ԼՂՀ խորհրդարանում այսուհետեւ ոչ թե ձեռք բարձրացնելու, այլ էլեկտրոնային լուսատախտակի միջոցով են քվեարկելու: Համենայն դեպս, երեկվա լիագումար նիստում պատգամավորներն արդեն օգտվում էին էլեկտրոնային կոճակներից:
Բայց դա միակ ուշագրավը չէր երեկվա նիստում: ԼՂՀ օրենքները սահմանադրությանը համապատասխանեցնելու, մասնավորապես, «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին», «Վերահսկիչ պալատի մասին» եւ «Դատախազության մասին» օրենքները պետք է մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը համապատասխան փոփոխության ենթարկվեն, սակայն երեկվա նիստում օրենքի տեսքով ընդունվեց միայն «Դատախազության մասին» օրենքը, իսկ մյուս երկու օրենքներն ընդունվեցին առաջին ընթերցմամբ: Ինչպես նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը, առաջիկա երկու շաբաթների ընթացքում կքննարկվեն հիշյալ օրենքներում առկա չհստակեցված դրույթները, եւ հավանական է` հաջորդ նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերին, վերջնական տեսքով դրանք օրենքի ուժ կստանան:
Կառավարության կառուցվածքը օրենքով սահմանելը սահմանադրական պահանջ է, մինչ այդ գործադիր մարմնի կառուցվածքը ձեւավորում էր հանրապետության նախագահը: Իսկ ԱԺ վերահսկիչ պալատը պետք է դառնա անկախ կառույց: Ովքե՞ր կնշանակվեն ՎՊ նախագահի եւ հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում. հայտնի կդառնա մինչեւ տարեվերջ:
Նիստում, ի թիվս շուրջ մեկ տասնյակ օրինագծերի, որոնց մի մասն առանձին օրենքներ էին, խորհրդարանը քննարկեց նաեւ պատգամավոր Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Վերջին երեք ամսում դա արդեն պատգամավորական մանդատի լիազորությունները դադարեցնելու երրորդ դեպքն է: Ընդ որում, մանդատից հրաժարվելը բոլոր երեք դեպքերում պայմանավորված պատգամավորների`այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Հովիկ Ջիվանյանի խորհրդարանից հեռանալը կապված էր կառավարությունում այլ աշխատանքի անցնելու հետ: Բացառելի չէ, որ առաջիկայում պատգամավորների թվից այլ նշանակում էլ կլինի կարեւորագույն պաշտոններում: Այդ թեման եւս արծարծվում է կուլիսների հետեւում, սակայն միայն ենթադրությունների շրջանակում:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ