«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2007-11-23 | #217, 2007-11-24 | #218, 2007-11-27


ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Կայացավ Հայաստանի ճարտարապետների միության 16-րդ համագումարը

Հայաստանի ճարտարապետների միության երկօրյա 16-րդ համագումարի հետ նշվեց նաեւ միության կազմավորման 70-ամյակը:

1937-ի հունիսի 5-ին կայացած ՀՃՄ առաջին համագումարի ժամանակ վարչության նախագահ ընտրվեց Գեւորգ Քոչարը: Կազմակերպման օրվանից ՀՃՄ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել Խորհրդային Հայաստանի տնտեսության կառուցման եւ մշակութային կյանքին: Հայաստանի ճարտարապետների միությունը` որպես ձայնի իրավունքով լիարժեք անդամ 1999-ից մասնակցություն է ունենում ճարտարապետների միջազգային ասոցիացիայի աշխատանքներին:

Համագումարում քննարկվեցին հաշվետու ժամանակներում ճարտարապետների միության աշխատանքները, ընդհանուր քաղաքաշինական հաշվետվությունների վիճակը: Եվ ըստ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, այսօրվա ճարտարապետության շրջանակներում ոչ միշտ են տարվում ճիշտ աշխատանքներ` խախտելով կարմիր գծերը, վնաս հասցնելով կանաչ տարածքներին:

«Քաղաքի կենտրոնի աղավաղումը մեզ շատ է մտահոգում: Հյուսիսային պողոտայի առումով եթե վերցնենք` հսկա ծրագիր էր: Չի կարելի ասել, թե վատ են տարվել աշխատանքները` ուղղակի նախագծերի շուրջը պետք է երկար մտածեինք եւ ավելի լավ կստացվեր: Հյուսիսային պողոտայի միջավայրը այնպիսին չէ, որը հարիր է մեր կենտրոնին», նկատեց Մկրտիչ Մինասյանը:

Չորս տարի շարունակ ՀՃՄ-ն պայքարում է, որպեսզի ստեղծագործական միությունների մասին առանձին օրենք կիրառվի: Մկրտիչ Մինասյանը գտնում է, որ ըստ այդ օրենքի, ՀՃՄ-ն առանձնանալով` ավելի կբարձրացնի իր դերը: ՀՃՄ նախագահը դժգոհություն հայտնեց միության անդամներին` իրենց հեռու պահելու ակտիվ գործունեությունից, որ նրանց համագումարից համագումար է հնարավոր տեսնել: Միության անդամներից մի կին էլ իրեն վերապահեց ամբիոնից անպատվել հավաքվածներին` մեկնաբանելով, թե քաղաքում կատարվող ոչ ճիշտ շինարարական աշխատանքներին միջամտող չեղավ, եւ որ Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ ոչ մի քննարկում չեղավ: Դժգոհությունները շատ էին, ոմանք Հյուսիսային պողոտան «ֆաշիստական» կառույց անվանեցին, ոմանք էլ շտապում էին միության նոր նախագահ ընտրելու հարցում:

Եվ ահա ձայների մեծամասնությամբ ՀՃՄ-ի նախագահ վերընտրվեց Մկրտիչ Մինասյանը: Այլ էր վիճակը վարչության անդամների ընտրության հարցում: Բանն այն է, որ ըստ ՀՃՄ-ի հաստատած կանոնադրության, վարչության անդամների քանակը պետք է տասնմեկ լիներ, իսկ համագումարը որոշում էր կայացրել ընտրելու քսանմեկ հոգու: Իսկ վերջին քսանմեկերորդ մասնակիցներից երկուսի հավաքած ձայները հավասար էին, որի արդյունքում ստացվեց քսաներկու հոգի: Երկար քննարկումներից, կանոնադրությանը կրկին ծանոթանալուց հետո համագումարը որոշեց վարչության անդամների թիվը դարձնել քսաներկուսի:

Աննախադեպ աճել են շինարարության ծավալները: Իրականացվում են խոշոր քաղաքաշինական ծրագրեր Երեւանում, արդեն նկատելի է շինարարական աշխուժությունը հանրապետության ամբողջ տարածքում: Կառուցվող նոր ճանապարհները, կամուրջները, առանձին բարձրարժեք կառույցները, բարեկարգված տարածքները դրանց վկայությունն են: Սակայն նկատելի է, որ օր օրի մայրաքաղաք Երեւանը կորցնում է իր թամանյանական տեսքը` նմանվելով եվրոպական «շաբլոն» էլիտար շենքերի ու խանութների շարասյան: «Քաղաքաշինական ճարտարապետական դաշտում մենք լուրջ համագործակցության մեջ ենք օտար երկրների ճարտարապետների հետ: Քաղաքը ապրում է վերափոխումների ժամանակահատված, դրա վառ վկայությունն են Հյուսիսային պողոտայի կառուցումը, ճանապարհաշինական ցանցի բարելավումը եւ այլն», հավելեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը կարդաց Երեւանի քաղաքապետի` ՀՃՄ-ի 16-րդ համագումարին նվիրված ուղերձը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի ճարտարապետներն ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի անկախացման, Արցախի ազատագրման, Հայաստանի Հանրապետության` որպես անկախ պետության կայացման գործընթացներին:

Վերջում` մինչեւ համագումարի ավարտը, պատվավոր դիպլոմներ հանձնվեցին այն ճարտարապետներին, որոնք հիսուն տարի եղել են ՀՃՄ-ի անդամ:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4