Նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները ընտրություններից առաջ կանցնեն միանգամայն նոր փորձությունՙ պարտավորված կլինեն պատասխանել Երեւանի, Գորիսի, Վանաձորի ու Գյումրու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հարցերին:
Մինչ այդ մրցույթների միջոցով կընտրվեն լավագույն հարցերը. Երեւանում ու Գորիսում դրանք անցկացվեցին երեկ, այսօր կանցկացվեն Վանաձորում, շաբաթ օրըՙ Գյումրիում:
Այս մտահղացումն իրականացնում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ու «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպությունըՙ կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի քաջալերմամբ: «Կոնգրես» հյուրանոցում հավաքված մոտ 230 դպրոցականները երեկ մասնակցեցին «Իմ հարցը ապագա նախագահին» մրցույթի առաջին փուլին: Նրանց հատկացվեց մոտ 40 րոպե, որի ընթացքում բաժանված հարցաթերթիկների վրա յուրաքանչյուրը ձեւակերպեց միայն մեկ հարցՙ ավելացնելով կամ բաց թողնելով հարցի հիմնավորումը:
Երեք քայլ սկզբունքով (1-4-7) մրցույթին հրավիրված 67 դպրոցներից մասնակցելու ցանկություն էր հայտնել միայն 31-ը: Որոշ դպրոցների տնօրեններ ինչ-ինչ պատճառներով ուղղակի մերժել էին կազմակերպիչների հրավերը:
«Հարց տալու արվեստը շատ զարգացած է Մեծ Բրիտանիայում, եւ դա ընդօրինակելի է հատկապես ժողովրդավարության ձգտող երկրների համար: Այս մրցույթը հրաշալի առիթ է զարգացնելու ձեր քաղաքական մտածողությունը», մրցույթից առաջ դպրոցականներին դիմելով ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական ծրագրերի ղեկավար Նաիրա Սուլթանյանը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը նշեց, որ մեր հասարակական-քաղաքական կյանքին նոր ռիթմ հաղորդելու համար չափազանց կարեւոր է նոր սերնդի մասնակցությունը: Իրենց ազատ ու անվախ մտածողությամբ հենց նրանք են ընդունակ քաղաքական գործիչներին դարձնելու պատասխանատու եւ հաշվետու իրենց խոստումների համար:
Հունվարին կանցկացվի մրցույթի երկրորդ փուլը, որի ժամանակ լավագույն հարցերի հեղինակները կհրավիրվեն մասնակցելու նախագահական թեկնածուների հետ անցկացվելիք հեռուստատեսային թոք-շոուինՙ նրանց ուղղելու իրենց հուզող հարցերըՙ անկեղծ եւ իրատեսական պատասխանի ակնկալիքով:
Նրանցից մի քանիսի հետ անմիջական զրույցի բռնվելով, երեկ փորձեցի պարզել, թե ի՞նչ հարցեր են պատրաստել, ի՞նչն է իրենց հատկապես մտահոգում: Աղջիկներից մեկը նախագահի խորհրդանշական թեկնածուին հարցնում էր, թե ինչո՞ւ մեզանում գոյություն չունի կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարություն, մյուսը ցանկանում էր տեղեկանալ երիտասարդ ընտանիքներին հատկացվելիք վարկերի մասին, երրորդը փնտրում էր Երեւանի կենտրոնի եւ մյուս համայնքների դպրոցների հանդեպ անհավասար ուշադրության պատճառները, մեկ ուրիշը հետաքրքրված էր բուհում անվճար սովորելու պայմաններով եւ այլն: Աշակերտներից ոմանք մրցույթի էին եկել արդեն պատրաստի հարցերովՙ մեկի փոխարեն բերել էին երեքն ու մոլորվել էին, թե դրանցից ո՞րն ընտրեն հաղթելու համար:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ