Հայերիս համար ծայրահեղ տհաճ էր Դոնի Ռոստովում կանխված ահաբեկչության գործողության վերաբերյալ հաղորդումը: Մի խումբ քրեական հանցագործներ մտահղացել էին ամանորյա տոնակատարությունների ժամանակ պայթյուններ կազմակերպել քաղաքի առեւտրային բանկերից մեկի վրա ծրագրված հարձակումից ուշադրությունը շեղելու համար: Հանցախմբի մասնակիցներից մեկը պետք է զանգեր միլիցիա եւ զգուշացներ, որ, իբր, ռումբ է դրված քաղաքի խոշորագույն խանութներից մեկում: Մինչ կարգի պահապանները կգտնեին կեղծ ռումբը, նրանք իսկական պայթուցիչ սարք էին տեղադրելու ավտոբուսի ծայրամասային կանգառներից մեկում:
Հանցախմբի առանցքը կազմել են 18-37 տարեկան ութ հոգի, որոնք բոլորն էլ արդեն հայտնվել են քրեական մեկուսարանում եւ ցուցմունքներ են տալիս: Հաղորդագրություններում հատուկ ընդգծված է նրանց ազգային պատկանելությունը` չեչեններ, ինգուշներ, ռուսներ եւ... հայեր (հոգնակի):
Ապշում ես: Բանդիտից սպասել ազգասիրություն` անիմաստ բան է, դա նրա մակարդակը չէ: Բայց գոնե այդ տականքները մտածեին իրենց մասին: Արդեն գարշելի է, որ հայ կոչված ոչնչությունները հանցագործության են դիմում օտար հողում, բայց առավել քան նողկալի է, երբ նրանք մեղսակից են բոլորովին անմեղ մարդկանց զոհ դարձնելու փորձերին. հատուցումը նույնքան անողոք կլինի: Ահաբեկչական գործողություններ կատարողների մեջ քիչ չեն նաեւ մոլորված մարդիկ, որոնք նման քայլի են դիմում հանուն որեւէ գաղափարի: Սակայն այս դեպքում այդ ավազակներին հետամտել է միայն ու միայն թալանի տենչը:
Արձանագրված փաստն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում, թեւ տալով ամեն տեսակ կովկասատյացների: Սակայն կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե այդ սողունների ձեռքով թափվեր հիրավի անմեղ անձանց արյունը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա