Երեկ Ազգային գրադարանում մեծարման երեկո էր` նվիրված Վանուշ Խանամիրյանի ծննդյան 80-ամյակին:
Նրա բեմադրած պարերը արժանացել են ժողովրդի անվերապահ սիրուն ու գնահատանքին: Հայ պարարվեստի լեգենդը համոզված է, որ եթե Կոմիտասը զտեց հայկական ժողովրդական երգերը օտար ազդեցություններից, ապա ինքն էլ ժողովրդական պարին մոտեցավ` կողմնակից լինելով մաքուր, զուլալ հայկական պարերի եւ դիմադիրը` ամեն տեսակ խառնածին ավելորդությունների:
«Չէի սպասում այսպիսի միջոցառման` այն էլ Ազգային գրադարանում, հայ ընթերցողների ու մտավորականների հետ: Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ միջոցառում պետք է լինի: Բոլորից շնորհակալ եմ` ե՛ւ կազմակերպիչներից, ե՛ւ գրադարանի տնօրենությունից: Յուրաքանչյուր արվեստագետ իր կյանքի ուղին սկսում է յուրովի: Եվ այդ ինքնատիպության մեջ է նրան ըմբռնելու բանալին: Չնայած անցավ իմ 80-ամյակը եւ պետք է ասեմ շատ շքեղ տոնով նշեցինք օպերայի եւ բալետի պետական թատրոնում: Այնքան շոյված եմ իմ ժողովրդից, որ այսքան մեծարում է ինձ», ասաց ՀՀ ժողովրդական դերասան, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր, Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանը:
Խանամիրյանը պարի պետական անսամբլ եկավ դասական բալետից եւ այն էլ` փառաբանված: Բալետային արվեստը սիրողների մեջ դեռ թարմ են նրա մի շարք նշանավոր դերակատարումները:
Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն ասաց. «Մեր գրադարանի մեծ բարեկամ, որը վաղուց անհատ չէ` խորհրդանիշ է հայոց պարարվեստի, մշակույթի, ներկայացվել է ամբողջ աշխարհում: Իր 100-ամյակը կրկին այստեղ պետք է տոնենք: Վանուշը երիտասարդ է` եռանդով լեցուն, մեր մշակույթի ռահվիրան, որի առաջ ես խոնարհվում եմ: Պարը արվեստ է, ստեղծագործություն, որը տառապանքով է ստեղծվում: Խանամիրյանի ներկայությունը մեր մշակույթի մեջ պետք է լինի հարատեւ»:
Ազգային գրադարանի դահլիճում հոտնկայս դիմավորեցին Վանուշ Խանամիրյանին` իր իսկ բեմադրած պարերի ներքո: Պարում էին բոլորը, պարում էր նաեւ Վանուշ Խանամիրյանը: Ելույթներով հանդես եկան «Հայ-ամերիկյան արվեստ» կենտրոնի սաները: Հայաստանի Ազգային գրադարանի կողմից հայ պարարվեստին մատուցած մեծ ծառայությունների եւ 80-ամյակի առիթով ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Վանուշ Խանամիրյանը պարգեւատրվեց հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի մեդալով:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ