«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2007-11-21 | #215, 2007-11-22 | #216, 2007-11-23


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Համոզված է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը

«Այսօր հայաստանյան եթերում ահավոր բաներ են կատարվում, եւ եթե անգամ քարոզարշավը նորմալ անցկացվի, չի փոխհատուցի այն վնասը, որն այսօր է հասցվում: Մեր հասարակության մեծ մասը հիմա է կողմնորոշվում եւ նրանց ազատ կամքի վրա այսպիսի ուժեղ քարոզչամիջոցով բռնանալն ուղղակի անթույլատրելի է», երեկ «Ուրբաթ» ակումբում քարոզչությանը նախորդող ժամանակաշրջանում հեռուստաընկերությունների աշխատանքն այսպես գնահատեց Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Թիմ» հետազոտությունների կենտրոնը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի եւ Երեւանի մամուլի ակումբի հետ հայաստանյան 8 հեռարձակող լրատվամիջոցների դիտարկում է անցկացնում` պարզելու նրանց մոտեցումները նախաքարոզչական շրջանում: 7 հեռուստաընկերությունների եւ Հանրային ռադիոյի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքները երեկ ակումբում ներկայացնելիս Բորիս Նավասարդյանն ընդգծեց. «Քաղաքական պայքարի սրությունն աննախադեպ է այս ժամանակաշրջանի համար»: ԵՄԱ նախագահի խոսքով, նախաքարոզչական այս շրջանը նախորդ ընտրությունների հետ համեմատելիս, հեռարձակողների այս շրջանի աշխատանքում նահանջ է, որը համեմատելի է 1996-ի եւ 1998-ի ընտրությունների հետ:

Բորիս Նավասարդյանի գնահատմամբ, հեռարձակվող լրատվամիջոցներում միակողմանի հաղորդակցություն է` միմյանց ուղղված ներկա եւ նախկին իշխանությունների հայտարարություններն են տրվում, բայց դրանց վերաբերյալ որեւէ մեկնաբանություն ստանալու հնարավորություն լրատվամիջոցները չունեն. «Փորձե՞լ եք, օրինակ, հարցազրույց վերցնել Լեւոն Տեր-Պետրոսյանից»: Նախկին եւ ներկա բեւեռների հակադարձումները, ակումբի հյուրի խոսքով, խանգարում են նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս թեկնածուներին, որոնք կարծես չեն երեւում այդ երկուսի արանքում: ԵՄԱ նախագահը նախաքարոզչական հիշյալ շրջանը համեմատեց 1996-ի հետ այն իմաստով, որ այժմ հեռուստաընկերությունները Լեւոն Տեր-Պետրոսյանին այնպես բացասաբար են լուսաբանում, այնպիսի գրոհ է, ինչպես ժամանակին Վազգեն Մանուկյանի նկատմամբ էր:

Բորիս Նավասարդյանն ընդգծեց, որ բուն քարոզչության ժամանակ հնարավոր է, որ հեռուստաընկերությունները նորմալ լուսաբանեն բոլոր ուժերին` եվրոպական դիտորդներին հաճոյանալու համար, սակայն դա չի փոխհատուցելու այսօր հասցված վնասը, քանի որ ընտրազանգվածի մեծ մասը հենց հիմա է կողմնորոշվում: Իսկ հենց հիմա, ըստ «Թիմ» կենտրոնի ուսումնասիրության, պատկերը հետեւյալն է:

Ութ լրատվամիջոցների եթերում 19 գործիչների լուսաբանումից ամենամեծ մասնաբաժինը վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանինն է` 706 հիշատակում, երկրորդ տեղում Լեւոն Տեր-Պետրոսյանն է` 341 հիշատակում, այնուհետեւ Վարդան Օսկանյանը` 225, Վահան Հովհաննիսյանը` 204, Գագիկ Ծառուկյանը` 133: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի մասին խմբագրական լուսաբանումներում ընդամենը 2 բացասական հիշատակում կա, որը «հանդգնել են» կատարել «ԱԼՄ» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները: «Նույն հաջողությամբ» Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ արձագանքներում դրական են միայն 6 հիշատակում, մնացյալը բացասական են կամ չեզոք:

Բորիս Նավասարդյանի խոսքով, հեռարձակողների ուշադրության կենտրոնում հիմնականում Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն են: Գագիկ Ծառուկյանի օգտին եղած դրական հեռարձակումները, բանախոսի համոզմամբ, վկայում են, որ Գ. Ծառուկյանին պասսիվ դեր չի վերապահված առաջիկայում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա հիմնականում հանդես է գալիս որպես վարչապետ, սակայն տալիս է նաեւ քաղաքական գնահատականներ, ինչն անմիջականորեն կապվում է նախագահի թեկնածու լինելու հետ:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ Հանրային հեռուստատեսությունն իրավունք չունի իր լուսաբանումներում գերակայությունը տալու որեւէ գործչի, այլ պետք է բոլորին հավասարապես անդրադառնա: «Այսօր Հանրային հեռուստառադիոընկերությունը պետություն է պետության մեջ եւ պատասխանատու չէ ոչ մեկի առաջ: Ճիշտ է, օրենքն ասում է, որ նրան վերահսկում է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, սակայն չի ասվում` ինչպիսի մեխանիզմներով», ասաց ԵՄԱ նախագահն ու հավելեց, որ նախագահական աշխատակազմի վերահսկողությունից հեռուստաընկերությունները հանելու համար հարկավոր է սկսել կարգավորող մարմիններին առավել անկախություն ընձեռելուց:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4