Մոսկովյան «Նեզավիսիմայա գազետան» ընդարձակ հոդված էր հրապարակել «Մեծ Ադրբեջան. պատրանք, թե՞ իրողություն» վերնագրով: Տալով նավթադոլարներից շփացած երկրի ներկա պատկերը (2010 թվականին Ադրբեջանը կստանա շուրջ 10 միլիարդ դոլար զուտ եկամուտ), վերլուծական նյութի մեջ ուշադրությունը կենտրոնացված էր այդ պետության արտաքին քաղաքականության որոշ կողմնորոշիչների ու մասնավորապես ադրբեջանա-իրանական առնչությունների վրա:
Բանն այն է, որ նավթի շնորհիվ զարգացնելով էկոնոմիկան եւ բարձրացնելով մարդկանց կենսամակարդակը, Ադրբեջանը լայն քարոզարշավ է ծավալել այսպես կոչված Հարավային Ադրբեջանի խնդրով: Բաքվում ըստ երեւույթին շատերն են գալիս այն համոզմանը, որ իրանցի «հայրենակիցները» պարտավոր են «ազգային-ազատագրական պայքար» ծավալել անկախության համար: Ստացվում է, որ եթե նման ձգտումներ են դրսեւորում ղարաբաղցիները, ապա դա անջատողականություն է, իսկ եթե իրենց պայմանական ցեղակիցները` արդարացի պայքար: Ընդ որում, Իրանի ներքաղաքական քայքայման գործընթացը ազերները առաջին հերթին կապում են ԱՄՆ-ի հետ. եթե ամերիկացիները ռազմական հարված հասցնեն Իրանին, ապա դա հիանալի հեռանկար կբացի «միասնական մեծ Ադրբեջանի» ստեղծման համար, որը դառնալով տարածաշրջանի հզոր տերությունը, Ղարաբաղի խնդիրը կլուծի «մեխանիկորեն»:
Հոդվածում, սակայն, մեղմ ասած, կասկածներ են հայտնվում նման պլանների իրագործման կապակցությամբ: Նախ, հաշվի չի առնվում Իրանի ներքաղաքական կացությունը: Այդ պետությունը միաձուլված է համապետական գաղափարներով ու կրոնով: Երկրի բոլոր ազգերը, այդ թվում նաեւ տեղաբնակ ադրբեջանցիները, լայնորեն ներգրավված են իրանական հասարակության մեջ եւ պարսիկների հետ մեկտեղ մտնում են երկրի քաղաքական, տնտեսական, ռազմական, հոգեւոր վերնախավի մեջ: Համենայն դեպս առ այսօր իրանցի ադրբեջանցիները անջատողական լուրջ նկրտումներ հանդես չեն բերել:
Բացի այդ, վստահություն չի հայտնվում, թե Ադրբեջանը կկատարի վերջերս Թեհրանում կայացած մերձկասպյան պետությունների գագաթաժողովում ընդունված այն պարտավորությունը, որի մասնակիցներից ոչ մեկը իր տարածքը չի տրամադրի երրորդ երկրների ռազմական գործողությունների համար: Արդեն այսօր դժվար է թաքցնել ամերիկյան ռազմական ներկայությունը Ադրբեջանում. մոտ երկու հազար մասնագետներ արդիականացրել են 9 օդանավակայան, 2 ռադարային կայանք, ամենայն հավանականությամբ 2010 թվականին ամերիկացիների տնօրինությանը կհանձնվի նաեւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը: Այսինքն, ամեն ինչ հանգում է նրան, որ Ազերստանը դառնա հենակետ ընդդեմ Իրանի: Ընդսմին, ամերիկացիները ճնշման լծակներ ունեն Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս փորձի խուսանավել (առջեւում նախագահական ընտրություններ են, կարելի է վերանայել վերաբերմունքը Ղարաբաղի խնդրի նկատմամբ եւ այլն):
Բայց, մյուս կողմից, ինչ կշահի Ադրբեջանը, եթե ամերիկացիները, օգտագործելով նրա տարածքը, հարված հասցնեն Իրանին: այդ դեպքում իրանցիները կատարում են իրենց «խոստումը»` նրանց հեռահար հրթիռների համար թիրախ են դառնում Բաքուն եւ բոլոր նավթակառույցները: «Հազիվ թե կարելի է հույս դնել, որ ամերիկացիները ադրբեջանական երկրի պաշտպանությանը վերաբերվեն այնպես, ինչպես վերաբերվում են սեփականին», գրում է թերթը:
Հոդվածում, առհասարակ, միանշանակ չի ընդունվում Իրանի դեմ ԱՄՆ-ի հաղթանակի հավանականությունը, որի կրակից ադրբեջանցիներն ուզում են շագանակ հանել: Ինչի՞ հանգեցրեց Իրաքի «դեմոկրատացումը», որ ինչի հանգեցնի հոգեւոր ու ռազմական առումով շատ ավելի հզոր, ինքնավստահ ու ագրեսիվ պետության վրա հարձակվելը: Դա ահեղ պայթյուն կլինի ողջ Մերձավոր Արեւելքի համար, որի շոշափուկներից ամերիկացիները դուրս կպրծնեն միայն բզկտված:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա