«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2007-12-01 | #223, 2007-12-04 | #224, 2007-12-05


ՊՈՒՏԻՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ

Երեւի չկա ավելի տաղտկալի մի թեմա, քան Ռուսաստանի պառլամենտական ընտրությունները: Որովհետեւ նույնիսկ Արեւմուտքում բոլորի համար պարզ էր, որ այդ «գոտեմարտում» կհաղթի... Պուտինը: Մանավանդ որ նա կոչ արեց քվեարկելու «Միասնական Ռուսաստան» կուսակցության օգտին, որի լիդերն է ինքը: Փաստորեն դա մի հանրաքվե էր ի վստահություն Վլադիմիր Վլադիմիրովիչի: Դե, հիրավի բարձր է այդ մարդու պատիվ-հարգանքը իր ժողովրդի շրջանում: Դուք կարծում եք, օրինակ, որ չեչեն ժողովուրդը ձեւի համա՞ր միահամուռ նախընտրեց Պուտինին: Ո՛չ, Ռամզան Կադիրովը հիանալի է հասկանում, որ իր ժողովրդին նոր պատերազմներից ու քաղաքական խարդավանքներից զերծ պահողը հենց այդ անձն է:

Ընտրությունների միակ «ինտրիգը», թերեւս, այն էր, թե յոթ տոկոսանոց արգելքը կհաղթահարի՞ մյուս «Ռուսաստանը», որ կոչվում է «Արդարացի»: Թեեւ մտներ նա Դումա, թե ոչ, ոչինչ չէր փոխվի, քանզի Պուտինի հաղթանակը անվերապահ է: Ամենազավեշտականն, իհարկե, բանիմաց Եվրոպայի դիտորդների կեցվածքն էր. առավոտյան նրանք ընդունեցին ընտրությունների լիարժեքությունը, իսկ երեկոյան... մերժեցին: Ա՜խ այդ դեմոկրատական երկերեսանիությունը...

Ի դեպ, դեմոկրատների մասին: Այնուամենայնիվ, չասենք, թե այս ընտրությունները ոչինչ չտվեցին: Ամենակործանիչ, ամենաանփառունակ պարտությունը կրեցին աջ ուժերը, այսպես կոչված, դեմոկրատականՙ լիբերալ գաղափարի ներկայացուցիչները, որոնք 90-ականներին քայքայեցին, այլասերեցին ու թալանեցին երկիրը: Գայդարի, Չուբայսի, Նեմցովի եւ նմանների չարագուշակ ուրվականները տակավին քստմնելի զգացմունքներ են առաջացնում ռուսների մեջ: Եթե Աջ ուժերի միությունն ու «Յաբլոկոն», օրինակ, բողոքարկեին ընտրությունների արդյունքները, ապա պիտի պահանջեին իրենց շահած, համապատասխանաբար, 1,0 եւ 1,6 տոկոսներին ավելացնել եւս 0,5 կամ լավագույն դեպքումՙ մեկ տոկոսը: Ոչ ավելի: Առհասարակ զարմացնում էր դեմոկրատական համայնքի «պայքարի» ձեւերի տկարությունը: Ճիշտ է, այս անգամ նրանք հոմոսեքսուալիստներին ու լեսբուհիներին չստիպեցին իրենց նախընտրական հավաքներում համբուրվել հրապարակայնորեն: Սակայն դեմոկրատ լիդերներից մեկն իր երկարամազ «խուճուճներով» ավելի շատ «ոչ ավանդականի» էր հիշեցնում:

Եվ այսպես, կառավարող կուսակցությունը, ասել է թեՙ Դուման արդեն Պուտինի գրպանում է: Պարզապես պետք է սպասել նախագահական ընտրություններին եւ պառլամենտի կողմից հաստատվել վարչապետի պաշտոնում, համբերել ամենաուշը չորս տարի եւ օրինականորենՙ սահմանադրականորեն վերադառնալ բարձրագույն աթոռին: Միանգամայն իրական սցենար:

Պետական Դումայի ներկա կազմը գործելու է չորս տարի: Մնում է, որ հայոց պառլամենտականները մտածեն, թե լոբբիստական ինչ ուժ ստեղծեն Ռուսաստանի մայրաքաղաքում Հայաստանի շահերը պաշտպանելու համար: Սա, իհարկե, շատ ավելի դժվար գործ է, քան գալ Մոսկվա եւ... ծեծ ուտել խաղատանը...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4