«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2007-11-23 | #217, 2007-11-24 | #218, 2007-11-27


«ԱՇԱԿԵՐՏԸ ԳՈՐԾԻՔ ՉԷ, ՄԱՐԴ ԷԱԿ Է»

Որի ձեւավորման համար ուսուցիչ է պետք

Ապագա հասարակության ընդհանուր պատկերը ձեւավորվում է ներկայումս, ըստ երիտասարդ սերնդի բարոյական նկարագրի ու հետաքրքրությունների: Անառարկելիորեն այսօր ձեւավորվել է երիտասարդության մի սակավ շերտ ազնիվ գաղափարներով եւ ինտելեկտուալ հետաքրքրություններով:

Սակայն հասարակության մեջ տիրող հոռի բարքերն իրենց կնիքն են դրել երիտասարդության գերակշռող հատվածի մտածողության վրա` որպես գաղափարազուրկ, նեղ հետաքրքրությունների տեր, հատկապես մարդկային հարաբերությունների մեջ անբարեկիրթ մի սերնդի: Երբ հասարակական գիտակցության մեջ փոփոխությունների անհրաժեշտության գլոբալ խնդիր է դրվում, դա նախ եւ առաջ ենթադրում է արմատական հեղաշրջում կրթական ոլորտում, որի մեջ առանցքային, կարեւորագույն դերը վերապահվում է ուսուցչին եւ դասագրքերին: Այս առումով օրինակելի է Նյու Ջերսիից ամեն տարի Հայաստան այցելող Սիլվա Տեր-Ստեփանյանի նվիրումը հայ դպրոցին եւ սերնդի կրթությանը: Սիլվան եվրոպական բարձր կրթություն ստացած մանկավարժ-մեթոդաբան է, հեղինակ բազմաթիվ դասագրքերի` արեւմտյան կրթության չափանիշներին համապատասխան: Միայն մեկ տարվա ընթացքում 12 գիրք հեղինակելն արդեն իսկ Սիլվա Տեր-Ստեփանյանի` հայ մանուկների կրթության գործին անմնացորդ նվիրումի հաստատումն է: Դրանցից չորսին, որ վերջին այցելության ընթացքին Հայաստան էր բերել («Հայը եւ իր այբուբենը», «Հայը եւ իր պատմությունը», «Հայը եւ իր գրողները», «Խաչբառեր եւ լուծումներ»), կանդրադառնանք առանձին հոդվածով: Նրա մանկավարժության փիլիսոփայության հիմքում ընկած է մարդուն, երեխային իբրեւ ինքնուրույն անհատականության ընդունելու սկզբունքը. իր կյանքի իմաստավորումը` օտարության մեջ հայ երեխայի ազգային ոգին արթուն պահելու առաքելությունն է, եւ այս ուղղությամբ տարիների նրա ջանքերը շատ արդյունավետ են եղել: Իր համար գլխավորը տեսական հարթությունից հարցը գործնական ոլորտ տեղափոխելն է: Մանկավարժական շատ ճկուն ու նուրբ մեթոդներով է Սիլվան մշակում իր կրթական հայեցակարգը եւ իրականություն դարձնում դասագրքերի եւ դասընթացների ձեւով: Մեթոդաբանական ձեռնարկները, ուսուցողական, դիդակտիկ բազմաբնույթ նյութեր պարունակող գրքերը, հայոց պատմությանը, հայ գրականությանը, եկեղեցուն, ազգային սովորույթներին վերաբերող, հասցեագրված են ամենափոքր տարիքի երեխայից, իր խոսքերով, մինչեւ 100 տարեկանին, ովքեր ուզում են պատկերացում կազմել հայ կյանքի ու մշակույթի մասին: Իր դասագրքերում ամենակարեւորը երեխայի ներքին նկարագրի ձեւավորումն է` վաղ հասակից ճաշակ եւ նրբավարություն ներարկելը, բարոյագիտություն եւ կենցաղագիտության կանոններին տեղյակ դարձնելը: Ինքը շատ է կարեւորում նաեւ դպրոցական կյանքի կարգ ու կանոնը, ուսուցչի առաքինությունները անձնական օրինակով, բովանդակային եւ արտաքին ձեւավորման առումով դասագրքերի պատշաճ մակարդակը, դպրոցական համազգեստը եւ այլ գործոններ:

Իր ջանքերով հիմնադրվել եւ արդեն տարիներ գործում է Հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւելյան թեմի առաջնորդարանի Հայ դպրոցների կրթական կենտրոնի «Խրիմյան» ճեմարանը, որտեղ երեքամյա առանձին դասընթացներով հայ երեխաներին ուսուցանում են հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, մշակույթի, կրոնի, եկեղեցու պատմություն եւ այլ առարկաներ: Հայտնի է նրա «Արա-Մարալ» ծրագիրը բազմաբնույթ ու բազմատարր դրսեւորումներով: Այս վարժարանը, որ գործում է շվեյցարական դպրոցի մոդելով, երեխային պատրաստում է կյանքին` աշխարհիկ եւ հոգեւոր գիտելիքների հետ երեխային մատուցելով բարոյագիտության եւ կենցաղագիտության մշակույթ: Սիլվան հայ մարդու նկարագրի ու բարոյականության սեփական պատկերացումն ունի` Հայ առաքելական եկեղեցու դավանանքին հավատարիմ քրիստոնյա, ազգային արժեքների գիտակցումով մարդն է: Սիլվա Տեր-Ստեփանյանը աշխատանքներ է տանում «Խրիմյան» կրթարանի փորձը Հայաստան տեղափոխելու համար: Առաջին այսպիսի դասընթացները գործելու են Օշականում` ծրագրերի, մեթոդական ձեռնարկների, դասագրքերի իր օժանդակությամբ: Կրթության մեր համակարգում հատկապես այս ասպարեզում մեծ դատարկություն կա. երեխայի ներքին նկարագրի ձեւավորման խնդիրը բարձիթողի վիճակում է եւ գնալով խորանում է աշակերտ-ուսուցիչ-ծնող հարաբերություններում շուկայական տխուր բարքեր թափանցելու պատճառով: Ինչպես Սիլվա Տեր-Ստեփանյանն է ասում, Հայաստանում կրթական բարեփոխումները կոսմետիկ բնույթ ունեն, անհրաժեշտ է համակարգի արմատական փոփոխություն: Ամենակարեւորը` ուսուցիչները պիտի պատրաստվեն եւ ուսուցչի վերաբերմունքը աշակերտի հանդեպ պիտի փոխվի. «Աշակերտը գործիք չէ, մարդ էակ է ու պետք է անոր վրա կատարվի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր, թե՛ մտային աշխատանք»: Փոքրիկների` 3-4 տարեկանների համար նախատեսված դասագրքերը պատկերավոր են, գրված շատ մատչելի լեզվով, գեղեցիկ ձեւավորմամբ, դիդակտիկ նյութերի առատությամբ, աշխույժ երկխոսություններով: «3-4 տարեկան երախան ամեն կիրակի ծնողքին հետ եկեղեցի կերթա, պատարագ կունկնդրե, խունկի հոտը կզգա, շարականներու երգեցողության կհետեւի: Պետք է դպրոցին ամեն ինչ ընել, որ այս ամենուն բացատրությունը իրեն համար շատ բնական ըլլա», ասում է Սիլվան:

Ժամանակները փոխվում են, փոխվում է նաեւ սփյուռքում հայ դպրոցի անհրաժեշտության աստիճանը: «Հետեղեռնյան առաջին սերունդի հայ մարդը կուզեր հայությունը պահել. իր առաջին գործը եկեղեցի, դպրոց հիմնելը եղավ եւ խոշոր գրագետներ տվավ` գրողներ, խմբագիրներ, ուսուցիչներ: Հիմա պայմանները փոխված են: Ժամանակին զոհողություններու գնով կըլլար, հիմա ալ վերջացած է: Ուսուցիչի պակաս կա եւ անոր կամավոր հիմունքներով դպրոց ընդունիլը սխալ է, մասնագիտական ձեւով պիտի ըլլա եւ ամենակարեւորըՙ անոր ապագան պիտի ապահովված ըլլա, պիտի վճարվի օտար դպրոցներուն պես:

Ամենօրյա դպրոցներու մեջ սահմանափակ է հայերենի դասընթացքը: Ծնողք զուտ հայկական դպրոցներ չեն ուղարկեր իրենց զավակները: Մեր հին դպրոցները կփակվին, կբացվին նորերը տարբեր գաղութներու մեջ եւ ասիկա կախում ունի ատոնց շուրջը եղած անհատներեն: Եթե այդ տղան դպրոցը ավարտելե ետք աշխատանքով չպիտի ապահովվի, դպրոցը վերջացավ: Դպրոց չպիտի բացվի զուտ դպրոց բանալու սիրույն, ատոր անհրաժեշտությունը չունինք: Եթե լեզվի, հայոց պատմության ուսուցմամբ գիտելիքներ չտրվին, ինչպես հարկն է, հայ դպրոցն ի՞նչ արժեք ունի: Հայագետ եթե չըլլան, հայախոս պիտի ըլլան գոնե: Մեր «Խրիմյան» վարժարանը շատ սիստեմատիկ դասընթացներ կընե եւ ամերիկյան կրթական մարմինը ընդունած է հայերենը որպես երկրորդ լեզու, կտրվի վկայական, որով ուսանողը իր համալսարանին մեջ կազատի այն դասընթացեն, որուն համար պետք է վճարեր»:

Սփյուռքում հայապահպանման, հայ դպրոցի գոյատեւումը պայմանավորված է նաեւ Հայաստանում հայոց լեզվի ու մշակույթի վիճակով, դրանց հանդեպ մեր վերաբերմունքով ու պատասխանատվությամբ: Ներկա շրջանում սփյուռքահայ դպրոցները դժվարությունների առաջ են կանգնած. աշակերտությունը նվազել է եւ հետաքրքրականը այս երեւույթի մեջ հոգեբանական նաեւ այն գործոնն է, որ կապված է Հայաստանի հետ. «Սկզբնական շրջանին ամենքը կաշխատեին դպրոցը պահել, Հայաստանի հետ կապը ուժեղացնել. անկախութենեն ետքը ոմանք, որ շատ խանդավառ էին հայերենով, կըսեն, ով որ կուզե հայերեն սորվիլ, թող Հայաստան երթա: Ասիկա անտրամաբանական է: Երեք տարեկան մանչուկը Հայաստա՞ն պիտի ղրկվի»: Մտորելու տեղիք տվող տեսակետ-հարցադրում. իսկ Հայաստանի կրթական ներկա համակարգը ունի՞ բարոյական ու մտավոր այդ ներուժը, պատրաստվածությունն ու մակարդակը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4