«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2007-12-01 | #223, 2007-12-04 | #224, 2007-12-05


ՌՈՒՍ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՄՏԵՐՄԱՆՈՒՄ Է ՄԵՐ ԳՐԱՆԴ ՓՂԻԿԻ ՀԵՏ

Հարսանիքն ու կարմիր խնձորն էլ չեն ուշանա

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1999-ից մեր կենդանաբանական այգում բնակվող Գրանդ փղիկը երկար փնտրտուքներից հետո վերջապես ռուս հարսնացու ունի, որը «Գրանդ հոլդինգ» ընկերության ջանքերով դեկտեմբերի 1-ին բերվել է Հայաստան ու այժմ Գրանդիկի հետ մտերմանալու փորձեր է անում: Ռուսաստանի Դուրովի անվան կրկեսի 22-ամյա Մաշա փղիկը «հայկական կողմի» հարսնացու դառնալուց հետո կվերանվանվի Քենդի: Երեկ «նոր հարսին» Հայաստան բերելու, ռուսական կողմի հետ «խնամիանալու» հետաքրքրական պատմությունը ներկայացրին «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը, կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանն ու Ռուսաստանի Դուրովի կրկեսի գլխավոր անասնաբույժ Վլադիմիր Խրոմովը:

Գրանդիկի «հարսնացուն»` Մաշան, պարզվում է, միակ թեկնածուն չի եղել, եւ հայկական կողմը երեք թեկնածուներից ընտրել է Մաշային, որն, ի դեպ, կույս է: «Լավ ուզեցինք, դրա համար էլ տվեցին», ասաց Հրանտ Վարդանյանը` պատասխանելով ռուսական կողմի հետ «խնամիանալու» վերաբերյալ «Ազգի» հարցին: 22-ամյա փղիկը մեր Գրանդիկից 7 տարի մեծ է, սակայն ֆիզիոլոգիապես շատ լավ վիճակում է: Մեր հետաքրքրությանը, թե տարիքային տարբերությունը խնդիրներ չի՞ առաջացնի, կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանն ասաց, որ Մաշան թեեւ մեծ է ու փորձառու, սակայն նրա անբասիրությանը չի կարելի կասկածել. «Կրկեսում աշխատող փղիկը չի կարող կույս չլինել, նա նույնիսկ արու չի տեսել»:

Իսկ Հրանտ Վարդանյանն էլ «սկեսրոջ» պատվախնդրությամբ անմիջապես հավելեց, թե «հարսը» կույս է, իսկ դրանում հավաստիանալու համար շուտով կստանանք նաեւ կարմիր խնձորը. «Փղիկին ընդունել ենք լրիվ հայկական ավանդույթներով, կարմիր խնձորն էլ շուտով կստանաք»: Ուժի մեջ է նաեւ Հրանտ Վարդանյանի խոստացած «7 օր, 7 գիշերվա հարսանիքը», որը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` մինչ այդ նոր զույգերին հնարավորություն տալով մտերմանալ միմյանց:

Ռուսաստանի վաստակավոր անասնաբույժ Վլադիմիր Խրոմովը նշեց, որ Երեւանի կենդանաբանական այգու պայմանները բավարար են, ինչ վերաբերում է միջավայրին հարմարվելուն, անասնաբույժն ընդգծեց. «Մոսկվայի խստաշունչ ձմեռներին Մաշա փղիկն արդեն սովոր է եւ շատ հեշտությամբ կհարմարվի Երեւանի բնակլիմայական պայմաններին: Դեռ ավելի լավ, այստեղ նա կշնչի լեռնային մաքուր օդն ու կխմի լեռնային մաքուր ջուրը»: Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանն էլ հավելեց, որ այգու այսօրվա պայմանները բավարար են, սակայն շուտով կկառուցվի մեծ փղարան, որտեղ կապրեն ոչ միայն նորապսակները, այլեւ նրանց սերունդը: Դեռ 2-3 ամիս է հարկավոր, որպեսզի փղիկները մտերմանան ու ծանոթանան: Կենդանաբանական այգու տնօրենն ասաց, որ փղերի հղիությունը տեւում է մոտ 22 ամիս, որից հետո կարելի է սպասել նրանց առաջին սերունդին: Հրանտ Վարդանյանն էլ հպարտությամբ ակնկալություն հայտնեց. «Ծնվելու են Գրանդիկներ եւ Քենդիներ»:

Ռուս «հարսի» համար «Գրանդ հոլդինգը» բավական գումար է ծախսել: Մաշայի խնամքի համար ընկերությունը կենդանաբանական այգուն է փոխանցել 150 հազար դոլար, որից 62 հազարը կենդանու գինն է, իսկ 70 հազար դոլարը վճարվել է ինքնաթիռի վարձակալության համար. եւս 150 հազար դոլար տրվել է կազմակերպչական ծախսերի համար: Ինչ վերաբերում է «Գրանդ քենդի» ընկերության խորհրդանիշ եւ փոքրիկների սիրելին դարձած Գրանդիկին, ապա նրա խնամքի համար «Գրանդ քենդի» ընկերությունը յուրաքանչյուր ամիս կենդանաբանական այգուն 200 հազար դրամ է փոխանցում:

Գրանդիկի հարսնացուի որոնումները վաղուց էին սկսվել, երբ նա հասել էր սեռական հասունացման տարիքին: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Հնդկաստանի վարչապետին էր հանձնել հայ մանուկների խնդրանք-նամակները, որոնցում փոքրիկները խնդրում էին աջակցել փղիկի ձեռքբերման հարցում: Ու թեեւ Հնդկաստանի կառավարությունը որոշել էր տալ փղիկին, սակայն տեղի կենդանաբանական այգու ներգերատեսչական պայքարի հետեւանքով փղիկը սատկել էր:

Հետո «Գրանդ հոլդինգը» փղիկի որոնումները շարունակեց Շրի Լանկայում, որտեղ էլ կառավարությունը համաձայնեց տրամադրել փղիկ, սակայն կառավարությանը դատի տվեց Շրի Լանկայի բնապահպանական կազմակերպություններից մեկը. դատական հայցի լսումը նախատեսված է եկող տարվա մարտի 1-ին: Հրանտ Վարդանյանը հայտնեց, որ Շրի Լանկայի փղիկին ձեռք բերելու համար իրենք արդեն ծախսել են 70 հազար դոլար եւ դատական գործի հաջող ավարտից հետո փիղը կբերվի Հայաստան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4