«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2007-11-24 | #218, 2007-11-27 | #219, 2007-11-28


ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՙ ԿՈՐՍՏԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի 40-ամյակին նվիրված «Հիշողությունիցՙ հիշատակում» գիտաժողովում երեկ հնչած ելույթները կարող են դառնալ հայաճանաչման հոյակապ դասերՙ իրենց բովանդակային բազմազանությամբ ու հարստությամբ: Հայ հիշողական մշակույթի մասին պատկերացում կազմելու համար գերմանացի գիտնական Յուրգեն Գիսպերտն ուսումնասիրել է Սարդարապատի բարձրաքանդակը, իր բնութագրմամբՙ «Պատմության արծիվը», որի պատկերն իրեն հուշում է Ծիծեռնակաբերդի հուշարձանի հետ զուգադրող բազմաթիվ մոտիվներ: «Շվեյցարացի նկարիչ Պաուլ Կլեի (1892-1940 թթ.) Angelus Novus նկարի վերաբերյալ գերմանահրեա փիլիսոփա Վալտեր Բենյամինի «Պատմության հրեշտակ» վերնագիրը կրող նկարագրության համանմանությամբ կցանկանայի Սարդարապատի բարձրաքանդակն անվանել «Պատմության արծիվ» ու զբաղվել դրա մեկնությամբ: Բենիամինի պատմության հրեշտակի պես «հայկական արծիվը» ներքաշվել է մի ուրույն դիլեմայի մեջ: Նա դեմքով կանգնած է դեպի դրախտի անցյալը: Այդ կողմից, սակայն փչում է մի փոթորիկ, որը նրան հետընթաց դեպի ապագան է քշում, նրա առջեւ ավերակներ նետելով: Նա չի կարողանում իր թեւերով դրա դեմն առնել, փորձում է ավերակներն իրար կպցնել, սակայն ի վերջո ձախողվում է, քանի որ առաջընթացի փոթորիկն ավելի ուժեղ է»:

Ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Մարությանը զուգահեռներ անցկացրեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին ամենամյա քայլերթերի եւ հայկական ավանդական թաղման ծեսի ու գերեզմանոցային մշակույթի առանձին տարրերի միջեւ, փաստելով, որ «ապրիլքսանչորսյան սգո հանդեսում միավորվում են հիշողությունն ու ազգային ծիսակարգըՙ վերածվելով նախնիների պաշտամունքի յուրատեսակ դրսեւորման»: Բեռլինի Հումբոլտի համալսարանի եվրոպական ազգաբանության ֆակուլտետի դասախոս Ցիպիլմա Դարինան խոսեց այն մասին, ինչի վկայությունն է վերջին տարիներին անցկացվող ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդՙ երիտասարդ սերնդի մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ընտրած թեման խիստ յուրօրինակ էրՙ «Սպորտը եւ մրցակցող ազգայնականությունը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին. մոռացված հիշողություն»: Դարասկզբին Պոլսում հիմնված «Մարմնամարզ» թերթի հրապարակումների հիման վրա Դեմոյանը ցույց տվեց, որ հայ մարզիկների սպորտային մեծ նվաճումները անլիարժեքության զգացում են առաջացրել երիտթուրքերի մեջՙ նրանց մտքում ծնելով հայ երիտասարդների կյանքին սպառնացող նախանձի ու չարության որդեր: Բնավ զարմանալի չէր, որ կոտորածի տարիներին հաջողության հասած մարզիկներին երիտթուրքերը ոչնչացրին մի առանձին դաժանությամբ:

Համշենահայերի ինքնության հիշողության ու դրսեւորումների մասին չափազանց հետաքրքրական իր ելույթը թուրքագետ Լուսինե Սահակյանն ավարտեց համշենի բարբառով խաղիկների ընթերցմամբ, որից հետո ցուցադրեց Թուրքիայում բնակվող համշենահայերի կյանքը պատկերող լուսանկարներՙ հայկական երգի ուղեկցությամբ:

Արեւմտյան Հայաստանի պատմական հուշարձանների ներկա վիճակի մասին Սամվել Կարապետյանը խոսելու է այսօրՙ գիտաժողովի երկրորդ օրվա առաջին նիստում: Երեկ նրա հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում տեղեկացանք, որ ինքը հոկտեմբերին եղել է Կարսում ու տեսել է Կարսի Առաքելոց եկեղեցու ծածկերի խիստ անգրագետ «վերանորոգումը»:

«Ժամանակակից Թուրքիայում ցեղասպանության ժխտումը դարձել է պետական քաղաքականություն: Այդ նպատակով ստեղծված եւ կառավարությունից օժանդակություն ստացող հատուկ կազմակերպությունները զբաղվում են հայ ժողովրդի պատմությունը խեղաթյուրող բազմաթիվ գրքերի բազմալեզու հրատարակությամբ, տարածմամբ եւ քարոզչությամբ: Հայ մշակույթի նկատմամբ իրագործված եւ տակավին գործադրության մեջ գտնվող Եղեռնը հետապնդում է 2 գլխավոր նպատակ: Նախՙ ապացուցել, որ Արեւմտյան Հայաստանը երբեք հայերի բնօրրանը չի եղել, երկրորդՙ Թուրքիայում հայերի ցեղասպանություն տեղի չի ունեցել», ասաց Կարապետյանը, հավելելով, որ թուրքական լրատվամիջոցները տարիներ շարունակ գրում են, թե հարուստ հայերը երկրից «հեռանալուց» առաջ իրենց ոսկիները թաքցրել են այն քարերի տակ, որոնց վրա կան «անհավատների» գրություններ կամ խաչի քանդակներ: «Ոսկի գտնելու մարմաջով տարված եւ Արեւմտահայաստանի հայաթափ բնակավայրերը զբաղեցրած թուրքերն ու քրդերը անդադրում քանդել ու տակավին քանդում են այն ամենը, ինչը հայկականություն է հուշում»: Իր զեկույցում նա նշում է քանդված ու ավերված, մզկիթի վերածված հայկական բազում հուշարձանների մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4