«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2007-12-04 | #224, 2007-12-05 | #225, 2007-12-06


«ՊՐՈԳՐԵՍԻՎ» ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԸՙ ՀՕԳՈՒՏ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ

«Իմեդի» հեռուստաընկերությանն առնչվող իրավիճակը մնում է Վրաստանի նախագահական արտահերթ ընտրությունների հիմնական թեման` ավելի, քան թեկնածուների նախընտրական խոստումների ու ծրագրային դրույթների ներկայացումները: Ամեն դեպքում, «Իմեդի»-ի փակվելուց հետո նաեւ կալանքի տակ դնելու միջնորդություն արած դատախազությունը նույն կերպ այս անգամ դատարան է դիմել կալանքը հանելու միջնորդությամբ:

Վրացական իրականությունում յուրօրինակ դերակատարում ունենալու հնարավորությունները հաշվի առնելով` ուշագրավ է, որ երկրի վարչապետ Լադո Գուրգենիձեի հայտարարությամբ «Իմեդին» կկարողանա եթեր դուրս գալ մեկ շաբաթից, չնայած հեռուստաընկերության պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ եթերը վերականգնելու համար միայն թույլտվությունը բավարար չէ, քանի որ դեռեւս նոյեմբերի 7-ին եթերազրկված հեռուստաընկերությունում վրաց ոստիկանները ջարդուփշուր են արել թանկարժեք տեխնիկա:

Ընդդիմության սկսած շարժումն ի պաշտպանություն «Իմեդիի» ունի նաեւ ենթատեքստ այն բացատրությամբ, որ վրացերեն իմեդի հույս է նշանակում: Ավելին, ընդդիմության համար իշխանական թեւի հետ երկխոսության պայմաններից առաջնայինը մնում է հենց հեռուստաընկերության աշխատանքի վերականգնումը: Սա ոչ միայն տեսական պահանջ է, ժողովրդավարության անհրաժեշտ ատրիբուտ, այլեւ զուտ պրագմատիզմ, քանի որ Վրաստանում խոշոր հեռուստաընկերություններից «Ռուսթավի-2»-ը, «Մզեն» եւ Հանրայինը լիովին «ապահովում են» Միխեիլ Սաակաշվիլու PR-ը` եթերում թեկուզ հավասարակշիռ երեւալու ոչ մի հնարավորություն չտալով ընդդիմությանը:

Միեւնույն ժամանակ, եվրոպական դիտորդական առաքելություններն, իրենց հերթին, սկսում են իրենց աշխատանքը Վրաստանում` ժողովրդավարական արժեքների շեշտադրման հիմնական գնահատականը պատրաստելու համար: Բայց արդեն իսկ կարելի է փաստել, որ շատ հարցերում անհավասարության նշանը տեղին է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու եւ նախագահական ընտրություններին սեփական թեկնածության գրանցումն ապահովելու համար ստորագրահավաք իրականացնող ընտրական մյուս մասնակիցների միջեւ:

Նախ, հասկանալի պատճառներով, նախընտրական գործընթացների հետ ճիշտ ու ճիշտ համընկնում են պետական այնպիսի կարեւորություն ունեցող մի ծրագրի սկիզբն ու ընթացքը, ինչպիսին աշխատանքի տեղավորման նախաձեռնությունն է: Բացի այդ, վրաց կառավարությունն այս օրերին նախապատրաստում է դեղամիջոցների ձեռքբերման վաուչերներ Վրաստանի թոշակառուներին բաժանելու համար: Նույն այս օրերին պետական մակարդակով հայտարարվում է նաեւ աշխատավարձերի բարձրացման մասին` կարծես երկրում նման սոցիալական բարեփոխումներ իրականացնելու համար ամենապատեհ ժամանակահատվածն է:

Ինչեւէ, նախընտրական պայքարն արդեն ուրվագծեր է ստանում: Մասնավորապես գրեթե երկու տասնյակ թեկնածուներից արդեն իսկ կան հրաժարվողներ: Ընդ որում, եթե թեկնածուներից մեկը խոսում է ապագա հնարավոր ընտրակեղծիքներից ու դրանց առնչությամբ իր ունեցած «փաստաթղթերից», ապա, մասնավորապես, Կանաչների առաջնորդն իր թեկնածությունը հանում է հօգուտ ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի:

Ամենայն հավանականությամբ, Գաչեչիլաձեի օգտին թեկնածություններից հրաժարվելու գործընթացը չի ավարտվի առաջին օրինակով: Հատկապես եթե հաշվի առնենք, որ վրաց ընդդիմության համար ներկա դրությամբ առավել կարեւոր է ապահովել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցումը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4