«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2007-11-30 | #222, 2007-12-01 | #223, 2007-12-04


«ԻՄ ԴՈՒՌԸ ՉԾԵԾԵՔ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ»

Աղանդները սասանում են պետականության հիմքերը

Հայաստանի բնակչության մեջ, ընդհանուր առմամբ, ագրեսիա չկա այլադավանների, այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ, բայց կա բացահայտ անբարյացակամություն նրանց քարոզչության որոշ տեսակների վերաբերյալ, երբ, օրինակ, փողոցում մոտենում են կամ բախում են մարդկանց դռներն ու առաջարկում իրենց կրոնական հայացքները: Մեր երկրում գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ բնակչության վերաբերմունքը, կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, այսպիսին է: Այս կարծիքը Հրանուշ Խառատյանն արտահայտեց երեկ «Հայելի» ակումբում, որտեղ նա «Կրոնական ազատություն, կրոնական հանդուրժողականություն» թեմայով բանավիճում էր Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա տեր Հակոբ Խաչատրյանի հետ:

Հրանուշ Խառատյանի խոսքով, բնակչությունը դժգոհում է, երբ թակում են իր դուռը կամ փողոցում խլում իր ժամանակը` կրոնական տեսակետներ առաջարկելու համար: Վարչության պետի ասելով, անգամ առաջարկ է եղել դռներին փակցնելու «Իմ դուռը չծեծեք կրոնական առաջարկությամբ» ցուցանակ: Նրա խոսքով, սակայն, միջազգային իրավունքի տեսակետից այս հարցի պատասխանը տրված չէ. «Մեր սահմանադրությունն ասում է, որ յուրաքանչյուրն ազատ է իր կրոնական համոզմունքներն արտահայտելու մեջ, իսկ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը քարոզչության սահմանափակման դրույթում որոշ հակասություն ունի օրենքի հետ»:

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցին երբեւէ անհանդուրժող չի եղել կրոնական որեւէ կազմակերպության նկատմամբ, այլ մտահոգություն է հայտնել այդ կազմակերպությունների հետեւորդների հոգեւոր փրկագործության, նրանց անվտանգության առնչությամբ: Տեր Հակոբը նշեց եւ իր հետ բերած բազմաթիվ փաստաթղթերով ցույց տվեց, թե որքան ընտանիքներ են քայքայվել, որքան մարդիկ են անհավասարակշիռ հոգեվիճակում հայտնվել աղանդավորական կազմակերպություններին անդամակցելով ու կարծիք հայտնեց, որ կրոնական կազմակերպությունները սասանում են մեր երկրի պետականության հիմքերը` մինչեւ անգամ սպառնալով ազգային անվտանգությանը:

Ներկայացված օրինակներով ամուսիններ են բաժանվել կրոնական տարբեր կազմակերպություններին անդամակցելու պատճառով, երեխաների հոգեվիճակն է քայքայվել: Տեր Հակոբի խոսքով, Հայաստանում գրանցված մոտ 64 կրոնական կազմակերպությունները վտանգավոր կամ նվազ վտանգավոր գործունեություն են ծավալում եւ այդ որոշակի գործունեությամբ հարված է հասցվում պետականությանը: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց մի քանի այդպիսի կազմակերպությունների անուններ, որոնցից են խարիզմատները, մորմոնները, 50-ականները, «Կյանքի խոսք» կազմակերպությունը եւ այլն:

Հրանուշ Խառատյանի խոսքով, իսկապես Հայաստանում կան դեպքեր, երբ նույն ընտանիքում ծնողները երկու տարբեր կազմակերպությունների են անդամակցում եւ երեխայի կրոնական ընտրությունն էլ իրենք են որոշում: Իսկ ծնողների տարաձայնությունների համար, նրա խոսքով, առաջարկ է եղել երեխայի կրոնական հայացքի ընտրությունը թողնել 18 տարեկանից հետո, որպեսզի նա չդառնա ծնողներից որեւէ մեկի զոհը: Կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետը նշեց, թե իրենք չունեն բավականաչափ վիճակագրական տվյալներ, թե կրոնական կազմակերպություններին քանի մարդ է «զոհ գնացել», հետեւաբար չեն կարող ասելՙ իրավիճակն ինչ չափով է խորքային:

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը մեղադրեց կառավարության վարչությանը` նշելով, թե ինչ վիճակագրություն է հարկավոր, երբ բավական մասնավոր դեպքեր, մարդկային ճակատագրերի խեղաթյուրման օրինակներ կան. «Եթե կան այդ օրինակները, ինչո՞ւ չեք հրապարակում, ինչո՞ւ չեք բարձրաձայնում այդ մասին»: Հրանուշ Խառատյանն արժանացավ նաեւ լրագրողների մեղադրական գրոհին. «Դուք պարտավոր էիք ունենալ այդ տվյալները (նկատի ունեն կրոնական կազմակերպություններին անդամակցող եւ այդ ճանապարհին հոգեկան խնդիրներ ունեցած մարդկանց մասին տվյալները), դուք պարտավոր եք քայլեր ձեռնարկել, սոցիոլոգիական հարցում անցկացնել, իմանայիք` ինչ է կատարվում, ի՞նչ եք անում իրավիճակը շտկելու համար»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4