Համազգային դրամահավաքի շրջանակներում արտերկիր կատարած այցելությունից վերադառնալով` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ իր նստավայրում հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին իշխանության բոլոր թեւերի պատասխանատու ներկայացուցիչները:
Նախագահը համառոտ ներկայացրեց ՌԴ, Ֆրանսիա եւ ԱՄՆ կատարած այցերի հանդիպումների մանրամասները: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով դրանց արդյունքները, Բ. Սահակյանը տեղեկացրեց, որ արդեն վաղը, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մոսկվաբնակ մի խումբ հայ գործարարներ կլինեն Ստեփանակերտում, որոնց հետ կքննարկվեն մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման եւ Ստեփանակերտի կաթի կոմբինատի վերագործարկման հարցեր` դրանց գործնական լուծում տալու նպատակադրությամբ:
Այս տարվա մարաթոնին մասնակցել էր շուրջ 11.000 մարդ, ինչը, նախագահի կարծիքով, բավականին փոքր թիվ է: Բակո Սահակյանի համոզմամբ, եթե Ֆրանսիայում անցկացված ֆոնեթոնն ընդգրկի նաեւ այլ երկրներ, ապա դրամահավաքի մասնակիցների թիվը հնարավոր կլինի հասցնել 50.000-ի` հանգանակելով ավելի շատ գումար: Այս առումով, ըստ նախագահի, հետագայում պետք է հաշվի առնել ֆոնեթոնի աշխարհագրությունն ընդարձակելու նպատակահարմարությունը:
Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ շոշափվել են բազմաթիվ հարցեր, որոնց թվում Բակո Սահակյանը հատկանշեց գյուղերի զարգացման խնդիրը եւ էներգետիկայի ու մշակույթի ոլորտներում իրականացվելիք ծրագրերը: Միեւնույն ժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ սփյուռքի հայ գործարարներին կոնկրետ ծրագրեր առաջարկելու առումով մեր պատրաստականության աստիճանն այնքան էլ բարձր չէ: Նախագահն անհրաժեշտ համարեց Արցախում ստեղծել տեղեկատվական կենտրոն, որի մատուցած տեղեկատվությունների միջոցով արտերկրում կարող են հստակ պատկերացումներ ունենալ ԼՂՀ-ում առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին:
Նախագահի հավաստմամբ, սփյուռքի մեր շատ հայրենակիցներ Արցախ չեն այցելում օդային կապի բացակայության պատճառով: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ավիացիայի վարչության մասնագետների հետ համաձայնություն է ձեռք բերվել Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցում: Նախատեսվում է արդեն իսկ գալիք տարվա ամառնավերջին բացել օդանավակայանը, որը կգործի միայն Ստեփանակերտ - Երեւան եւ հակառակ երթուղիներով: Միջազգային թռիչքներ առայժմ հնարավոր չէ Ղարաբաղում իրականացնել, քանզի դրա համար պետք է ունենալ Ադրբեջանի եւ միջազգային համապատասխան կառույցների թույլատրությունը, ինչը ներկա դրությամբ հնարավոր չէ:
Թեպետ խորհրդակցության ձեւաչափը չէր նախատեսում լրատվամիջոցների ներկայություն, նախագահը նույնիսկ նախապես իրազեկված չէր լրագրողների մասնակցության մասին, սակայն հոժարությամբ պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես, հարց հնչեց հանգանակված գումարների օգտագործման թափանցիկության վերաբերյալ: Նախագահը հավաստիացրեց, որ լիարժեք թափանցիկություն կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ: Իսկ թե Մարտունու շրջանի ո՞ր բնակավայրից կսկսվի սոցիալ-տնտեսական ծրագրի իրականացումը` Բ. Սահակյանն ասաց, որ նախատեսված է ԼՂՀ-ում բացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ, որն էլ կզբաղվի ծրագրային կետերի հստակեցմամբ ու դրանց իրականացման կազմակերպմամբ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ