Նյու Յորքի դասական երաժշտություն սփռող ռադիոալիքներով հաճախակի է հնչում Ալան Հովհաննես անունը: Աշխարհում թերեւս ոչ մի կոմպոզիտոր այդքան խոր ու նրբորեն չի զգացել արեւելյան ժողովուրդների ազգային նվագարանների արժեքը եւ վարպետորեն հնչեցրել դրանք սիմֆոնիկ երաժշտության մեջ, որքանՙ Ալան Հովհաննեսը: Իր երկար, բեղուն ստեղծագործական կյանքում նա խորապես ուսումնասիրել է հնդկական ազգային երաժշտական գործիքները, կորեական Ah-Ak ոճը, ճապոնական Բունրակու եւ Գագակու երաժշտական ոճերը: Սիմֆոնիայի եւ արեւելյան մեղեդիների հետաքրքրական համադրության միջոցով կոմպոզիտորն արտահայտել է փիլիսոփայական խոհերՙ բնության, տիեզերքի, աշխարհարարման մասին: Ծառի ու սարի նկատմամբ տածած իր հատուկ պաշտամունքը ծնունդ են տվել համանուն բազմաթիվ սիմֆոնիաների:
Պատահական չէ, որ նրան համարել դասական երաժշտության «Սոկրատես»:
Արարման սկիզբը եղել է հայկականը, հայ հոգեւոր երգի, հատկապեսՙ կոմիտասյան երաժշտության հանդեպ ներշնչանքը: Ի՞նչ դեր են ունեցել հայերն Ալան Հովհաննես երաժշտի կայացման գործում եւ ի՞նչ հոգեւոր ժառանգություն է թողել հայերին այս ամերիկահայ կոմպոզիտորը, որի անունը մինչ վերջերս սակավ հայտնի էր Հայաստանում:
Հայտնի է, որ Ալան Հովհաննեսի մայրը եղել է շոտլանդուհի եւ խստորեն դեմ եղել իր որդու թե՛ հայկական եւ թե՛ երաժշտական հակումներին: Նույնիսկ մինչեւ մոր մահը որդին օգտագործել է Ալան Վանես անունը: Ամենայն հայկականի բացահայտումներն իր մեջ կատարվել են հորՙ քիմիայի պրոֆեսոր Հարություն Չաքմաքչյանի շնորհիվ, որն անցյալ դարասկզբին Ադանայից ներգաղթել է ԱՄՆ: Ապա եղել են Մասաչուսեթսցի Վոտերթաունում գործող հայկական եկեղեցում աշխատած տարիները, ուր նա որպես երգեհոնահար կատարել է հայկական միջնադարյան երաժշտություն եւ Կոմիտաս:
Ալան Հովհաննես կոմպոզիտորի անվան գովազդը եւ իր գործերի համերգային առաջին շնորհանդեսը Բոստոնում եւ Նյու Յորքում կազմակերպվել է տեղի ամերիկահայերի ջանքերով: 40- ականների սկզբներին Նյու Յորքում գործող «Հայ երաժշտության ընկերներ» կազմակերպությունը, անձամբՙ Էլիզաբեթ Գրեգի (Քաջբերունի) նյութական աջակցությամբ, կազմակերպել են համերգներ Նյու Յորքի համբավաբեր Կարնեգի Հոլում եւ ապաՙ Թաուն հոլում: Նյու Յորքում ապրող տաղանդաշատ դաշնակահարուհի Մարո Աճեմյանը, քրոջՙ ջութակահարուհի Անահիտ Աճեմյանի հետ, ներկայացրել են Ալան Հովհաննեսի «Լուսածագ» դաշնամուրային կոնցերտը եւ այլ գործեր:
Վաստակավոր ջութակահարուհի Անահիտ Աճեմյանը մեր զրույցի ընթացքում պատմեց, թե ինչպիսի մեծ հաջողությամբ են անցել այդ համերգները եւ լայն անդրադարձ ունեցել «Նյու Յորք Թայմս» եւ «Հերալդ Տրիբյուն» թերթերում: Իր ամուսինը, ԱՄՆ-ում ճանաչված երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը, այն տարիներին ձայնագրել է Ալան Հովհաննեսի մոտ 40 գործերի ձայնապնակները, ինչը մեծապես նպաստել է Ալան Հովհաննեսի կարիերայի կայացմանը ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում:
Իր հետագա ստեղծագործական կյանքի ընթացքում կոմպոզիտորի կապը հայերի հետ թուլացել է, թերեւս իր վեց կանանցից ոչ մեկն ազգությամբ հայ չեն եղել: Չնայած բազում հրավերներին, նա Հայաստանում եղել է ընդամենը մեկ անգամՙ կարճատեւ այցով: Սակայն դատենք կոմպոզիտորի թողած գործերից:
Հայտնի է, որ Ալան Հովհաննեսը ստեղծել է ռեկորդային քանակությամբ գործերՙ գրեթե տասնյակ հարյուրների հասնող կոնցերտներ, սիմֆոնիաներ, ֆուգաներ, օպերաներ, երգեր եւ օրատորիաներ: Նա նաեւ ուղղակիորեն ոչնչացրել է իր ստեղծած հազարավոր գործերՙ Բոստոնի իր բնակարանում դրանք պահելու տեղ չունենալու պատճառով: Սակայն մնացած վիթխարի ժառանգության մեջ մեծաթիվ են հայկական թեմաներով աշխատանքները: Նշենք անուններ միայն. «Վանա լիճ», «Վահագն», «Խրիմյան Հայրիկ», «Երազ», «Ախթամար», «Անի», «Սուրբ Վարդան», «Արարատ», «Էջմիածին», «Արցախ» եւ շատ այլ գործեր: Ի դեպ, հուլիսին Նյու Յորքի ռադիոյով կայացավ Ալան Հովհաննեսի հայկական թեմայով գրվածՙ «Ճանապարհ» ստեղծագործության պրեմիերան:
Արդյո՞ք այս գործերը հնչում են այսօր հայկական բեմերից, կամ արվու՞մ է որեւէ փորձ ուսումնասիրելու Ալան Հովհաննեսի թողած հայկական վիթխարի ժառանգությունը:
Այս առումով թերեւս մեծ ու շնորհակալ գործ է կատարում ամերիկացի վիրտուոզ դաշնակահար Մարտին Բերկովսկին, ով ՀՀ գրականության եւ արվեստի թանգարանի եւ «Քրիստոֆի հիմնադրամի» հետ համատեղ ձեռնամուխ է եղել Երեւանում Ալան Հովհաննեսի թանգարանի ստեղծմանը: Հայ հանգրվան, որին մշտապես ձգտել է իր սիրտը լեռներում թողած ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը:
ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք