Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել Կանադայի Մըքգիլ համալսարանի օտար լեզուների բաժանմունքի վարիչ, գերմանագետ, պրոֆեսոր Դորա Սաքայանի «Արեւելահայերենը անգլիախոս աշխարհի համար» դասագիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկՙ համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: Թե ինչո՞ւ գիրքը ծնվեց Կանադայում ու հրատարակվեց Հայաստանում հարցի պատասխանը բավականին տարողունակ է, որովհետեւ Մոնրեալում բնակություն հաստատելուց առաջ Դորա Սաքայանը երկար տարիներ գերմաներեն է դասավանդել Երեւանի պետական համալսարանում, շուրջ 10 տարի եղել է օտար լեզուների ամբիոնի վարիչը, խմբագրել ու հրատարակել է գերմաներենի դասագրքեր, ձեռնարկներ:
Մըքգիլ համալսարանում հաստատվելուց հետո գերմանագիտությանը զուգահեռ Սաքայանն զբաղվել է հայագիտությամբ ոչ միայն մայրենիից կարոտը հագեցնելու, այլեւ հայոց լեզվի հանդեպ օտարների հետաքրքրասիրությունը բավարարելու ձգտումով: 1981-ին հիմնում է հայերենի դասընթացներ, սակայն դասավանդելու ընթացքում ձեռքի տակ եղած արեւմտահայերենի դասագրքերը ուսումնասիրելով համոզվում է, որ դրանք լի են կցկտուր, անկապ նախադասություններով, որեւէ համակարգի չենթարկվող քերականական նյութերով, կարճ տեքստերով ու ցաքուցրիվ բառերով: Դասավանդման իր նախընտրած մեթոդների պահանջով յուրաքանչյուր դասի համար պատրաստում է թերթիկներ, որոնք ստվարանալով դառնում են գրքույկներ, հետո վերածվում դասագրքիՙ «Արեւմտահայերենը անգլիախոս աշխարհի համար» վերնագրով, որը հրատարակվում է Մոնրեալում 2000 թվականին:
«Գերազանց գրախոսականները տեսնելով հասկացա, որ բոլոր նախադրյալները կան Հայաստանի Հանրապետության պետական լեզվիՙ արեւելահայերենի դասագիրքը անգլիախոս աշխարհին ներկայացնելու համար: Արեւելահայերենն առաջին անգամ մատուցվելու էր ոչ որպես մայրենի, այլ օտար լեզու: Հայագիտական նախորդ աշխատանքներիս շնորհիվ ծանոթ էի արեւելահայերենի վերաբերյալ եղած գրականությանը: Սկսեցի մեծ թափով աշխատել եւ անմիջապես հասկացա, որ դա շատ ավելի լուրջ եւ բազմաշերտ աշխատանք է, ավելի մեծ ուժ ու կորով պահանջող: Որքան խոր մխրճվեցի գործի մեջ, այնքան ավելի ոգեւորվեցի այն մտքից, որ այս տարբերակի հաջողությունն ապահովված է: Եվ ահա այսօր, արեւմտահայերեն քույր-գրքի հրատարակումից ուղիղ յոթուկես տարի անց սեղանին եմ դնում իմ կյանքի գիրքը, ներծծված իմ 55 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձով ու մեծասքանչ հայոց լեզվի հանդեպ հոգուս մեջ եղած ամբողջ սիրով», իր ելույթում ասաց Դորա Սաքայանը, երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր գրքի ստեղծման աշխատանքի հանդեպ դրսեւորել են ջերմ ու հոգատար վերաբերմունքՙ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանին, լեզվաբան Սերգեյ Գալստյանին, պրոֆ. Սամվել Մուրադյանին, Հրաչյա Միրզոյանին եւ այլոց: Գիրքը ձեւավորել եւ էջադրել է Մարո Մանավյանը, որը Դորա Սաքայանի կողքին է եղել թե՛ Կանադայում, թե՛ Հայաստանում: «Երբ գանգատվում էի հոգնածությունից, Մարոն ասում էր. «Իհարկե հոգնած ես, չէ՞ որ երկունքի մեջ ես»:
Դասագրքի նշանակության եւ արժեւորության մասին խոսեցին Արամ Սիմոնյանը, Սերգեյ Գալստյանը, Դավիթ Գյուրզադյանը, իսկ Լիլիթ Այվազյանը (Նիկոլ Աղբալյանի անվ. թիվ 19 դպրոցի աշակերտուհի) ընթերցեց Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունըՙ Դորա Սաքայանի անգլերեն թարգմանությամբ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ