«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2007-12-04 | #224, 2007-12-05 | #225, 2007-12-06


«ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲՅՈՒՋԵ»

Բացատրություններ վարչապետից

«2008-ի բյուջեն Ազգային ժողովում անվանել եմ հավակնոտ»: Այս էր երեկ խորհրդարանում վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված: «Ինչպես կարելի է անվանել եկող տարվա բյուջեն» հարցի պատասխանը: Վարչապետը նաեւ հավաստեց, որ սոցիալական, պաշտպանունակության ամրապնդման, պետական կառավարման արդյունավետության բարձրացման բյուջե համարողներ էլ կան: Սակայն, ըստ վարչապետի, քրտնաջան աշխատելու բյուջե է. «Որպեսզի կարողանանք կատարել 2008 թվականի բյուջեն, մենք առնվազն պետք է ունենանք 10 միլիարդից ավելի համախառն ներքին արդյունք: Մենք ընդամենը երկու տարի առաջ ունեինք գրեթե 5 միլիարդի չափ: Եվ եթե երկու տարի առաջ մեր մեկ շնչին հասնող արդյունքով մենք ունեինք ընդամենը 1500 դոլար, հաջորդ տարվա վերջին ունենալու ենք երեք ու կես հազար դոլար: Չեմ ասում, որ սրանք մեծ թվեր են, այնուհանդերձ աճն ակնհայտ է, տեսանելի է եւ պետք է աշխատենք: Ես ասում եմ, դա քրտնաջան աշխատելու բյուջե է, ինչպես ուզում եքՙ հասկացեք»:

Դրամ-դոլար փոխարժեքը մտահոգում է վարչապետին

Դրամ-դոլար փոխարժեքի տատանումները մտահոգում են նաեւ վարչապետին. «Մեր տնտեսությունը բաց է ու փոքր, ուստի խոցելի է: Իսկ փոթորիկը օվկիանոսում առաջին հերթին վտանգավոր է փոքր նավակների համար: Նույնը եւ մեր պարագայում: Համաշխարհային շուկաներում տեղի ունեցող այս մրրիկը շատ վտանգավոր է մեզ համար: Սա մի հանգամանք: Երկրորդ հանգամանքն այն է, որ այս բոլոր խնդիրներին գումարվում է մի առանձնահատկություն: Մեր քաղաքացիները, մեծ, ահռելի մեծ գումարներ են ստանում իրենց բարեկամներից, որ բնակվում են առաջին հերթին Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում: Այդ օգնությունները ստանում են դոլարով: Մի կողմից, այս մարդկանց վիճակն է վատթարանում, որովհետեւ գները չեն իջնում, իսկ ենթադրենք պայմանական հարյուր դոլարն ավելի քիչ դրամ է դառնում, եւ երկրորդ` լրացուցիչ հանգամանք են դառնում դրամի արժեւորման, որովհետեւ մեծ դոլարային զանգված է գալիս», երեկ ի պատասխան հարցի ասաց Սերժ Սարգսյանը հավաստիացնելով, որ կառավարությունը մտահոգվել ու միջոցառումներ է ձեռնարկել, սակայն արդյունքներին հարկավոր կլինի սպասել: Այնուամենայնիվ կա առավել մտահոգիչ փաստ. «Մի օրում 20 դրամի տատանում եղավ: Խնդրով զբաղվում ենք, եւ սա է, որ կախված չէ համաշխարհային շուկաներում տեղի ունեցող պրոցեսներից: Պետք է տեսնենք, թե որն է եղել հիմնական պատճառը: Արդյոք կատարվե՞լ է ինչ-որ քայլ, որպեսզի վնասի մեր տնտեսությանը: Արդյոք զուտ սպեկուլյացիա՞ է եղել փող աշխատելու համար, թե ուրիշ ինչ-որ այլ պրոցեսներ: Ենթադրենքՙ այլ երկրների միջամտություն եւ այլն», տեղեկացրեց վարչապետը:

Համայն ... նախագահ

Ի պատասխան մյուս հարցերի Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դժվարանում է չարությունը գնահատել, սակայն վստահ է, որ իր «համայն եզդիների նախագահ» լինելու մասին համայնքի հայտարարության առնչությամբ իրեն խայթելու փորձերը անհաջող են. «Իրոք հպարտ եմ, որ եզդիները հայտարարում են, որ ես իրենց թեկնածուն եմ: Շատ ուրախ կլինեի, շատ-շատ ուրախ կլինեի, որ նման հայտարարությամբ հանդես գային հրեաները, ռուսները, ասորիները, քրդերը, որ Հայաստանում են ապրում: Անշուշտ, փոքրամասնությունների մասին է խոսքը, դրա համար ես հայերի մասին չեմ խոսում, որովհետեւ Հայաստանի նախագահը պետք է լինի բոլորի նախագահը: Որովհետեւ անհնար է կառուցել լավ Հայաստան միայն հայերի համար: Ուղղակի զարմանում եմ մարդկանց կարճամտության վրա: Այնուհանդերձ առաջարկում եմ ձեզ հումորով ընդունել»:

Շարունակելու ենք չլինել անվտանգության սպառող

Իրաքում հայկական զորական ներկայության շարունակումը, վարչապետի կարծիքով, մնում է ճիշտ, քանի որ որպես փոքր երկիր միջազգային անվտանգության ապահովման գործին այդ կերպն ունենք: ՀՀ վարչապետի այցելությունները ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, իր իսկ մեկնաբանությամբ աշխատանքային են. «Եթե չասեմ ամեն օր, գոնե շաբաթը մի քանի անգամ այցելում եմ, բայց դրա մասին տեղեկատվություն մշտապես տալիս ենք: Այսինքն, հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, ուզում եք ասել, թե ինչու են ուրիշները մեծ ոգեւորությամբ խոսում այդպիսի հանդիպումների մասին: Դա իրենց խնդիրն է, իրենց պրոբլեմն է: Նորմալ է ամեն ինչ, զուտ աշխատանքային հանդիպում է: Երեկ հանդիպել եմ Մ. Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարի, այսօր առավոտյան Ֆրանսիայի դեսպանի հետ, գնացել եմ այնտեղ ճաշի, վաղը չէ մյուս օրը կհանդիպեմ Բուլղարիայի դեսպանին»:

Րաֆֆի Հովհաննիսյանին չգրանցելը պարտադրված քայլ

Րաֆֆի Հովհաննիսյանին չգրանցելը, Սերժ Սարգսյանի գնահատականով, պարտադրված քայլ է: «Իրոք ցավում եմ, որ օրենսդրական արգելք կա Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրություններում մասնակցելու հետ կապված: Ինքը կարող էր դրական դերակատարություն ունենալ: Բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ օրենքով սահմանված ժամկետները պաշտպանված չեն, անցնում են ընտրությունները, եւ մեկ ուրիշը, ով, ենթադրենք, 4-5 տոկոս է հավաքել, բողոքարկում է Սահմանադրական դատարան, մեզ մեղադրելով անօրինական թեկնածուին գրանցելու մեջ եւ պահանջում ընտրությունները անվավեր ճանաչել: Հո չենք կարող ամեն անգամ ընտրական պրոցեսներ մտնել: Սա է, բայց կարծում եմ, որ նրա մասնակցությունը մի քանի տեսանկյունից լավ կլիներ, ինչ-որ տեղ վստահ եմ, որ հանդարտություն կլիներ ընտրական պրոցեսում, եւ մարդիկ, ովքեր հույս ունեն 3-րդ, 4-րդ տեղը վերցնելու, կարող է մի աստիճանով հետ գնային», կարծիք հայտնեց վարչապետը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4