Երուսաղեմի հայոց պատրիարքարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան գրադարանը օրեր առաջ վերաբացվել էՙ Լիսաբոնի Գ. Գյուլբենկյան հիմնադրամի ու Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցու հոգաբարձուների խորհրդի հովանավորությամբ մի քանի տարի հիմնովին վերանորոգվելուց հետո:
Պատրիարքարանում հարուստ գրադարան ունենալու մասին երազել էր 1921-1929 թվականներին Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե Դուրյանը, որը սակայն իր մահկանացուն կնքեց գրադարանի հիմնարկեքից առաջ, 1929-ին: Գրադարանը բացվել է 1932 թվականին, Թորգոմ I պատրիարքի օրոք ու բազում նվիրատուների շնորհիվ տարեցտարի դարձել է եզակի հավաքածուներով աչքի ընկնող գրադարան: Հայատառ գրքերի կողքին դրվել են եվրոպական եւ արեւելյան լեզուներով մի քանի հազար գրքեր, նաեւ 18-20-րդ դարերի ամսագրեր, թերթեր, հայագիտական ուսումնասիրություններ: Հայկական թերթերի իր հավաքածուով այս գրադարանը երրորդն էՙ Վիեննայի Մխիթարյան միաբանության եւ Հայաստանի ազգային գրադարանից հետո:
Գրադարանի վերաբացմանը ներկա են եղել Փոլ Գյուլբենկյանը եւ Մարտին Եսայանը, ինչպես նաեւ բազմաթիվ հրավիրյալներ, որոնց ողջունել է Երուսաղեմի պատրիարքարանի լուսարարապետ Նուրհան արք. Մանուկյանը: Մարտին Եսայանը հանդես է եկել Գալուստ Գյուլբենկյանի կյանքի եւ գործունեության մասին ելույթով, ընդգծելով Երուսաղեմի պատրիարքարանի հետ նրա ջերմ կապերն ու բարեգործական ծրագրերը: Գրադարանի տնօրեն հայր Նորայրն իր հերթին խոսել է գրադարանի հետագա զարգացման հեռանկարների մասին: Երուսաղեմի պատրիարք Թորգոմ սրբազանը բարեգործներին հանձնել է պատրիարքարանի պատվո շքանշաններ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ