Ասում է Արամ Կարապետյանը
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին ՀՀ-ում վերջին տասը տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք չտրամադրելու հայցի լսումը երեկ կեսօրին հետաձգվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում: 2003-ի նախագահական ընտրություններում մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ունեցել է Արամ Կարապետյանը, սակայն պատասխանող կողմը չունենալով քաղաքացիություն չտալու լուրջ հիմքեր, դատարանին խնդրեց հետաձգել դատը հաջորդ օրվան: Բացի այդ, Արամ Կարապետյանը նաեւ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: Դատարանում Արամ Կարապետյանն ասաց, որ ինքը 1992-ից ՀՀ քաղաքացի է եւ անձնագրային ու վիզայի բաժնից իրեն քաղաքացիություն չտալու լուրջ հիմքեր չկան:
«1997-ից հաշվառման մեջ եմ: ՀՀ կառավարության 98-ի դեկտեմբերի որոշումը խախտել են: Առ այն, որ այն գոյություն չի ունեցել, ՀՀ ոստիկանությունը տեղյակ չէ գործընթացին ամբողջությամբ: Իրենք ընդհանրապես գործին տեղյակ չեն: Որեւէ օրենք որեւէ պարագայում իմ կողմից չի խախտվել: Ես միջնորդություն դեռ չարեցի եւ դուք բոլորդ հասկացաք, թե ինչ իրավական հիմքեր, չակերտներում ասած, ունի ոստիկանությունը: Բոլորդ տեսաք, որ թղթերը պետք է պատրաստեն, փոխեն: Թողեք մասնակցենք, մենք մեր տոկոսը ստանանք, գնանք տուն»:
Արամ Կարապետյանը համոզված է, որ պատվերը քաղաքական է եղել, եւ այժմ նոր թղթեր պետք է պատրաստեն իր դեմ:
«2003-ին, որ ես փաստաթուղթ եմ ունեցել, իրենք համարել են, որ Արամ Կարապետյանը իրենց համար ամենալուրջ կողմն է դարձել, փորձեցին դեմս առնել: Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, նորմալ հասարակություններում հեգնանքը, կատակը համարվում է չար մարդկանց վարմունք: Պատվերը քաղաքական էր` իրավական հիմք դրա համար գոյություն չուներ: Իրենց համապատասխան քաղաքական քայլերին կանենք համապատասխան գործողություններ: Միանշանակ համոզված եմ, որ այդ ընտրություններին կմասնակցեմ` կոնկրետ թեկնածու չեմ մասնակցի, քաղաքական որոշումով եթե պիտի հանվեմ, այդ քաղաքական վախի մթնոլորտը այս ընտրություններին հիմք են հանդիսանալու այս իշխանությունները փոխելու: Մեր հիմքերը շատ ուժեղ են, եւ նկատելի է, որ ապօրինությունների քանակը գնալով ավելանում է, իշխանությունը ժողովրդի մեջ չունի ժողովրդավարական հիմքեր: Իրավական տեսակետից հայցը արդեն բավարարված է: Քաղաքական որոշումները, որոնք կատարվել են վախի մթնոլորտում, լավի չեն հանգեցնելու», նկատեց Արամ Կարապետյանը:
Իսկ թե «ի՞նչ վտանգ է սպառնում իշխանական թեկնածուին» հարցին Արամ Կարապետյանը պատասխանեց. «Միանշանակ դիմելու եմ ժողովրդին փողոց դուրս գալու: Եթե ընտրությունները օրինական չկայացան` ազատ ուժը, ավյունը, ֆինանսական միջոցները հերիք են դա անելու: Եթե բացառվում է, որ իրավական տեսակետից մեզ կգրանցեն, քաղաքական որոշումով մեզ կհանեն, մենք կդառնանք ազգային հեղափոխության թեկնածու»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ