«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2007-11-21 | #215, 2007-11-22 | #216, 2007-11-23


ԵԹԵ ՉՀԱՅՏՆՎԵՆ ՆՈՐ ԴԵՄՔԵՐ

Եթե համեմատենք Հայաստանին ու Վրաստանին նվիրված հրապարակումները ռուսաստանյան ԶԼՄ-ներում, ապա քանակական առումով առաջինները կարելի է համարել հատուկենտ: Հատկապես մամուլը հեղեղված է Սաակաշվիլու եւ նրա ընդդիմախոսների գործողությունների վերաբերյալ բազմաբնույթ մեկնաբանություններով: Եվ դա բնական է, քանզի Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները կոնֆլիկտային են ու իրարամերժ, եթե խուսափենք «թշնամական» բառի օգտագործումից:

Ասել, թե այստեղ անվրդով են Հայաստանի իրադարձությունների զարգացման նկատմամբ, ճիշտ չի լինի: Որոշակի անհանգստություն նկատելի է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` երկրի քաղաքական դաշտ անակնկալ ներխուժումից հետո: Պարզ է, իր տասնամյա լռությունը խախտելու համար Տեր-Պետրոսյանը լուրջ հիմքեր պիտի ունենար, եւ հենց այդ շարժառիթների վերլուծությունները դառնում են խոսակցության թեմա:

Հայաստանի ներկա ղեկավարության աքիլլեսյան գարշապարը երկրում ստեղծված բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտն է, եւ Տեր-Պետրոսյանը կարող է բազմաժամյա հրապարակային դասախոսություններ կարդալ ռեժիմի «հանցավոր ու թալանվող» էության մասին ու տպավորություն գործել հուսալքված լսարանի վրա: Սակայն արդյոք այդ մթնոլորտը շատ ավելի՞ վատն է նրա իսկ իշխանության տարիների կացությունից, հարցնում է թերթերից մեկը, երբ միտինգային պայծառ խոստումներից հետո երկիրը խորասուզվեց տնտեսական ու սոցիալական ճգնաժամի, էներգետիկ խավարի մեջ:

Այստեղ հակված են կարծելու, որ Տեր-Պետրոսյանը ոչ թե հենվում է հայաստանյան որեւէ ազդեցիկ ընդդիմադիր ուժի վրա, այլ գտնվում է արտաքին ներգործության շրջանակներում: Հազիվ թե ամերիկացիներին դուր գա, որ հախուռն Մերձավոր Արեւելքի հարեւանությամբ, ուղիղ Իրանի քթի տակ ռուսներն ունեն ռազմաքաղաքական հենարան: Եվ գոհ կլինեն, եթե Տեր-Պետրոսյանին հաջողվի որեւէ ձեւով խարխլել երկրի կայունությունը: Դա ձեռնտու կլինի ե՛ւ արտաքին ուժերին, ե՛ւ հենց իրեն` գահի նորընծա հավակնորդին: «Նախագահ Քոչարյանի գլխավոր խնդիրն է իր փոխանորդ Սերժ Սարգսյանին ժառանգություն թողնել հենց այդ կայունությունը, նշված է մի թողարկման մեջ, եւ եթե այդ փոխանցման ժամանակ տվյալ ժառանգությունը գոլորշիանա, ապա Սարգսյանը ընտրության ոչ մի շանս չի ունենա: Իսկ նման սցենար առավել քան հնարավոր է»:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բուն Հայաստանի քաղաքական կյանքի կարեւոր բաղադրիչն է Ղարաբաղի խնդիրը: Այդ առնչությամբ վերհիշվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի «համակրանքը» Թուրքիայի նկատմամբ: Թեեւ հայտնի չէ, թե ինչ տվեցին Հայաստանին նրա սիրահետումները Դեմիրելի հետ: Կասկած է հայտնվում, թե ղարաբաղցիները կարող են որեւէ շփման գնալ նման դիրքորոշում ունեցող անձի հետ:

Քննության առարկա է եւս մի հանգամանք. ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը պահանջում սոսկ երեք տարվա նախագահական ժամկետ, որից հետո կնշանակվեն նոր ընտրություններ: Արդարացիորեն արձանագրվում է, որ երեք տարում նա ոչ դյուրին վիճակից չի հանի էկոնոմիկան, բայց կարող է վերափոխել իշխանական կառույցները, արտաքին քաղաքական կողմնորոշիչները: Հովանավորներ կգտնվեն, ինչպես որ գտավ Սաակաշվիլին: Սակայն դեռ հարց է` շահե՞ց նա, որ շահի Տեր-Պետրոսյանը: Առհասարակ ուշադրություն է հրավիրվում այն տպավորության վրա, որ իշխանության գլուխ վերադառնալու վերջինիս մղումը արդյունք է ոչ թե իր երկրի ու ժողովրդի հանդեպ սիրո, այլ անձնական չարացածության եւ ռեւանշի հասնելու անհագուրդ ձգտման: Ըստ երեւույթին դրա համար տասը տարին բավական էր...

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հավասարակշռված հարաբերություններ պահպանելու Հայաստանի ներկա քաղաքականությունը սկզբունքային առարկության չի հանդիպում Մոսկվայում: Ուստի կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը գերադասելի կլինի ռուսների համար: Եթե, իհարկե, չհայտնվեն նոր «թարմ» դեմքեր:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4