Երեկՙ նոյեմբերի 29-ին, Բոննում, «Դոյչե վելլեի» խմբագրությունում կայացավ «Դարֆուր. ինչպե՞ս վերջ տալ ցեղասպանությանը» վերնագրյալ բաց քննարկումը, որի ենթավերնագիրն էՙ «Միջազգային հանրության պատասխանատվությունը»: Բանավեճը վարեց ռադիոկայանի Աֆրիկայի (Հաուսա) ղեկավար Թոմաս Մյոշը:
Միջոցառումը կազմակերպել էին Բոննի Զարգացման եւ խաղաղության հիմնադրամը, Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի եւ ցեղասպանության գիտահետազոտական ինստիտուտըՙ Բոննի «Դոյչե վելլեի», Բոննի International Center for Conversation-ի եւ Դույսբուրգի Զարգացման եւ խաղաղության ինստիտուտի համագործակցությամբ:
2003-ին Սուդանի արեւմուտքում ծագեց Դարֆուրի հակամարտությունը, որ 200,000 մարդկային կյանք խլեց, 2,5 միլիոնի պարտադրեց արտաքսվել բնօրրանից: Ապակայունացավ իրադրությունը սահմանակից Չադում եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Երկարատեւ շրջափակումից հետո 2007-ի հունիսին Սուդան ուղարկվեցին խաղաղապահներ Աֆրիկյան միությունից ու ՄԱԿ-ից: Միջազգային տեսանկյունից մեծ առաջընթաց նկատվող այս գործողությունը սակայն պարզ չի դարձնում, թե, ասենք, Խարթումն ուզո՞ւմ է համագործակցել կամ Սուդանի կառավարությունը միջազգային հանրությանը լո՞ւրջ է վերաբերվում, թե՞ մուկ ու կատու է խաղում: Հարցական է նաեւ, թե այս առաքելությունն ու մանդատը խնդրահարույց Դարֆուրին բավարարո՞ւմ են: Ցայժմ գործի դրված խաղաղաստեղծ ջանքերը մեծ արդյունք չեն գրանցել, միջազգային հանրությունը դաս քաղե՞լ է, մոտ ժամանակներս ակնկալվո՞ւմ է իրադրության շոշափելի բարելավում: Ինչպե՞ս կարելի է դիվանագիտական եւ քաղաքական միջոցներով տարածաշրջանում անհետաձգելի տեւական կայունություն հաստատել:
Ահա այս հարցերը շոշափեցին Բոննի քննարկման մասնակիցներ, Ենայի համալսարանի գիտահետազոտող դոկտ. Մելհա Ռոութ Բիիլը, Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի հիմնադիր տնօրեն դոկտ. պրոֆ. Միհրան Դաբաղը, Հիլդեսհայմի Sudan Focal Point Europe հաստատության տնօրեն Մարինա Փետերը, Հաագայից պաշտոնաթող նախարար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սուդանի հարցով նախկին հատուկ հանձնակատար պրոֆ. Յան Փրոնքը եւ Քյոլնից դաշնային պաշտոնաթող նախարար, Սուդանում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Գերհարդ Ռ. Բաումը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա