Այս տարի Արցախը համազգային դրամահավաքին մասնակցեց աննախադեպ ակտիվությամբ` շուրջ 10 անգամ բազմապատկելով «Հեռուստամարաթոն-2006»-ի ցուցանիշները: Ինչպես «Ազգի» թղթակցին տեղեկացրեց ԼՂՀ կառավարության տեղական ինքնակառավարման բաժնի պետ Անդրանիկ Աղաբաբյանը, ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանն ի նպաստ` դրամական նվիրատվության համար իրենց պատրաստակամության մասին հայտարարել են հանրապետությունում գործող շուրջ 300 կազմակերպություններ եւ բազմաթիվ անհատներ: Հայտարարված հանգանակությունների ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն ամերիկյան դոլար: Ընդ որում, ավելի քան 100 կազմակերպություններ արդեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին են փոխանցել խոստացած գումարը:
Արցախում դրամահավաքի ամենամեծ նվիրատուն «Բեյզ մեթլզ» ընկերությունն է` 70 միլիոն դրամ հանգանակային մասնաբաժնով: Բազմագումար նվիրատուների թվում են նաեւ «Ղարաբաղ տելեկոմ», «Հայկ ժամացույց եւ ոսկերչություն» ընկերություններն ու ԼՂՀ պաշտպանության բանակը, որոնք հիմնադրամի հաշվեհամարին են փոխանցել 37. 000.000-ական դրամ, իսկ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հանգանակել է 25 միլիոն դրամ: Մեկական միլիոն դրամ են նվիրաբերել ԼՂՀ նախագահի ու կառավարության աշխատակազմերը եւ ԼՂՀ դատախազության կոլեկտիվը: Ազգային Ժողովի հանգանակած գումարը 750.000 դրամ է:
Հանրապետության շրջաններից ամենաակտիվը եղել է Մարտունին, եւ դա տրամաբանական է, չէ՞ որ «Մարաթոն-2007»-ի դրամահավաքից գոյացած գումարների մի մասը ուղղվելու է հենց այս շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Արցախում նախադեպը չունեցող համազգային հանգանակության այս ակտիվությունը բացատրում են նոր իշխանությունների նկատմամբ ունեցած հավատով եւ հույս ունեն, որ հավաքված անբողջ գումարը լրիվ կծառայի իր բուն նպատակին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ