Հայաստանի Ֆրանսիական համալսարանը իր ստեղծման օրվանից ստանում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աջակցությունը: Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատը եւ Ժան-Մուլեն Լիոնի 3 համալսարանը աջակցություն են ցուցաբերում տարբեր ծրագրերի շրջանակներում: Բացի այդ, ամեն տարի Լիոնի 3 համալսարանների ավելի քան 50 դասախոսներ դասախոսություն են կարդում համալսարանում:
Ֆրանսիական համալսարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջեւ կնքվեց համաձայնագիր: Համաձայնագրի կնքմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀԲԸՄ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, ձեռնարկությունների տնօրեններ եւ այլ պաշտոնատար անձինք:
Այս համաձայնագրով ՀԲԸՄ-ն Ֆրանսիական համալսարանին անհատույց նվիրաբերեց քսան հազար եվրո` բակալավրի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի 23 գերազանց ուսանողների ուսման տարեկան վարձերի ամբողջությամբ ֆինանսավորման համար:
«Նախ եւ առաջ սա ոգեւորություն է մտցնելու ուսանողության շրջանակներում ուսումն ավելի բարելավելու, կրթության մեջ նոր որակ մտցնելու հարցում: Բացի դրանից, Հայաստանի Ֆրանսիական համալսարանը խորհրդանշում է երկու երկրների համագործակցությունը եւ գործում է Հայաստանի կառավարության աջակցության շնորհիվ: Ֆրանսիական համալսարանի նպատակն է պետությանը տալ մասնագետներ, որոնք հայկական համապատասխան խավի ներկայացուցիչներն են դառնալու: Կարծում եմ, այս գործը երկկողմ աշխատանք է, ու մեր նվիրվածությունը կպահպանվի նաեւ հետագայում», ասաց դեսպան Սերժ Սմեսովը:
Ի դեպ, արդեն երեք տարի է, որ ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է համալսարանի լավագույն ուսանողների պրակտիկան Փարիզում: Եթե պրակտիկան անցնում է Հայաստանից դուրս, հատուկ միջոցների օգնությամբ ապահովվում է կապը ուսանողի եւ համալսարանական ղեկավարի միջեւ:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հիմնադրվել է 1906-ին Եգիպտոսի Կահիրե քաղաքում, մեծ բարերար Պողոս Նուբար փաշայի կողմից հայ մի շարք հայտնի գործիչների օգնությամբ:
«Տարեց տարի աջակցությունն ավելի կմեծանա եւ համագործակցության շնորհիվ ուսանողներին ֆինանսավորելը կդառնա շարունակականՙ Ֆրանսիայում պրակտիկա ձեռք բերելու համար: ՀԲԸՄ-ի նպատակն է եղել համախմբել բոլոր հայերին, նպաստել նրանց մշակութային, տնտեսական եւ մտավոր զարգացմանը», ասաց Աշոտ Ղազարյանը:
Կրթությունը ՀԲԸՄ-ի կարեւոր առանցքներից մեկն է: Միությունը այս ոլորտին տարեկան նվիրաբերում է շուրջ 12,5 միլիոն եվրո:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ