի նմուշները, որ ունենք, կարեւոր է, որ թվայնացվեն եւ հանձնվեն ֆոնդային միավորներին: Ուրախ եմ, որ կարողացանք փոքրիկ միջոցներով կարեւորագույն գործ կատարել», ասաց Աշոտ Ղազարյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց, որ ամեն տարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկությունների նոր աղբյուրներ են հանդես գալիս` ձեռագիր նմուշ, անհայտ լուսանկար, իրեղեն նյութ կամ առարկա: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արդեն մեկ տարի ղեկավարող երիտասարդ, բայց պատրաստված տնօրենին անակնկալի է բերել հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աղբյուրներ եւ դեռեւս չուսումնասիրված նյութեր կան: Մեկ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի տնօրենությունը փորձել է տարբեր հասցեներով պարզել, թե որտեղ ինչ նյութ կա, եւ առաջիկայում պատրաստվում են գործուղվել Եվրոպա, Ռուսաստան, Մերձավոր Արեւելք: Հայկ Դեմոյանը խոստացավ ձեռք բերված նոր նյութերի հիման վրա առաջիկա տարիներին հայեցակարգային առումով թանգարանային նոր ցուցադրություն կազմակերպել: Մոտակա ամիսներին թանգարան-ինստիտուտը կտպագրի 10 հատոր նոր մենագրություն, որտեղ կլինեն նոր թարգմանություններ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թուրք այցելուների պահվածքը, Հայկ Դեմոյանի գնահատմամբ, շատ հետաքրքրական է. «Շատ են գալիս երիտասարդները` 20-30 տարեկանները: Հետաքրքրական է տեսնել` ինչպես են նրանք փորձում արդարանալ, ինչպես են փորձում փախչել այդ իրականությունից»:

Թանգարան-ինստիտուտի տարածքը բավական բարեկարգվել է: Նոյեմբերի 27-ին կնշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման 40-ամյակը, որի առիթով կկազմակերպվի երկօրյա գիտաժողով: Ինչ վերաբերում է թանգարան-ինստիտուտի տարածքին, Հ. Դեմոյանի խոսքով, իրենց շրջայցից պարզվել է, որ տարածքում հին շրջանի քաղաք կա. «Հայտնաբերվել են դամբարաններ, պեղումներ ենք անելու, բայց գտածոն իսկ արդեն հետաքրքրական է»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4