Ժամանակի իրողություններով պայմանավորվածՙ երբեմն այս կամ այն հասկացությունը, բառը փոխում է իմաստը կամ ձեռք է բերում իմաստային նոր նրբերանգներ: Այս ճանապարհին լինում են նաեւ խոսքի մեջ տարբեր հասկացությունների շփոթի, մեկը մյուսի փոխարեն սխալ գործածելու դեպքեր, որոնք հարկ է ժամանակին ուղղել:
Նախկինում երբ որեւէ մարդու մասին ասում էին, թե հավատացյալ, բարեպաշտ մարդ է (սովորաբար այդ երկու հասկացությունը միասին էր գործածվում), բոլոր դեպքերում տվյալ մարդու հանդեպ հարգանք ու ակնածանք էր առաջանում, որովհետեւ պատկերացնում էինք աստվածավախ ու առաքինի անձնավորության, քրիստոնեական, մարդկային բարոյականության վեհ սկզբունքներով ապրող ու կենցաղավարող: Եվ իհարկեՙ եկեղեցի հաճախող, նրա ծեսուկարգը պահող: Մի խոսքովՙ հավատքին նվիրված մարդ:
Հիմա հավատացյալ են ասում իր հավատից շեղված, դրան դավաճանած, օտարամուտ քայքայիչ աղանդների որոգայթն ընկած ամեն տեսակի մոլորյալին: Մի տեղ «Եհովայի վկաների» խառնաժողով է, ասում ենՙ հավատացյալների ժողով է: Մեկի տանը այդ հողի վրա բաժանություն է եղել, մեկ ուրիշի երեխան է սթրեսի կամ արհեստական ստեղծված մեկ այլ փորձանքի մեջ ընկել, ասում ենՙ կինը կամ ամուսինը հավատացյալ է: Մեկի որդին հրաժարվում է հայոց բանակ գնալուց, հայրենիքի պաշտպանության համար ձեռքը զենք առնելուց, մեկը հարում է հիսունականներին, մորմոններին, մասոններին, մյուսը սատանայապաշտ է, դարձյալ լսում եսՙ հավատացյալ է... Մինչդեռ բոլոր ժամանակներում եւ աշխարհում ամեն տեղ այդպիսիք միշտ մի անուն են ունեցել եւ ունենՙ աղանդավոր: Ինչո՞ւ ենք, ուրեմն, շփոթում հասկացությունները եւ մերժելին ու պարսավելին պատվում վեհ գաղափար արտահայտող «հավատացյալ» բառով, արժեզրկելով այդ հասկացությունն ու ակամա համեմատությամբ գուցե նաեւ վիրավորելով ճշմարիտ ու բարեպաշտ հավատացյալին:
Ակամա սխալի հիմքը, երեւի, ջերմեռանդ հավատացյալի եւ աղանդավորի վարքագծի որոշ կողմերի արտաքին, խաբուսիկ նմանությունն է, հավատին կամ մոլորությանը նրանց հետեւողության տեսանելիությունն ու որոշակի ակտիվությունը: Ընդսմին պետք է նկատել, որ տարբեր առումներով առավել ակտիվությունը (խորքում երբեմն ագրեսիվության հավասար) հատուկ է զանազան աղանդներին ու հույժ կասկածելի նպատակներով «ներբերված» կրոնական հոսանքներին: Եվ դա հասկանալի է. նրանք առնվազն եւ ամենից առաջ «դաշտ» նվաճելու, իրենց ազդեցությունը տարածելու խնդիր ունենՙ շատ դեպքերում ծառայելով որպես գործիք աշխարհի հզորների, «համաշխարհային անդրկուլիսի» մութ ուժերի ձեռքին, մարդկանց հասարակությունից, հանրային շահերից կտրելու, մեկուսացնելու, ազգերին ու ժողովուրդներին մասնատված անդեմ եւ հեշտ կառավարելի զանգված դարձնելու նրանց հեռահար, հաճախ ամենագեղեցիկ կարգախոսներով քողարկված ծավալապաշտական նկրտումներին... Մեր միամիտ հայրենակիցների մի մասը նրանց սարդոստայնն է ընկնում ոչ միայն սոցիալական վիճակի, այլեւ հասարակական կյանքի դրվածքի, արժեքային համակարգի արագ եւ կտրուկ փոփոխությունների հորձանուտում շփոթության, կողմնորոշիչները կորցնելու պատճառով, ընդհանուր դժգոհության ու հիասթափության մթնոլորտում ինքնավերագտնումի փորձերի, ներքին նոր հենասյուների որոնման ճանապարհին: Արդյունքը մարդկանց տվյալ խմբի օտարումն է իրենց բնական միջավայրիցՙ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով իրենց եւ միջավայրի համար: Հատկապեսՙ եթե այդ միջավայրը բազում խնդիրներ ունեցող «փոքր ածու» է...
Այս մարդկանց իսկական իմաստով նույնիսկ հավատափոխ չես ասի: Դավանաբանական խնդրից զատ (որեւէ կանոնական հավատի, կրոնի հետ կապ չունենալը) մի՞թե կարող է իր սեփական, իրեն մայրական կաթի հետ տրված հավատն ուրացողը, իր հարազատ միջավայրի ավանդույթների ու իր ազգային սրբությունների վրայով շեքող-անցնողը իրապես հավատալ, առավել եւսՙ նվիրվել ու հավատարիմ մնալ երեկ-մեկելօր իրեն հրամցված ինչ-որ օտար ու խորթ պաշտամունքին: Ոչ, նա ընդամենը հավատուրաց է: Մեծ մասամբ նա հարազատ ծնունդը կամ մի արգասիքն է այս տարիներին մեզանում արմատակալած ու արդեն այնքան ավերմունք գործած քաղաքական եւ բարոյական աղանդավորության այն մթնոլորտի, որում օրումեջ «համոզմունքներ» ու կողմնորոշումներ փոխելը, ըստ պահի պատեհության քաղաքական մի ճամբարից մյուսը ճարպիկ առնետավազքերը, հանուն չնչին ու այսրոպեական շահի սկզբունքներին, սրբություններին, յուրայիններին ու մերձավորին դավաճանելը, ուրացողությունը, պարտազանցությունը, փարիսեցիությունն այլեւս զարմանք չեն հարուցում: Իսկ դժվարը մեկ անգամ ուրանալն է...
Հավատուրացին թյուրիմացաբար հավատացյալ ասելով մենք կրկնակի մեղք ենք գործումՙ նաեւ «օրինականացնելով» ու խրախուսելով ուրացողությունը, մեր հասարակությունը ներսից կազմալուծելու ընդունակ նշված եւ չնշված մի շարք այլ բարոյական արատներ:
Ուրեմն ուղղենք սխալը, աղանդավորին կոչենք ինչպես միշտՙ աղանդավոր, հերձվածող, հերետիկոս, ուրիշ էլի ինչ ուզում եք, բայց ոչ երբեքՙ հավատացյալ:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի