«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2007-11-22 | #216, 2007-11-23 | #217, 2007-11-24


ՕՐԵՆՔԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԴԵՌ ՕԴՈՒՄ Է, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ` ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԱՍՍԻՎ Է ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒՑ

Քաղաքացիական ակտիվությունից զուրկ մեր հասարակությունը դեռեւս հուսալքության թմբիրում է եւ, ցավոք, դեռ երկար տարիներ երկրիս օմբուդսմենը չի կարող բավարար համարել ոչ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ոչ էլ կրճատված այն մարդկանց իրավունքների ոտնահարումը, որոնք չեն էլ նախաձեռնում դիմում-բողոքներով կամ գոնե հեռախոսազանգով տեղյակ պահել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին իրենց իրավունքների խախտման դեպքերի մասին: Այնուամենայնիվ, երեկ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փորձեց ի մի բերել 2007 թվականի անցած տասն ամիսներին իրենց գրասենյակի կատարած աշխատանքները եւ վիճակագրական տվյալները: Պարզվել է, որ մեր հասարակության ակտիվ, այսինքն օմբուդսմենին դիմած 2793 դիմում-բողոքներից (5044 անձ) 118-ը ոստիկանությունից է, 116-ըՙ դատարաններից, դատախազությունից` 82-ը: Երեւանի քաղաքապետարանն իրավախախտումների համար արժանացել է 74 դիմում-բողոքի, որոնք ստորագրել են 1133 քաղաքացիներ, արդարադատության նախարարությունում անարդար վերաբերմունքի են արժանացել 50 քաղաքացիներ եւ այլն:

Պատասխանելով լրագրողների հարցերին Ա. Հարությունյանը նշեց, որ քաղաքապետարանի հետ իրենց աշխատանքները արդյունավետ են` այն իմաստով, որ ինքնակամ որակված շինություններում մարդիկ ապրել են երեք սերունդ եւ նրանց բնակարանների դիմաց փոխհատուցումը պետք է իրոք համապատասխան լինի կամ տարածքի դիմաց տարածք տրամադրվի: «Եթե այդ հարցը լուծվի, կարող եմ ասել, որ կառուցապատման տեսակետից այդ հարցերում հիմնականում լուծումներ կան»:

Նարեկ Գալստյանի ծեծը եւս չի վրիպել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրությունից, որ ոչ միայն դիմում-բողոքներին եւ հեռախոսազանգերին է արձագանքում, այլեւ հետեւում է մամուլի հրապարակումներին, դրանք եւս հետաքննում: «Ողջ այն տեղեկատվությունը, որ մեզ տվել է Նարեկ Գալստյանը, հիմք է դարձել մեր դիմումի, որ ուղարկել ենք ոստիկանապետին, պահանջելով, որ նա ծառայողական քննություն իրականացնի եւ մեզ պատասխանի», հավաստիացրեց բանախոսը: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, որ իշխանությունները փաստորեն զրկել են մամուլի ակումբների հանդիպումները հեռուստաընկերություններով լուսաբանելուց, օմբուդսմենը պատասխանեց, որ ՄԱԱ-ի եւ «Հայելի» ակումբի ղեկավարները մոտ երեք շաբաթ առաջ արած իր հարցմանն ի պատասխան դժգոհություն չեն ներկայացրել: Բանախոսը համաձայնեց «Ազգի» այն հարցին, թե քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերն անհամեմատ ավելի շատ են հատկապես մարզերում, քան ցույց է տալիս ներկայացված վիճակագրությունը: «Մենք նույնիսկ բանավոր դիմումներին այն կարգավիճակն ենք տալիս, ինչ որ գրավորին: Իհարկե, ցանկալի կլինի մարզերում ներկայացուցչություններ ունենալ` առաջնահերթ Գյումրիում, Վանաձորում, Գորիսում կամ Կապանում: Այս հարցը պատրաստվում ենք եկող տարի քննարկել կառավարությունում: Մինչ այդ մենք այցելում ենք մարզեր, մարդկանց բացատրում ենք իրենց իրավունքները, թողնում ենք մեր 24-ժամյա թեժ գծի հեռախոսահամարները, որ մեզ զանգահարեն, բայց երբ քաղաքացին ինքն իր իրավունքների համար չի պայքարում եւ ոչ մեկին ոչինչ չի ասում, մենք ո՞նց իմանանք այնտեղ ինչ է կատարվել: Մենք մեր կողմից նրանց իրավագիտակցությունը բարձրացնում ենք, մարզ չկա, որ տարին գոնե մեկ-երկու անգամ չայցելենք»: Մեր մյուս հարցը վերաբերում էր օրենքի գոյությանը, սակայն նրա կատարման անհնարինությանը. «Հիմնականում մեր խնդիրը իրավակիրառ պրակտիկան է, երբ օրենքը կա, բայց իրավակիրառ պրակտիկայում հմտորեն կարողանում են շրջանցել նույն օրենքը: Անկեղծ ասած, նման դեպքերում շատ դժվար է ինչ որ բան անելը, չնայած մենք գնում ենք յուրաքանչյուր դեպքի հետեւից: Երբ օրենքի տառն ու ոգին իրար հակադրվում են, բայց օրենքի տառից խախտում չի արվում, շատ դժվար է ինչ-որ բան անելը», խոստովանեց Ա. Հարությունյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4