Ազգային ժողովում նախագահ Տիգրան Թորոսյանը քառօրյայի երեկվա նիստին երկու արտահերթ ելույթ ունեցավ, բայց արտակարգ չէր վիճակը խորհրդարանում, պարզապես ասելիք կար, քննարկվող նյութը կարեւորելու անհրաժեշտություն: Իսկ նյութը Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման օրենքի նախագիծն էր եւ մարդու իրավունքների պաշտպանության ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Առաջինը դեռ նախօրեին քննարկվել էր ու երեկ խմբակցությունները ներկայացրին իրենց, այսպես ասած, վերաբերմունքը օրինագծի առնչությամբ, իսկ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ այն պատմական է, բարդ, անհրաժեշտ, եւ մյուս օրենքներում պարտադրած փոփոխությունների քանակից էլ ենթադրելովՙ պատկառելի: Թե այդ «պատկառելի» օրինագիծն ինչին է ուղղված, «Ազգ»-ը ներկայացրել է դեկտեմբերի 5-ի համարում:
Կարեւորվող մյուս նյութը խախտեց խորհրդարանականների մշտական դարձած անտարբերությունը քննարկումների հանդեպ: Առաջադրվեցին մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուներըՙ Մխիթար Մնացականյան (ԲՀԿ) եւ Լարիսա Ալավերդյան («Ժառանգություն») եւ քննարկումը պրոֆեսիոնալից անցավ սեռային տարբերակման դաշտ: Միահամուռ քննարկեցին համաձայն սեռային տարբերակման ով լավագույնս կպաշտոնավարի: Ընդհանուր եզրահանգման չեկան, բարեբախտաբար, քվեարկությունը թողնելով այսօրվան: Սակայն մինչ այդ թեկնածուների արժանիքների թվարկման ընթացքում երկուսի կողմնակիցներն էլ ոգեւորության մեջ չնկատեցին անգամ, որ նյութին չառնչվող հայտարարություններ թույլ տվեցին: «Շատ դժվար է առաջինը լինել, շատ դժվար է կին լինել», որքան էլ զարմանալի է, ԱԺ ամբիոնից հայտարարեց Ստեփան Սաֆարյանը, սակայն վստահաբար նկատի ունենալով Լարիսա Ալավերդյանի ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան եւ իգական սեռի կրող լինելու փաստերը, որոնցից որեւէ մեկը, ի դեպ, ժխտելի չէ:
Վարդան Փոստանջյանն սկսեց 1966-ին եւ ընդհանրապես 60-ականներին մարդկային ու հասարակական հարաբերություններում գնահատված, ընդունված արժեքներիցՙ հիշելով Մխիթար Մնացականյանի հետ ինչ-որ չափով համատեղած երիտասարդությունը, այնուհետեւ անցավ արական սեռի կրողի ռեւերանսների. «Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրում շատ բարդ գործ է ու ծանր բեռ: Ամոթ էն տղամարդուն, որ էս դժվար գործը հանկարծ կպատկերացնի կանացի ուսերին»: Դե, քանի որ «Ժառանգության» ԱԺ խմբակցությունը ողջ կազմով հանդես եկավ ի պաշտպանություն Լարիսա Ալավերդյանի թեկնածության, համապատասխանաբար թեման շարունակեց Արմեն Մարտիրոսյանը պնդելով. «Տղամարդիկ կանանցից առավել են միայն ֆիզիկական ուժով, ֆիզիոլոգիապես եւ մնացած հարցերում կանայք տղամարդկանցից ավելի հզոր են»: Սեռերի պայքարի ավարտը ի վերջո փորձեց արտահերթ ելույթով ապահովել ինքըՙ ԱԺ նախագահը, շեշտելով թեկնածուների պրոֆեսիոնալ արժանիքները, սակայն մինչեւ վերջ չկարողացավ զերծ մնալ գայթակղությունից. «Սեռական պատկանելությունը կապ չունի արժանիքների հետ, ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք իրենց արժանիքներն ունեն, ի դեպ, փոխլրացնող: Մեր երկիրն իրոք գնում է ժողովրդավարացման ուղիով, բայց ոչ այս ամբիոնից սեռերի խնդիրները քննարկելու չափ: Բայց ես վախենում եմ Լարիսա Ալավերդյանի համար եւ քվեարկելու եմ Մխիթար Մնացականյանի օգտին»: Սա էլ խնդրի քննարկման ավարտն էր, որից առաջ երկու թեկնածուներն էլ հասցրել էին փաստել, որ ընտրվելու դեպքում պատվով կկատարեն իրենց գործը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ