«ԼՂՀ-ն շահարկման առարկա լինել չի կարող»
Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հրաժարական է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` առաջադրելու իր թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրություններում:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում Ղարաբաղի հարցի շահարկմանը` Արման Մելիքյանն ասաց, որ Ղարաբաղի խնդրի ծանրության կենտրոնը տեղափոխվել է Հայաստան եւ Ղարաբաղի խնդրի ճակատագիրը կախված է նրանից, թե ինչպես կանցնեն ընտրությունները Հայաստանում եւ ով կընտրվի Հայաստանի նախագահ:
«Մարտավարությունը, որ ընտրել են մրցակից կողմերը, կարող է հանգեցնել քաղաքացիական լուրջ դիմակայության, ինչպես նաեւ բախումների: Ահա այսպիսի վտանգ տեսնելով է պայմանավորված իմ նախագահական թեկնածությունն առաջադրելը` կանխելու այդ վտանգը: Հայաստանում ձեւավորված երկու հիմնական բեւեռները` Հանրապետական եւ ՀՀՇ-ական կուսակցությունները, ժողովրդին լուրջ երկընտրանքի առաջ են բերել: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր շուրջը համախմբած ՀՀՇ անդամները առաջարկում են վերացնել կոռումպացված համակարգը, սակայն ղարաբաղյան հարցում այդ թիմը մնացել է 97-ի դիրքերում` պատրաստ է հանձնել Լեռնային Ղարաբաղի տարածքները, որոնք նախկին ԼՂԻՄ-ի եւ հետո ԼՂՀ-ի հռչակած սահմաններից դուրս են: Հանրապետական թիմը չտալով երաշխիքներ, որ այդ տարածքները չեն հանձնվում, նաեւ մերժում է Հայաստանում կոռումպացված կառավարման համակարգի գոյության փաստը: Ըստ էության, ժողովուրդը որ կողմին էլ տա իր ձայնը, վատ վիճակում է հայտնվելու», նկատեց Արման Մելիքյանը:
Մելիքյանը համոզված է, որ ժողովուրդը ձայները տալով Տեր-Պետրոսյանին` պետք է համաձայնի տարածքների կորստի հետ: Իսկ Սերժ Սարգսյանի թիմն էլ Հայաստանում կոռումպացված համակարգը թողնելու է նույնը:
Եվ այդ երկու ուժերի դիմակայությունից շատ լուրջ սեպ է խրվել Հայաստան-Ղարաբաղ փոխհարաբերություններում. ղարաբաղցի բառը Հայաստանում դարձել է թշնամի բոլոր հարցերում:
«Կոռումպացված համակարգը վերացնելու համար պետք չէ հանձնել տարածքները: Տարածքները հանձնելու համար այսօր աշխարհագրական նախադրյալներ գոյություն չունեն», հավելեց Մելիքյանը:
Հարցին, թե ի՞նչ շանսեր ունի Մելիքյանը` թեկնածությունը դնելով նախագահական ընտրություններում, վերջինս այսպես պատասխանեց. «Ես առհասարակ թեկնածու չեի ուզում լինել, ուղղակի այլ տարբերակ չգտա: Ես առաջարկում եմ նոր մոտեցումներ թե՛ բանակցային գործընթացում, թե՛ մեր կառավարման համակարգում համապատասխան վերափոխումներ կատարելու առումով: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ Ղարաբաղը բանակցություններում հանդես գա որպես ինքնուրույն կողմ: Հայաստանը երբեք չպետք է խոսի տարածքներ հանձնելու մասին: Հայաստանը կարող է խոսել միայն փախստականների, փախստականներով այդ տարածքները բնակեցնելու մասին: Հայաստանը հրապարակավ պետք է հայտարարի, որ ուժի մեջ չէ այլեւս 89-ի ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու որոշումը: Այդ որոշումը բացարձակապես հաշվի չի առնում այսօրվա տարածքային իրողությունները եւ հետպատերազմյան իրողությունները: Դա նաեւ հնարավորություն կտա Հայաստանին վաղը շատ հանգիստ ճանաչելու Ղարաբաղը այն սահմաններում, որում այսօր գոյություն ունի: Սրանք իմ մոտեցումներից մի քանիսն են»:
Վերջում Մելիքյանը հիշեցման կարգով անդրադարձավ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցած Արարատ Զուրաբյանի եւ Շավարշ Քոչարյանի հեռուստաբանավեճին, որտեղ Արարատ Զուրաբյանին հարցրել են պատրա՞ստ եք հանձնելու տարածքները, վերջինս էլ պատասխանել է` այո:
Հարցին` չէ՞ որ Սերժ Սարգսյանն էլ է ասում, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, Մելիքյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն էլ այդ առումով ճիշտ չէ: Միակ տարբերությունն այն է, որ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցները 98-ին կանխեցին այդ հանձնման գործընթացը: Հայաստանը միավորել էր իրեն ԼՂԻՄ-ին, ոչ ԼՂՀ-ին հին սահմաններով` առավել եւս նոր սահմաններով: ԼՂՀ-ն որպես Հայաստանի մաս` Հայաստանը չդիտարկեց»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ