«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2007-11-22 | #216, 2007-11-23 | #217, 2007-11-24


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿՆ «ԱԶԳԸ» ՉԷ, ԱՅԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՌԵՖԵՐԱՆՍԸ»

Շանտաժը չի կարող համանման նյութերի հետագա հրապարակումը կանխելու միջոց դառնալ

Ինչպես երեւում է, «Անկարան պետք է ֆինանսավորի այն խմբավորումներին, որոնց կգլխավորի Տեր-Պետրոսյանը» վերնագրով «Ազգի» նախավերջին համարում հրապարակված նյութը զայրացրել է մեր թերթի «ընդդիմադիր ընթերցող Վահագն Ղուկասյանին»: Այլապես նա առանց կարդացածը հասկանալու, մեզ խելք չէր սովորեցնի, հարցաքննելով. «Իսկ Տեր-Պետրոսյանին հարցրե՞լ եք, ինքն ինչի՞ն է պատրաստՙ ֆինանսավորվելո՞ւ, թե՞ հրաժարվելու: Ուրեմն ինչո՞ւ է Անկարան նման հայտարարություն անում, երբ համոզված է, որ ի սկզբանե մերժվելու է: Ուրեմն առաջարկում էՙ հակառակ էֆեկտ թողնելու համար: Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, եւ ուրեմն Անկարան իր առաջարկից հակառակ էֆեկտ է ստանում, որի իրականացմանը լծված են Ռուսաստանի հայերի միության նախագահի սեփականությունՙ «Ազգ» օրաթերթի աշխատակիցները... Հուսամ, որ դիտավորություն չէ, բայց բոլոր դեպքերում այսպես զզվելի է»:

Նախ ասենք, որ մեր հրապարակած նյութում Անկարան ֆինանսավորելու առաջարկով չի դիմում Տեր-Պետրոսյանին, այլ «Ռեֆերանս» թերթը դիմելու առաջարկ է ներկայացնում Անկարային: Քանի որ մենք այդ նյութը քաղել ենք «Ռեֆերանսի» նոյեմբերի 16-ի համարի հոդվածից, որին արդեն ծանոթ էր 72 միլիոնանոց թուրք հասարակությունը եւ թուրքական մամուլի էջերը հեղեղված էին համանման նյութերով, ուստի դա թարգմանաբար հրապարակելուց առաջ Տեր-Պետրոսյանին հարցնելու խնդիր որպես այդպիսին չենք ունեցել, ոչ էլ հոդվածը հայ ընթերցողից քողարկելու պարտականություն, հատկապես այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանին ֆինանսավորելու առաջարկի հեղինակն «Ազգը» չէ, այլ թուրքական «Ռեֆերանսը», իսկ հասցեատերըՙ Անկարան:

Եթե «Ազգ» օրաթերթի «ընդդիմադիր ընթերցողն» անկեղծորեն համոզված է, որ քաղաքականության մեջ չեն լինում պատահականություններ, ապա չպետք է պատահական համարի Տեր-Պետրոսյանի առաջադրման պատճառած ոգեւորությունը Թուրքիայում, «մեր սահմանները դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան բացելու» վերաբերյալ նրա դեռեւս սեպտեմբերի 21-ին քաղաքականություն վերադառնալու առաջին իսկ օրն արած հայտարարությունը, ինչպես նաեւ որպես գործիք օգտագործվելու պատրաստակամությունը, որը ՀՀ նախկին նախագահը հայտնել է հրապարակավ, նաեւ թուրքական թերթերի ուշադրության կենտրոնում գտնվող հանրահավաքում:

Թերեւս կարելի էր ընթերցողի հետ համաձայնել «հակառակ էֆեկտի» հարցում, եթե սպառված չլինեին Թուրքիայի հայաստանյան քաղաքականության դիրքերը, նա զրկված չլիներ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու հնարավորությունից, առավել եւս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի անդառնալիությունը հուսահատության չմատներ նրան:

Հետեւաբար, ընթերցողը փոխանակ «Ազգին» հարցաքննելու, պետք է Տեր-Պետրոսյանին դիմերՙ ճշտելու համար, թե վերջինը նախքան մեր սահմանների դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան բացումը հարցրե՞լ է հայ ժողովրդին, իմաստ ունի՞ դրանք բացել երեք տարով, քանի որ ինքը երեք տարի հետո հեռանալու է քաղաքականությունից, իսկ ո՞վ է դրանք փակելու նրա հեռացումից հետո կամ ինչպե՞ս բացենք, երբ թուրքերը մարզադաշտերում տառապում են Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթին նմանվելու մարմաջով, իսկ ադրբեջանցի ստահակը հայ սպանելու համար ազգային հերոս է հռչակում մարդասպան-տականքին:

Առանց այս հարցերի պատասխանն ստանալու, «Ազգին» հարցաքննելու դեպքում «ընդդիմադիր ընթերցողի» հարցաքննությունը չի կարող որեւէ արժեք ունենալ: Ինչպես կարելի է ենթադրել, Տեր-Պետրոսյանը մեր սահմանները դեպի Թուրքիա ու Ադրբեջան բացելու եւ որպես գործիք օգտագործվելու պատրաստակամությամբ պարարտ հող է ստեղծում Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին օտարերկրյա միջամտության համար:

Ինչ վերաբերում է «սեւ քարոզչությանը», ապա ընթերցողը դրա ծավալումը մեր աշխատակիցներին վերագրելիս հանկարծ հիշատակում է «Անկարան պետք է ֆինանսավորի այն խմբավորումներին, որոնց կգլխավորի Տեր-Պետրոսյանը» վերնագրով «Ազգում» հրապարակված նյութի հետ որեւէ առնչություն չունեցող Ռուսաստանի հայերի միության մոսկվաբնակ նախագահին, որ շանտաժի ենթարկի մեզ: Շանտաժը տվյալ դեպքում դառնում է համանման նյութերի հետագա հրապարակումը կանխելու միջոց: Իսկ կանխումը ենթադրում է քողարկում, որի հետեւանքով Հայաստանի բնակչությունը զրկվում է ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքից:

Օրինակ, 1993-ին Փարիզում, երբ Տեր-Պետրոսյանը գաղտնի հանդիպեց «գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հետ, թուրք հասարակությունը բացի հանդիպումից, գիտեր նաեւ, որ վերջինը զենքի կոչելով «զգոն թուրքերին», Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար նրանց գործուղում է Ադրբեջան: Այլ կերպ, Թուրքիայում այդ գաղտնի հանդիպումը հասարակությունից քողարկելու պատճառ չկար:

Նույնը պետք է ասել այն առանցքային դերի մասին, որը 1995-ին սկզբնավորված հայ-թուրքական մերձեցման հարցում խաղացել է Ժակ Կամհիի ավագ որդինՙ Ջեֆի Կամհին: Իսլամական շրջանակները Ժակ Կամհիին համարում են Թուրքիայում սիոնիզմի ներկայացուցիչը: Իսկ մամուլն ընդգծում է Տեր-Պետրոսյանի հետ Ջեֆի Կամհիի մտերմիկ հարաբերությունները եւ նշում, որ Կամհիների անվտանգությունն ապահովում է «Մոսսադը»ՙ որպես թիկնապահներ նրանց տրամադրելով իր գործակալներին:

Կարծում ենք, հայ հասարակությունը եւս իրավունք ունի օգտվելու ազատ տեղեկատվության իրավունքից:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4